ՍԴՀԿ-ի զգուշացումը իշխանություններին. գյուղը, որ կանգնի, գերան կկոտրի
Հայրենակիցներ, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին տնտեսությունը աննախադեպ անկում ապրեց:
Այսօր հողի աշխատավորին պետությունը հանձնել է բախտի քմահաճույքին: Բանկերը գյուղացու համար հիմնականում անհասու են, եթե նույնիսկ վարկ ստացողներ են լինում, ապա բարձր տոկոսադրույքների պատճառով եւ այն մարելու համար` գյուղացին ստիպված է լինում հողը վաճառքի հանել:
Հողային օրենսգրքի վերջին փոփոխության արդյունքում (այժմ գյուղատնտեսական նշանակության վարելահողի սեփականատեր կարող է լինել ոչ միայն տվյալ համայնքի անդամը, այլ նաև դրսից եկածը) մոտ 80 հազար հեկտար պահուստային ֆոնդը` նախատեսված նորաստեղծ ընտանիքների համար, գրեթե ամբողջությամբ վաճառվեց օլիգարխներին եւ քաղաքից եկած չինովնիկներին: Պետական պատկան մարմիններն այսպիսով գյուղացուն պարտադրում են կաշառքի միջոցով օրենքով չնախատեսված հողակտորների վրա տան շինարարություն իրականացնել:
Իշխանություններն իրենց հանցավոր նպատակն իրականացնելու համար փոխեցին Հողային օրենսգիրը, որպեսզի գյուղերի զարգացման համար նախատեսնված պահուստային հողերի սեփականատեր դառնան:
Արդեն իսկ կատարված փաստ է, որ գյուղերի զարգացման, ծավալման համար այլեւս հողեր չեն մնացել:
Անօրինականություններն ու կաշառակերությունը, թանկ վառելիքը, գյուղատնտեսական տեխնիկայի, սերմնացուների եւ որակյալ թունաքիմիկատների բացակայությունն անհնար են դարձնում հողի մշակումը: Օլիգարխների կողմից վերահսկվող շուկաներում, վերավաճառողներն ուղղակի թալանում են գյուղացուն:
Նպատակային անկատար, հանցավոր օրենսդրությունը, միջոցների բացակայությունը բերում են նրան, որ գյուղացին, վաճառելով իր հողը հերթական օլիգարխին, լքում է հայրենիքը:
Այս է պատճառներից մեկը, որ Գելափի ինստիտուտի տվյալներով` վերջին երեք տարում Հայաստանը լքել է մոտ 120 հազար մարդ: Իրականում այս թիվը շատ ավելի բարձր է:
Իշխանությունների կողմից վարվող հանցավոր ներքին (արտաքինի մասին խոսելն անիմաստ է եւ ոչ պատվաբեր) քաղաքականության արդյունքում Հայաստանի հարյուրավոր գյուղեր, այդ թվում` սահմանամերձ, քայքայվել են, կամ գտնվում են դրա եզրին:
Պարոնայք ոչ լիգիտիմ իշխանավորներ, սթափվեք, շուտով գարուն է, դեմքով անհապաղ շրջվեք դեպի հողի աշխատավորը և նրա հոգսերը, խնդիրը համազգային է և սպառնում է վերածվել գյուղացիական համընդհանուր անհնազանդության: Հույսներդ չդնեք մայրաքաղաք մուտք գործող ճանապարհների փակման վրա: Գյուղը, որ կանգնի գերան կկոտրի:
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել