HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը` Փարիզի գրքի միջազգային ցուցահանդեսում

Մարտի 18-21-ը Փարիզում կանցկացվի գրքի միջազգային ամենամյա ցուցահանդեսը` փարիզյան գրքի սալոնը, որին Հայաստանը մասնակցելու է երրորդ անգամ: Այս տարի Հայաստանը ցուցահանդեսին կներկայանա «Հայաստանը գրքերի մեջ» խորագրի ներքո: 36 քառ մ տաղավարում կներկայացվի ՀՀ մշակույթի նախարարության և ավելի քան 40 հրատարակչության հանրագիտարանային, մանկական, գեղարվեստական, հոգևոր, թարգմանական, ալբոմային, հոբելյանական, ժամանակակից ֆրանսալեզու և այլ շուրջ 250 անուն գիրք։ Ցուցահանդեսի օրերին հայաստանյան տաղավարում տեղի կունենան տասնյակ շնորհանդեսներ, կհյուրընկալվեն մեծանուն արվեստագետներ: Մարտի 18-ին և 19-ին կներկայացվի հայկական ճարտարապետությունը: Մարտի 18-ին Գարեգին Չուքասզյանը կներկայացնի «Կոմիտաս», «Վիլյամ Սարոյան», «Արամ Խաչատրյան» մուլտիմեդիաները: Մարտի 19-ին արվեստաբան Շահեն Խաչատրյանը հանդես կգա «Հայ անվանի արվեստագետները և Փարիզը» խորագրով դասախոսությամբ, որում կանդրադառնա Մարտիրոս Սարյանին, Հովհաննես Այվազովսկուն, Երվանդ Քոչարին, Հակոբ Գյուրջյանին, Էդգար Շահինին: Ալեքսանդր և Անահիտ Թոփչյանները կներկայացնեն «Անհետացում» և «Բանկ Օտտոման» գրքերը: Նույն օրը հայկական տաղավարում կհյուրընկալվեն Շառլ Ազնավուրը, արքայադուստր Սոֆյա Օդուին-Մամիկոնյանը: Վերջինս կներկայացնի իր «Թարա Դունքան», «Ինդիանա Թելլեր» գործերը: Մարտի 20-ին Ռայմոնդ Գևորգյանը կներկայացնի ֆրանսերեն հրատարակություններ` նվիրված Հայոց ցեղասպանությանն ու հայկական հիշողությանը: Ժան Պիեռ Մահեն ֆրանսերենով կներկայացնի Գրիգոր Նարեկացի, Ժան Միշել Բերթսը` «Հայաստնի լույսերը» գիրքը, իսկ Ժիլբեր Սինուն` իր «Երևան» գիրքը: Հայկական տաղավարը ձևավորված կլինի «Հայ գրատպության 500-ամյակը» և «Երևանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք» մեծածավալ պաստառներով: Կլինեն նաև ճանաչողական բուկլետներ, տեսաֆիլմեր: ՀՀ մշակույթի նախարարության կայքը տեղեկացնում է, որ Փարիզի գրքի միջազգային ցուցահանդեսում հայկական պատվիրակությունը կգլխավորի մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter