
Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» նկարը պետք է վաճառքի հանվեր Մոսկվայի հնարժեք իրերի «Գելոս» աճուրդատանը փետրվարի 26-ին: Այվազովսկու այս նկարը (1875 թ., կտավ յուղաներկ, 73x102 սմ) 1990-ին անհայտ պայմաններում գողացվել էր Հայկական մշակութային կապերի ընկերության (ԱՕԿՍ) դահլիճից: Կտավը հանվել է վաճառքից այն բանից հետո, երբ ՀՀ կենտրոնական քննչական վարչության աշխատակիցները արվեստաբան Շահեն Խաչատրյանի հետ ուղեւորվել են Մոսկվա` աճուրդի հետքերով: Այս մասին հաղորդում է «Ազգ» օրաթերթը:
«Համոզիչ բացատրություններ տրվեցին` ներկայացնելով նաեւ դանակով կտրված եւ գողացված կտավից մնացած շրջանակի լուսանկարները: Ինքս էլ տարել էի Այվազովսկուն նվիրված 5 գրքերս եւ ցույց տվի գողության մասին արածս բոլոր նշումները: Տեսանք նաեւ նկարը եւ մանրամասն բացատրեցի, թե ինչ կերպ է նկարը վերականգնվել եւ փակցվել նոր կտավի վրա, չափերն էլ փոքրացել դարձել էին 70x100 սմ»,- «Ազգ»-ին ասել է Շահեն Խաչատրյանը: Նկարն այժմ գտնվում է Մոսկվայի քննչական վարչությունում:
«Փոթորիկ ժայռոտ ափերին» նկարը Երեւան էր տեղափոխվել 1957-ին ֆրանսահայ հայտնի նկարահավաք Աբրահամ Ջինջյանի նվիրաբերած Այվազովսկու այլ նկարների հետ միասին: Այն ուղարկվել էր Ֆրանսահայ երիտասարդաց միության (ԺԱՖ) կողմից որպես նվեր ԱՕԿՍ-ին:
Շահեն Խաչատրյանը «ՀԵտքի» հետ զրույցում ասաց, որ նկարը պատահաբար են գտել: Նայելով աճուրդատան կայքը` տեսել են, որ 3 օր հետո Այվազովսկու նկարը պետք է վաճառքի հանվի: «Մեծ դեր խաղաց այն, որ 15 տարի առաջվա գրքերում նշված է, որ գողացված է: 100 տոկոսով ապացուցեցի, որ դա օրիգինալն է: 2-3 շաբաթ հետո արդեն կգա Հայաստան: Չորս Այվազովսկի Հայաստանում գողացված է վերջին տասնամյակներում: Մեկը գտանք, Աստված տա, որ մյուսներն էլ գտնենք»,- ասում է արվեստաբանը:
Շահեն Խաչատրյանի խոսքերով` նկարը փոքր-ինչ «ճզմվել» է գողության ժամանակ, նկարի վրա տեղ-տեղ վերականգնողական աշխատանք է արված: «Փոթորիկ ժայռոտ ափերում» կտավը որոշ ժամանակ ցուցադրվելու է Ազգային պատկերասրահում, հետո այդտեղ էլ մնալու է, քանի որ ԱՕԿՍ-ը հիմա չունի այն դերը, որն ուներ ժամանակին:
Այվազովսկու վրձնին պատկանող կորած նկարը Երեւան վերադարձնելուն աջակցել է նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով մինչ նախարար նշանակվելը ղեկավարում էր 1944 թ. ստեղծված ԱՕԿՍ կազմակերպությունը: Այս կազմակերպության դահլիճից էլ 1990-ին գողացվել է Այվազովսկու նկարը:
«1986 թ. աշխատանքի է անցել Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական ընկերությունում (ԱՕԿՍ), նախ` որպես ռեֆերենտ, ապա` ավագ ռեֆերենտ, բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, փոխնախագահ եւ խորհրդի նախագահ: ԱՕԿՍ-ում աշխատելու տարիներին Հասմիկ Պողոսյանի ղեկավարությամբ են իրականացվել տարբեր միջազգային մշակութային ծրագրեր, գիտական կոնֆերանսներ, հիմնադրվել է «Մշակույթների երկխոսություն» տեղեկատվական կենտրոնը»,- նշված է Մշակույթի նախարարության կայքում:
«Գելոս» աճուրդատանը կազմակերպված տարվա գլխավոր աճուրդում այս յուղաներկ կտավը առաջինն է նշված եղել ռուսական գեղանկարչական արվեստի կտավների ցուցակում: Աճուրդում ընդհանուր առմամբ ներկայացվել է մոտ 800 արվեստի գործ:
Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերում» կտավը եղել է թոփ-լոտերի շարքում: 21 տարի առաջ գողացված այդ նկարը տպագրված է «Այվազովսկի: Գեղանկարչություն» գրքում, որը հրատարակվել է Մոսկվայում 1989 թ.: Երկար ժամանակ «Փոթորիկ ժայռոտ ափերում» կտավի գտնվելու վայրն անհայտ էր, կտավը անգամ կորած էին համարում: Հ. Այվազովսկու ստեղծագործությունների բոլոր կատալոգներում կտավը նշվում է որպես «կորած»:
Այնուամենայնիվ, այն ներկայացվել է «Գելոսի» տարվա աճուրդում: Մոսկվայի հնարժեք իրերի աճուրդի «Գելոս» տան կայքէջի տեղեկատվության համաձայն` 1996 թ. նկարը փորձաքննության է ենթարկել Տրետյակովյան պետական պատկերասրահի հայտնի փորձագետ Վ. Ա. Պետրովը:
Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերում» կտավի մեկնարկային գինը կազմակերպվող աճուրդում սահմանված էր 5,5-8 մլն ռուբլի:
«Գելոսի» պատմությունը սկսվում է 1988 թվականից: Այսօր, ինչպես նշված է «Գելոսի» պաշտոնական կայքում, աճուրդատունը տարվա ընթացքում անցկացնում է 120 աճուրդ, որտեղ վաճառվում է 50 հազարից ավել առարկա:
Նշենք, որ Այվազովսկու նկարների գինը համաշխարհային շուկայում կտրուկ տեմպերով աճում է: Փորձագետները գտնում են, որ շուտով ծովանկարչի աշխատանքներն իրենց արժեքով կարող են համեմատվել ֆրանսիացի իմպրեսիոնիստների հետ: Վերջիններս գնային ռեկորդներ են սահմանում արվեստի համաշխարհային շուկայում: Միջազգային աճուրդային տներում վերջին տարիներին Այվազովսկու նկարները գնահատվել եւ վաճառվել են 1-2,8 մլն դոլար (տես աղյուսակը):

Հավելենք նաեւ, որ Ինտերպոլի տրամադրած տեղեկություններով` «ՀՀ կողմից հափշտակված մշակութային արժեքների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված մշակութային արժեքների ընդհանուր քանակն անցած տարվա դրությամբ 34564 առարկա է, որից ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի անմիջական մասնակցությամբ ՀՀ-ի կողմից դրվածները 43-ն են (41 նկար, 2 ձեռագիր ավետարան)»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել