HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է նոր օմբուդսմենը

Իրավաբանական գիտությունների թեկնածու, Երեւանի պետական համալսարանի դոցենտ եւ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Արեսի Անդրեասյանը ծնվել է 1977 թվականին: 1994-2002 թվականներին Կ. Անդրեասյանը սովորել եւ մասնագիտացել է մի շարք հաստատություններում, այդ թվում` Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում եւ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերկլիի Համալսարանում, Մեծ Բրիտանիայի  Օքսֆորդի Համալսարանում, Մարդու իրավունքների կանադական կենտրոնում, Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոնում: 1997-2000 թվականներին աշխատել է մի շարք ՀՀ պետական մարմիններում` Երեւանի քաղաքապետարանում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, առաջին ատյանի դատարանում, ինչպես նաեւ դասավանդել է մարդու իրավունքներ եւ վարչական իրավունք թիվ 120 միջնակարգ դպրոցում  եւ ՀՀ Ոստիկանության ակադեմիայում: 2001-2007 թվականներին դասավանդել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 2001-2003 թվականներին նա համատեղությամբ աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում, այդ թվում` ՀՀ Իրավաբանների միության անվճար իրավական օգնության կենտրոնում (որպես տնօրեն), «Քաղաքացիական կրթության ծրագիր» միջազգային կազմակերպությունում (որպես ծրագրի համակարգող), «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում (որպես իրավաբան): Նշված ժամանակաշրջանում նաեւ դասավանդել է մարդու իրավունքներ Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Ղարաբաղում անցկացված լրագրողների համար նախատեսված սեմինարներին: 2003 թվականին նա աշխատել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սոցիոլոգիական եւ իրավական հետազոտությունների կենտրոնում` որպես ավագ գիտաշխատող: 2003-2004 թվականներին որպես միջազգային փորձագետ եւ խորհրդատու` աշխատել է Մեծ Բրիտանիայում գտնվող «Հոդված 19» միջազգային կազմակերպությունում, Հունգարիայում տեղակայված «Բաց Հասարակության իրավական նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունում, Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն» կազմակերպությունում: 2005-2008 թվականներին աշխատել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում` որպես իրավաբան, հետո գլխավոր իրավաբան, այնուհետեւ փոխտնօրեն: 2006-2007 թվականներին համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական: 2008 թվականից մինչ օրս «ԴԻՖԵՆՍ» իրավաբանական ընկերության տնօրենն է: 2007-2010 թվականներին իրականացրել է մի շարք հեռուստատեսային եւ հասարակական նախագծեր, այդ թվում` Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է տեղեկատվական իրավունքի եւ հետաքննական լրագրության բուհական մրցույթ լրագրող եւ իրավաբան ուսանողների համար, վարել է «Երկրի թեմա» հաղորդաշարը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, «Իրականում» հաղորդաշարը` «Արմենիա» հեռուստաընկերությունում: Կարեն Անդրեասյանը շուրջ քսան հրապարակված գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների եւ այլ աշխատությունների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter