«ԳեոՊրոմայնինգ Գոլդ»-ը ապօրինի շինարարություն է իրականացնում Սեւանի ավազանում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այս տարվա մարտի 4-ին կայացած Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանը հայտարարություն էր արել Սոտքի հանքավայրում կառուցվող արտադրամասի վերաբերյալ: Նրա հայտարարության առնչությամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Ընդերքի վերահսկողության պետական տեսչությանը հանձնարավել էր ուսումնասիրել հարցը և զեկուցել:
Ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության` նախագահին ներկայացրած եզրակացության` ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հանքավայրը շահագործվող «ԳեոՊրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերությունը նախատեսում է իրեն հատկացված տեղամասի սահմաններում տեղադրել ջարդիչ տեսակավորման համալիր, որի միջոցով կատարվում է հանքաքարի մեխանիկական մանրացում: Այս առիթով «Հետքի» հարցերին պատասխանում է Հակոբ Սանասարյանը:
Չնայած այսպիսի պատասխանին, ի՞նչն էր պատճառը, որ ՀՀ նախագահին առնթեր Սևանա լճի հիմնահարցերի և ԳԱԱ Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովների անդամները գործուղվել են Սոտք` հարցը նորից ուսումնասիրելու:
Կարծում եմ, որ այսպիսի մոտեցումը ուրախալի է, երբ որ Հանրապետության ղեկավարը ցանկանում է հարցը բազմակողմանի քննել` վճռական որոշում կայացնելուց չսխալվելու համար: Պետք է նշել, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության եզրակացության պատասխանում կա իրականությանը չհամապատասխանող մի կետ. «ԳեոՊրոմայնինգը» ջարդիչ տեսակավորման համալիրը կառուցում է ոչ թե իրեն պատկանող տարածքում, այլ Սոտք համայնքից վարձակալությամբ վերցված տարածքում:
Իսկ ի՞նչ պարզեցիք տեղում:
Եղանք շինհրապարակում: Տեղում տնօրենը` գլխավոր ինժեների և շինարարի ներկայությամբ ասաց, որ շինարարությունը սկսել են այս տարվա փետրվարի 15-ին, ավարտելու են մոտավորապես հունիսի կեսերին: Եվ երբ պահանջեցինք կառույցի նախագիծը, տնօրենն ասաց, որ նախագիծ դեռ չկա, այն պատրաստ կլինի այս տարվա մարտի 25-ից հետո:
Փաստորեն, առանց նախագծի, առանց փորձաքննական եզրակացության, առանց համայնքապետի հողի հատկացման թույլտվության, առանց շինարարական թույլտվության, առանց հողի կատեգորիայի փոփոխման «ԳեոՊրոմայնինգ Գոլդ» ընկերությունը սկսել է շինարարություն իրականացնել Սևանի ավազանում, որը ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է (Օրինակ` «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված):
Շինարարության լուսանկարները տրամադրել է Հ.Սանասարյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել