HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկահայ գործարարի սպանության մեջ մեղադրվողը ձերբակալվել է

Այսօր ձերբակալվել է ամերիկահայ գործարար Նազարեթ Հագոփ-Բերբերյանի սպանության մեջ մեղադրվող երրորդ անձը` 1982թ. ծնված Գեւորգ Բադալյանը: Նախկինում գողության համար դատապարտված Բադալյանին ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերել են Հարավ Արեւմտյան թաղամասում:

Գեւորգ Բադալյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռեւս 2009թ.-ին, եւ նրա մասով քրեական գործից անջատվել էր առանձին վարույթ: Իսկ Բադալյանի երկու հանցակիցներին` Պետրոս Թեմիրյանին և Կարեն Դալլաքյանին, Կենտրոնի դատարանն անցյալ տարվա ապրիլին դատապարտեց ցմահ ազատազրկման: Պետրոս Թեմիրյանն ամերիկահայ գործարարի ընկերն էր: Նա ձերբակալվել էր սպանությունից օրեր անց և հենց նա էլ իրավապահներին հայտնել էր դիակի տեղը: Կարեն Դալլաքյանը հայտնաբերվել էր ամիսներ անց` Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Ինչպես նա, այնպես էլ Գեւորգ Բադալյանը բարերար Բերբերյանի հետ ուղիղ կապ չեն ունեցել և եղել են Պետրոս Թեմիրյանի ընկերները:

Հիշեցնենք, որ «Լիլ-Նար» ՓԲԸ-ի տնօրեն, 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ Բերբերյանը 2009 թ. ապրիլի 25-ի երեկոյան դուրս էր եկել իր բնակարանից (ք. Երեւան, Ամիրյան 5 շենք, բնակարան 3) և այլևս չէր վերադարձել: Նրա «Տոյոտա» մակնիշի ջիպ ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում: Ավելի ուշ, մոտ 20 օր անց, Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, իրավապահները հայտնաբերել էին գործարարի դին: Սպանությունը կատարվել էր խեղդամահ անելու եւ «Կետամին» դեղամիջոց ներարկելու միջոցով: Այնուհետեւ հանցագործները հենց Բերբերյանի ջիպ ավտոմեքենայով դիակը տեղափոխել էին Երեւան-Սեւան ճամփեզրի ձորակ, իսկ մեքենան, ըստ նախաքննական մարմնի, Գ. Բադալյանը տարել էր օդանավակայան` տպավորություն ստեղծելով, իբր Բերբերյանը մեկնել է արտերկիր: Ավտոմեքենան եղել էր լիովին սարքին, չթալանված, նույնիսկ գործի է դրված եղել անվտանգության ձայնաազդանշային համակարգը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Պետրոս Թեմիրյանին և Կարեն Դալլաքյանին մեղավոր է ճանաչել նրանում, որ վերջիններս, իբրև կազմակերպված խումբ, Բերբերյանին սպանել են շահադիտական դրդումներով` ավազակությամբ նրա առանձնապես խոշոր չափերով ունեցվածքը հափշտակելու նպատակով: Նույն մեղադրանքն է առաջադրվել նաեւ Գեւորգ Բադալյանին: Նազարեթ Բերբերյանն ընտանիքով Երեւանից Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 1970-ականների սկզբին: Նրա ընտանիքը` կինը, զավակները եւ քույրը, ապրում են ԱՄՆ-ում: Լոս Անջելեսում Ն. Բերբերյանն ունի խանութների ցանց: 1990-ականների կեսերին նա տեղափոխվել էր Երեւան, ձեռք բերել Արարատի մարզի Դալար գյուղում գտնվող գորգագործական ֆաբրիկան: Նա բարեգործություններ էր անում ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, իսկ վերջին շրջանում որոշել էր Հայաստանում իրականացնել մի մեծ բիզնես պրոեկտ: Նազարեթ Բարբերյանը Երեւանի կենտրոնում` Հանրապետության հրապարակից մոտ 200 մետր վերեւ` Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում կառուցվող հյուրանոցի սեփականատերն էր:  Այն կառուցելով` նա ծրագրել էր ձեւավորել «զբոսաշրջության շրջան». շենքի 1-ին եւ 2-րդ հարկերում պետք է տեղակայվեին հուշանվերների խանութներ: Բացի այդ` հյուրանոցում ապաստանած զբոսաշրջիկներին պետք է հնարավորություն տրվեր այցելել Դալարի գորգագործության ֆաբրիկա, ծանոթանալ գորգերի ձեռագործ արտադրությանը, իսկ ցանկության դեպքում գնել ոչ միայն դուր եկած սովորական գորգը, այլեւ շատ մատչելի եւ փոքրիկ «հուշանվեր-գորգեր»: Կյանքի շրջանում Բերբերյանը Հայաստանի տարբեր բնակավայրերում փնտրել է հնաոճ իրեր` հյուրանոցը եւ գորգի ֆաբրիկան ուրույն ձեւով կահավորելու եւ ձեւավորելու համար:

«Հետքի» տեղեկություններով` միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Բերբերյանի մոտ սկսվել են որոշակի դժվարություններ: Նա բանակցություններ է վարել միջազգային հյուրանոցային ցանց ունեցող երկու ընկերությունների հետ` ակնկալելով ներդրումներ նրանց կողմից: Թե ի՞նչ ընթացք են ունեցել բանակցությունները, դժվար է ասել, քանի որ Նազարեթը բնավորությամբ «փակ» էր և իր ծրագրերի մասին շատ քիչ էր խոսում: Այսօր անհայտ է նաև հյուրանոցի ճակատագիրը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter