Հայաստանում է Շվեյցարիայի նախագահը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Երևան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը: Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշելին Կալմի-Ռեյի առանձնազրույցը և երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետությունում դեսպանատուն բացելու Շվեյցարիայի Համադաշնության իշխանությունների որոշումը, և այն ընկալում ենք որպես երկկողմ հարաբերությունները զարգացնելու Շվեյցարիայի ցանկության դրսևորումներից մեկը, ինչի համար ուրախ ենք: Շվեյցարիան հասել է շատ մեծ հաջողությունների բոլոր բնագավառներում, և մեզ համար պատիվ է` բարեկամություն ունենալ Շվեյցարիայի նման աշխարհի առաջատար երկրներից մեկի հետ ու խորացնել երկկողմ հարաբերությունները:
Մենք շատ շնորհակալ ենք Շվեյցարիայի ժողովրդին և կառավարությանը` Հայաստանին մշտապես ցուցաբերվող օժանդակության համար և նաև երախտապարտ` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պառլամենտում քննարկելու և բանաձև ընդունելու համար»,- հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:
Շվեյցարիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր պաշտոնական այցը կնշանավորվի նաև շատ կարևոր և խորհրդանշական իրադարձությամբ` Երևանում դեսպանատան բացմամբ, որը կլինի հայ-շվեյցարական հարաբերությունների սերտացման ևս մեկ առհավատչյա:
Միշելին Կալմի-Ռեյն իր երկրի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Սերժ Սերժ Սարգսյանին դեսպանատան բացմանը ցուցաբերած աջակցության համար և ընդգծել, որ, իրոք, երկուստեք ամուր կամք կա` Հայաստանի և Շվեյցարիայի միջև կապերն ամրապնդելու և համագործակցությունը զարգացնելու համար:
Հանդիպումից հետո Հայաստանի և Շվեյցարիայի նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Մեծարգո տիկին նախագահ,
Տիկնայք և պարոնայք,
Ինձ համար մեծ հաճույք է Հայաստանում հյուրընկալել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ տիկին Միշելին Կալմի-Ռեյին: Թեպետ սա Շվեյցարիայի Համադաշնության նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, սակայն տիկին Կալմի-Ռեյը առաջին անգամ չէ այստեղ:
Մեր հանրությանը լավ հայտնի են նրա ջանքերն ու ներդրումը մեր տարածաշրջանի հիմնախնդիրներին լուծումներ գտնելու գործում: Շվեյցարիան, որն ունի չեզոք ու անկողմնակալ միջազգային ակտիվ քաղաքականության հարուստ փորձ, մշտապես հետաքրքրություն է ցուցաբերել մեր երկրի ու տարածաշրջանի հանդեպ:
Մեր ժողովուրդների կապերն ունեն դարավոր պատմություն: 1897թ. Շվեյցարիայի կառավարությունն առաջիններից մեկը դատապարտեց 1894-1896թթ. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը` որպես մարդկության դեմ ոճրագործություն: Իսկ Հայոց ցեղասպանության տարիներին շվեյցարացիները մեր ժողովրդին սատար են կանգնել թե անհատ միսիոներների մարդասիրական ու բժշկական գործունեությամբ, թե պետական մակարդակով։
Եվ շարունակելով մարդասիրության այդ իմաստուն ավանդույթները` 2003թ. Շվեյցարիայի Ազգային խորհուրդը բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ: Տիկին նախագահ, հայ ժողովուրդը երախտապարտ է Շվեյցարիային իր սկզբունքային և հետևողական քաղաքականության և, իհարկե, այդ հրեշավոր հանցագործությունը դատապարտելու համար:
Հայաստանի անկախացումից ի վեր մեր առնչությունները ձեռք են բերել նոր որակ: Հայկական կողմը ողջունեց Երևանում Շվեյցարիայի ներկայացուցչություն-գրասենյակը լիակատար դեսպանության մակարդակի բարձրացնելու որոշումը, որը մեր երկկողմ համագործակցությունն ընդլայնելու բացառիկ հնարավորություններ է ստեղծում և արտացոլում մեր կապերի իրական մակարդակը:
Զրույցի ընթացքում մենք երկուստեք նաև վերահաստատեցինք տնտեսական համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Մենք շահագրգիռ ենք հայ-շվեյցարական տնտեսական ծրագրերը զարգացնելու, դեպի Հայաստան շվեյցարական ներդրումները խրախուսելու հարցում` հաշվի առնելով գործակցության առկա դրական փորձը:
Որպես այդ համագործակցության հաջողված օրինակ` կարող եմ նշել շվեյցարական ընկերությունների մասնակցությունը Ծաղկաձորի, Ջերմուկի և Տաթևի զարգացման ծրագրերում, որոնք ուղղված են հայաստանյան այս բնակավայրերի զբոսաշրջության ներուժի հնարավորին բացահայտմանը:
Հայաստանը շնորհակալ է Շվեյցարիային` զարգացման և համագործակցության գրասենյակի իրականացրած ծրագրերի և, իհարկե, տարիներ շարունակ այդ գրասենյակի կողմից Հայաստանի Հանրապետությունում սոցիալական և տնտեսական ծրագրերի իրականացման համար:
Երկուստեք նշեցինք նաև մշակույթի ոլորտում Հայաստանի և Շվեյցարիայի համագործակցության, շփումների ակտիվության մասին: Մենք համոզված ենք, որ այս հանգամանքը նպաստում է մեր ժողովուրդների փոխճանաչողության բարձրացմանը և բարեկամության ամրապնդմանը:
Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Շվեյցարիայում կայանալիք Գրքի 25-րդ միջազգային ցուցահանդեսում Հայաստանը մասնակցելու է պատվավոր հյուրի կարգավիճակով: Ես էլ սիրով հրավիրեցի շվեյցարական կողմին, մասնավորապես տիկին նախագահին մասնակցելու 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանում կայանալիք միջոցառումներին: Այս միջոցառումներով մենք նշելու ենք հայատառ գրքի տպագրության 500-ամյակը:
Զրույցի ընթացքում մենք նաև կարևորեցինք հայ-շվեյցարական համագործակցությունը միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ-ի կառույցներում, ԵԱՀԿ-ում, Եվրախորհրդում, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում:
Անդրադարձ կատարեցինք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի զարգացման դինամիկան Շվեյցարիային քաջ հայտնի է: Հատուկ երախտիքի խոսք ասացի մեծարգո տիկին նախագահին` Շվեյցարիայի իշխանությունների և անձամբ իր անգնահատելի միջնորդական առաքելության ու ներդրած ջանքերի համար: Ափսոսանքով նշեցի, որ Թուրքիան խուսափում է իր ստանձնած պարտավորությունների կատարումից և նման գործելաոճով արժեզրկում թե մեր նախաձեռնությունը և թե գործընթացում ներգրավված կողմերի ջանքերը:
Անդրադարձանք նաև Արցախյան խնդրի լուծման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում` Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Ուզում եմ հավատալ, որ այս անգամ Ադրբեջանի իշխանությունները կլինեն հետևողական, և նրանց խոսքն ու գործը կհամապատասխանեն իրար:
Բնականաբար, վերահաստատեցի մեր այն դիրքորոշումը, որ հակամարտությունն ունի միայն մեկ լուծում. դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված իրավունքի խաղաղ իրագործման հնարավորությունն ապահովող լուծումն է: Հիմնախնդիրը պետք է ունենա խաղաղ հանգուցալուծում, որին պետք է հասնել բանակցությունների ճանապարհով, որքան էլ որ այդ ճանապարհը լինի խոչընդոտներով ու դժվարություններով լեցուն:
Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում տիկին նախագահին օգտակար քննարկումների համար և հաճույքով խոսքը փոխանցում եմ նրան:
Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի խոսքը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Շնորհակալություն, պարոն նախագահ:
Պարոն նախագահ,
Տիկնայք և պարոնայք,
Շնորհակալություն այս հրավերի համար: Սա Շվեյցարիայի Համադաշնության նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, և մենք երկուստեք դրսևորում ենք ամուր կամք Շվեյցարիայի և Հայաստանի միջև ակտիվորեն զարգացնելու գործակցությունը: Իմ այցը նշանավորվում է նաև մի կարևոր իրադարձությամբ. այսօր Հայաստանում բացվելու է Շվեյցարիայի դեսպանությունը:
Հայաստանի և Շվեյցարիայի միջև առ այսօր մշակված է օրենսդրական լայն դաշտ, որը հնարավորություն է տալիս ակտիվորեն զարգացնելու մեր հարաբերությունները: Մենք ունենք օրենսդրական ամբողջ զինանոցը, մասնավորապես` տնտեսական համագործակցության, ներդրումների փոխադարձ պաշտպանության, կրկնակի հարկումից խուսափելու և նաև արդեն վերջերս ստորագրված օդային տրանսպորտի վերաբերյալ համաձայնագրերը:
Մեր տնտեսական հարաբերությունները լավ են` չնայած, անշուշտ, մեր ապրանքաշրջանառությունը դեռ մնում է բավականին համեստ մակարդակի վրա, և կարիք կա այն զարգացնելու: Կա դեռևս չօգտագործված ներուժ, և Շվեյցարիայի իշխանությունները, անշուշտ, կողմ են, որ տնտեսական հարաբերություններն ավելի զարգանան: Կարծում եմ, որ մեր շփումների ակտիվացումը, փոխադարձ այցելությունները, հանդիպումները նույնպես նպաստել են մեր հարաբերությունների սերտացմանը:
Այդ հարաբերություններն, անշուշտ, ավելի ամրապնդվեցին այն սերտ համագործակցության շրջանակներում, որ մենք միասին իրականացնում ենք ձեր երկրի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարելավելու առումով: Անշուշտ, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց կարծում եմ, որ այն քաղաքական արիությունը և պատասխանատվությունը, որ հանդես բերվեց 2009թ. հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելիս, հնարավորություն է տալիս հուսալ, որ ձեռք կբերենք ակնկալվող արդյունքները:
Շվեյցարիան Հայաստանի հավատարիմ գործընկերն է, և մենք Հայաստանում արդեն բազում տարիներ ներկա ենք Համագործակցության և զարգացման շվեյցարական գործակալության միջոցով: Մենք նաև համագործակցում ենք ձեր տարածքային կառավարման նախարարության հետ, որի օգնությամբ մասնավորապես ծրագրեր ենք իրականացնում Սյունիքի մարզում կաթի արտադրության, ինչպես նաև այգեգործության բնագավառներում:
Մենք նաև սերտորեն համագործակցում ենք ձեր արտակարգ իրավիճակների նախարարության հետ, մասնավորապես բնական աղետների կանխարգելման հարցում: Այդ առումով, վաղը ես պետք է այցելեմ Գյումրի, որտեղ կտեսնեմ, թե շվեյցարացիներն ինչպիսի աշխատանք են կատարել այս ոլորտում:
Շվեյցարիան Հայաստանի հետ սկսել է համագործակցել բնական աղետների, մասնավորապես երկրաշարժերի կանխարգելման հարցում` սկսած ձեզ պատուհասած աղետից` 1988թ. երկրաշարժից:
Ավարտելով խոսքս` ուզում եմ մեկ անգամ ևս ցանկություն հայտնել, որ մեր համագործակցությունը տնտեսության և այլ ոլորտներում ավելի խորանա, և այդ առումով շատ ուրախ եմ, պարոն նախագահ, գալիք մայիս ամսին Շվեյցարիա Ձեր այցի կապակցությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել