
Այսօր ՆՓԱԿ-ում նույն ժամին բացվել է երկու ցուցահանդես` Եղիազար Մովսիսյանի «Փոխակերպումներ» խորագրով ցուցահանդեսը և Դավիթ Դավթյանի ու Սյուզաննա Թարվերդյանի գեղանկարչական աշատանքների համատեղ ցուցահանդեսը:
«Ցուցահանդեսը երկու մասի է բաժանված, իմ ու կնոջս գործերն են, փորձեցինք միասին ցուցադրվել: Իմ աշխատանքները հիմնականում պորտրետներ են, ինչ որ կոնկրետ կոնցեպտ չկա: Ուղղակի ցուցադրում եմ այն, ինչը մի քանի տարիների ընթացքում արել եմ, ինքս իմ մեջ պահանջ առաջացավ ցուցադրելու, որովհետև երբ որ դուրս ես հանում արվեստանոցից, տեսնում ես արդեն` ինչ ես արել, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել: Ուղղակի առաջին անգամ անհատական ցուցահանդես անելը մի քիչ պատասխանատու կլիներ, դրա համար որոշեցինք երկուսով անել: Ես շատ մեծ կարևորություն չեմ տալիս ցուցադրությանը, ցուցահանդեսի բացելուն: Կարևորը բուն պրոցեսն է, ցուցադրությունը չպետք է ինքնանպատակ լինի»,- ասում է Դավիթ Դավթյանը:
Եղիազար Մովսիսյանի ցուցահանդեսը կրում է «Փոխակերպում. երկաթացում. հուշարձանների գոյացում» անունը: «Մի երկու-երեք տարի է այս թեմայի վրա աշխատում եմ, դեռ խմորման փուլում է և դեռ չեմ վերջացել, էլի շարունակում եմ աշխատել: Ինձ հետաքրքրում է այդ փոխակերպումները մեզ ինչքանով է փոխել թեման, թե մեր սերունդներին ինչքանով է փոխել»,- ասում է Եղիազար Մովսիսյանը:
«Ծրագիրը, որ տրվել էր հասարակությանը որպես դրոշ, ինքնին լինելով սարքու ու արհեստականորեն կցված ազգի կուլտուրային, քիչ ընդհանուր եզրեր ուներ մշակույթի հետ, ինչը վերում է նրան, որ ամենուր թափոններ են, նույնիսկ հասարակության մտածողության մեջ, մշակույթ, որը չի հասցրել յուրացնել այն: Այն ամենը, ինչը սնում, պահում ու շարժում էր Սիստեմը, վերացել է, պահպանելով իր բնույթը, նշանակությունն ու անունը առարկաների մեջ` մարգինալ դրսևորումներ ստեղծելով թե նյութական, թե զգայական տարածքում»,- ցուցահանդեսի կոնցեպտը այսպես է ներկայացնում արվեստագետը:
«Ինքը ըստ էության նոր իրավիճակ է ստեղծում, նա ցանկացած փաստ, երևույթ, իրավիճակ բերում է արվեստի լեզվի և վերածում է մշակութային ֆենոմենի: Երբ որ վագոնը ձևակերպում ենք որպես ֆորմա, և հետո դրա մասին խոսում ենք մշակութային լեզվով, ինքը դառնում է մշակութային ֆենոմեն: Նա ստեղծում է զուգահեռականություններ: Ես ինձ այս տարածքում լավ եմ զգում, սա արվեստի տարածք է»,- ասում է ցուցահանդեսի այցելու Հրաչ Գալստյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել