HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյան. «Իրենց հայացքն ուղղել են սակավաթիվ այս ընդդիմադիր աթոռների վրա»

Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասել է. «Ազգային ժողովի օրակարգը` թե մեծը, թե քառօրյան, պետք է արտացոլի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի արտաքին և ներքին պահանջներն ու օրինավոր ակնկալիքները: Ցավոք սրտի, դա այդպես չէ, և այսօր խոսքը միմիայն Հայաստան-Թուրքիա ահավոր հակապետական արձանագրությունների առկայության մասին չէ` մեծ օրակագում, կամ որևէ այլ օրինագծի մասին: Վերջերս գործող նախագահը կուսակցապետ իր գործընկերների հետ կնքեց հակասահմանադրական, հակաիրավական մի հուշագիր, որի իմաստը ոչ միայն ժամանակից շուտ` ի խախտումն համապատասխան բոլոր օրենքների, սեփական թեկնածության առաջադրումն էր, այլև պատգամը հասարակությանը, որ L'Etat c'est moi ` «Պետությունը ես եմ», և իմ դեմ խաղ չկա: Այդ արտաքին քաղաքականությունը, որ տևապես զիջում է մեր պետական ինքնիշխանությունը  և ագային շահը, շարունակվելու է առաջիկա 7 տարին: Այդ ներքին քաղաքականությունը, որը խորացնում է անհավասարությունը, անօրինականությունը, անարդարությունն ու արտագաղթը, տևելու է նվազագույնը 7 տարի: Մեր պետականության վաղվա կրողներ այս երիտասարդների առաջ մենք թաքցնելու բան չունենք: Խորհրդարանի առարկայական պատկերն արտացոլանք է հերթաբար խեղված և կեղծված ընտրությունների, բայց անգամ մեծամասնության և ընդդիմության այս համամասնությունը չի բավականացնում կուսակցապետերի ախորժակը, և իրենց հայացքն ուղղել են սակավաթիվ այս ընդդիմադիր աթոռների վրա: Հարկ չկա կեղծել հերթական ընտրությունը: Ինչպես սուրբ պատարագն է ասում սիրով, ճշմարտությամբ և ոչ երբեք հեգնանքով. «Առե´ք, կերե´ք… Սա է ժառանգությունը ձեր»: Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունից հետո «Ժառանգություն» խմբակցությունը դուրս եկավ խորհրդարանի դահլիճից: Այնուհետև հրավիրված վարչության և խմբակցության համատեղ նիստում, արձագանքելով Րաֆֆի Հովհաննիսյանի առաջ քաշած, օրվա հրամայական հանդիսացող գնահատականներին և հաշվի առնելով պահի կարևորությունը, որոշվեց ս.թ. մարտի 6-ին հրավիրել «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստ, որի քննարկմանը կներկայացվեն կուսակցության և նրա խորհրդարանական խմբակցության հետագա ռազմավարության և մարտավարության առաջարկվող տարբերակները, և կկայացվի համապատասխան որոշում: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն 28 փետրվարի 2011թ., ք.Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter