Հետախուզվողի անունը նպատակահարմար չեն համարում հրապարակել
Վանաձորի կիսակառույց մաքրման կայանի թալանման պատմությանը «Հետքն» արդեն անդրադարձել է: Գլխավոր դատախազության Հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը, պատասխանելով «Հետքի» հարցմանը, տեղեկացրել է, որ Վանաձոր քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանում առանձնապես խոշոր չափերի հասնող գողությունների փաստերի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է:
Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է 2007թ-ին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով:
«Քրեական գործի վարույթը կասեցված է` մեղադրյալի անձի գտնվելու վայրի անհայտ լինելու հիմքով: Նախաքննական մարմնի կողմից հայտարարված է հետախուզում, հանձնարարական է տրված օպերատիվ-որոնողական աշխատանքներ կատարել` մեղադրյալին հայտնաբերելու, գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ»,- հայտնում է Շահեն Տոնոյանը:
Մեր հարցին, թե ինչու չի հրապարակվում հետախուզվողի անունը, Շահեն Տոնոյանը պատասխանել է, որ քննությունն իրականացնող մարմինը նպատակահարմար չի համարում այս պահին հայտնել հետախուզվողի անունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել