Բողոքի ակցիաներ Նոյեմբերյանում, Բագրատաշենում, Կառավարության առջեւ
Այսօր առավոտյան «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Արմեն Մարտիրոսյանը Տավուշի մարզի մի շարք գյուղերից հավաքված վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդների հետ միասին շարժվեցին դեպի Նոյեմբերյան:
Այստեղ նրանց միացան տեղացի վարորդները եւ անցկացվեց կարճատեւ հանրահավաք, որի ընթացքում ներկայացվեց Շիրակի եւ Լոռու մարզի վարորդների պահանջագիրը, որին միացան նաև տավուշցի վարորդները:
Ապա բողոքի ակցիայի մասնակից շուրջ 50 մեքենաների շարասյունը ուղեւորվեց դեպի Բագրատաշեն: Հընթացս նրանց միացան նաեւ Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի վրայի մի քանի գյուղերի վարորդներ եւ ի վերջո շուրջ 80 մեքենա հասավ Բագրատաշեն:
Բագրատաշենում տեղի ունեցավ եւս մեկ հանրահավաք, որից հետո պատգամավորները վարորդների անունից հանդիպեցին Բագրատաշենի մաքսակետի պետ Կարեն Գրիգորյանի, ինչպես նաեւ Գուգարքի մաքային վարչության պետ Հովհաննես Աբովյանի հետ, ում փոխանցեցին վարորդների` 4 կետից բաղկացած պահանջագիրը:
Հ.Աբովյանը տեղեկացրեց, որ օրերս փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ավտոմեքենաների ներմուծման մաքսադրույքի հնարավոր նվազեցման խնդիրը, ինչպես նաեւ նոր օրենքի կիրառումից տուժած վարորդներին անտոկոս վարկեր տրամադրելու առաջարկներ: Այս հարցերը գործադիրի օրակարգում են եւ Կառավարության վաղվա նիստում քննարկվելու են:
Պատգամավորները տեղեկացրեցին հանրահավաքի մասնակիցներին, որ վաղը` փետրվարի 17-ին, Կառավարության շենքի առջեւ տեղի կունենա Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի վրացական համարանիշերով (չմաքսազերծված) ավտոմեքենաների վարորդների բողոքի ակցիա, որին սատարում է «Ժառանգություն» կուսակցությունը եւ կոչ արեցին բոլոր վարորդներին ակտիվորեն մասնակցել այդ միջոցառմանը:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել