
Այսօր նոր բեմադրությամբ ներկայացվեց Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան: Այս պրեմիերայով բացվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր թատերաշրջանը: «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրության համար պետբյուջեն հատկացրել է 50 մլն դրամ:
Արդեն մի քանի տարի է, ինչ ընթանում էին «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրման աշխատանքները: Նոր բեմադրության պրեմիերան պիտի լիներ դեռ անցած տարի` Հարությունյանի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Օպերայի բեմադրման աշխատանքներն ուղեկցվել էին որոշակի աղմուկով, երբ Վերահսկիչ պալատը ՀՀ մշակույթի նախարարությունում չարաշահումներ էր արձանագրել եւ կասկածի տակ դրել «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրման համար բյուջետային միջոցների օգտագործման նպատակահարմարությունը:
Դեռևս 2006 թ. կառավարությունն իր պահուստային ֆոնդից 14 մլն 942,5 հազար դրամ էր հատկացրել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը «Սայաթ-Նովա» օպերան բեմադրելու համար: Սակայն օպերան տարբեր պատճառներով այդպես էլ չէր բեմադրվում:
Պատասխանատուները տարբեր պատճառաբանություններ բերեցին, թե իրականում ինչու չէր բեմադրվում «Սայաթ-Նովա» օպերան, եւ ինչ էր եղել 14 մլն 942 հազար դրամ գումարի հետ:
Բեմադրման աշխատանքները զերծ չեն մնացել նաեւ ստեղծագործական խնդիրներից: Որոշում ընդունվեց փոխել բեմադրության ռեժիսորին: Վրաստանից հրավիրված ճանաչված բեմադրիչ Գիզո Ջորդանիան այդպես էլ չավարտեց աշխատանքը. պատճառը դարձավ օպերայի հեղինակ Ալեքսանդր Հարությունյանի ընտանիքի հետ ունեցած տարաձայնությունները: Փոխարենը բեմադրությունը վստահվեց բեմադրիչ Արամ Սուքիասյանին:
Նոր բեմադրության պրոդյուսերը Ալեքսանդր Հարությունյանի դուստրն է` Նարինե Հարությունյանը, իսկ նկարչական ձեւավորումը կատարել է Ալեքսանդր Հարությունյանի թոռը` Արաքսի Քուչուկյանը: Բեմադրության դիրիժորը Յուրի Դավթյանն է:
«Սայաթ Նովա» օպերայի պրեմիերան Երեւանում կայացել է 1969թ. մայիսին՝ բեմադրող-դիրիժոր Արամ Քաթանյանի, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանի մեկնությամբ, իսկ բեմադրության գեղարվեստական ղեկավարն էր Վարդան Աճեմյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել