HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ժառանգությունը» մանդատները վայր չի դնի

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը «Հետքին» ասաց, որ մանդատները վայր դնելու կամ չդնելու հարցը որոշվել է դեռեւս 2010թ. հունիսին` կուսակցության համագումարի ժամանակ: Համագումարում որոշվել է, որ մանդատները վայր դնելը «նպատակահարմար չէ»: Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱԺ նիստերի դահլիճում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով կոալիցիայի ստորագրած վերջին հայտարարությանը, դիմելով իշխանական կուսակցություններին, ասաց. «Վերցրեք եւ կերեք, պարոնայք իշխանավորներ, ընդդիմության այս մի քանի մանդատը»: Այս խոսքերից հետո «Ժառանգությունը» լքեց ԱԺ դահլիճը եւ հայտարարեց, որ այս քառօրյայի մասնակցության հարցը ժամանակավորապես առկախվում է: Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ «Ժառանգությունից» որեւէ մեկը մանդատները վայր դնելու մասին չի խոսել, պարզապես ասել են, որ քաղաքականության մեջ որեւէ բան չեն բացառում, ինչից հետո ԶԼՄ-ները տարածել են, թե պատգամավորները վայր են դնում մանդատները: Իսկ կոալիցիոն հուշագրի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած գնահատականների առնչությամբ իշխանական որոշ պատգամավորներ հայտարարեցին, թե դա բացառապես ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի իրավունքն է: Որոշներն էլ «Ժառանգության» այդ քայլը կապեցին մարտի 1-ի հետ: Այս առնչությամբ Ս. Սաֆարյանն ասաց, որ «Ժառանգության» հնչեցրած բողոքի առաջին հասցեատերը հասարակությունն է: Ընդդիմադիր պատգամավորի համար ծիծաղելի է իշկանական ճամբարից եկող այն հայտարարությունները, թե նոր հուշագիրը միայն ստորագրող կուսակցությունների գործն է: «Իշխանական թեւի որոշ սակավամիտներ մեր քայլը կապեցին նաեւ մարտի 1-ի հետ: Մարտի 1-ը մեզ համար հիշատակի, զոհերի հիշատակը հարգելու եւ նրանց գերեզմանին ծաղիկ դնելու օր է: Իսկ իրենց իշխանությունը 3 տարի առաջ 10 մարդ սպանեց այդ օրը»,- ավելացրեց Ստյոպա Սաֆարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter