HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անկախության 20-ամյակին ընդառաջ` նկարահանվում է «Վերածնունդ» ֆիլմաշարը

Այս տարի Հայաստանի Հանրապետությունը կտոնի իր Անկախության 20-ամյակը, և այդ պանծալի հոբելյանին ընդառաջ Գյումրիի «Վան» հեռուստաստուդիան նկարահանում է ՀՀ 46 քաղաքի և մայրաքաղաք Երևանի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմերի հեռուստատեսային նախագիծ: «Վերածնունդ» վերնագիրը կրող ֆիլմաշարը կինոպատում է այդ քաղաքների անցյալի, պատմական դրամատիկ շրջադարձներին դիմակայած և ներկայումս զարդացման նոր ու դժվարին ճանապարհ անցնող քաղաքների մասին: Ֆիլմաշարը բաղկացած կլինի 12 մասից, յուրաքանչյուրը` 45 րոպե տևողությամբ: Նախատեսված է մեկ մաս նվիրել ընդհանուր ՀՀ-ին (պատմական ակնարկ, ներկան և զարգացման հեռանկարները), մեկ մաս` մայրաքաղաք Երևանին, և 10 մաս` հանրապետության 10 մարզի քաղաքներին: Դրանցից յուրաքանչյուրում կներկայացվեն կոնկրետ մի մարզում գտնվող քաղաքներն` իրենց անցյալով, ներկայով և ապագայի հեռանկարներով: Յուրաքանչյուր ֆիլմում կլինի մի փոքր անդրադարձ տվյալ մարզին, սակայն ֆիլմի հերոսներն, անշուշտ, կլինեն քաղաքները: Ամեն քաղաք կներկայացվի իր գույներով, ավանդույթներով, առօրյայով և իր բնավորությամբ: «Վերածնունդ» ֆիլմի նկարահանումներն ավարատված են Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի և Սյունիքի մարզերում: Նկարահանվել են հիշյալ մարզերի բոլոր քաղաքները, կարևոր պատմական նշանակություն ունեցող վայրերը: Նկարահանումների ընթացքում պարտադիր են հանդիպումները հետաքրքիր, բացառիկ ունակություններով օժտված մարդկանց հետ, և մեր հանրապետությունում այդպիսի մարդիկ քիչ չեն: Նկարահանումներ են տեղի ունեցել նաև Արևմտյան Հայաստանի Անի, Կարս, Վան, Սարիղամիշ, Բասեն, Կարին, Մուշ, Բիթլիս, Իգդիր, Բայազետ, Արճեշ քաղաքներում: Այս պահին մոտնաժվում են նկարահանված քաղաքները: Նկարահանող խումբը շուտով կվերսկսի նկարահանումները մնացած 4 մարզում` Կոտայքում, Արարատում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում, ինչպես նաև Երևանում: Ֆիլմաշարի սցենարի գերակա նպատակը Հայաստանի քաղաքների պատմության և ներկայի մեջ այնպիսի փաստեր և իրողություններ բացահայտելն է, որոնք մինչ այժմ Հայաստանում և Սփյուռքում եղել են կամ անհայտ, կամ քիչ լուսաբանված: Սա նաև այս ֆիլմաշարի գլխավոր առանձնահատկություններից մեկն է լինելու: Մյուս կարևոր առանձնահատկությունն է բացահայտել և հանրությունը ներկայացնել քաղաքների ու մարզերի բնական և պատմաճարտարապետական հուշարձանները` ընդգծելու համար Հայաստանի` որպես հնադարյան և վաղ քրիստոնեական քաղաքակրթության օրրանի դերն ու կարևորությունը, գայթակղությունը տուրիզմի համար: «Վերածնունդ» ֆիլմաշարը Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող ողջ հայության համար մի յուրահատուկ ուղեցույց կլինի` ճանաչելու և գնահատելու իրենց հնադարյա հայրենիքի` Հայաստանի դարավոր պատմությունը, հաղթանակած ներկան և հույսերով ու լավատեսական սպասումներով լի ապագան»,- նշել է «Վան» հեռուստաընկերության տնօրեն Վահագն Ղազարյանը: ««Վերածնունդ» Ֆիլմաշարը ապագա սերունդների համար կլինի Հայաստանի երրորդ Հանրապետության անցյալի և այսօրվա մասին պատմող մի հանրամատչելի տեսաձեռնարկ, որից օգտվելու աննախադեպ հնարավորություն կունենան բոլոր նրանք, ում տասնյակ տարիներ անց կհետաքրքրի Հայաստան երկրի թե հին և թե նորագույն պատմության ընթացքը»,- ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: Ֆիլմաշարի գլխավոր հովանավորը «ԱրմենՏել» ընկերությունն է, ինֆորմացիոն հովանավորները` «Արմենիա» հեռուստաընկերությունը, www.pres.am և www.slaq.am կայքերը:

Մեկնաբանություններ (1)

Անի
Շատ լավն էր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter