Հավաք-քննարկում` «Արաբական շարժումները և տարածաշրջանային զարգացումները» թեմայով
Այսօր Երևանի Գրողների տան դահլիճում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած հավաք-քննարկումը` «Արաբական շարժումները և տարածաշրջանային զարգացումները» թեմայով: Հիմնական բանախոսն էր տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Գարեգին Չուգասզյանը, ով հանդես եկավ Միջին Արևելքում արդի քաղաքական գործընթացների և Հայաստանում ստեղծված հեղափոխական իրավիճակի վերլուծությամբ:
Քննարկմանը ելույթ ունեցան հասարակական և քաղաքական մի շարք երիտասարդ գործիչներ` ներկայացնելով նոր սերնդի գնահատականներն ու մոտեցումները ընթացիկ զարգացումների վերաբերյալ:
Մասնավորապես, Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի ղեկավար Արփինե Գալֆայանն անդրադարձավ քաղաքացիական հասարակության որակապես փոխվելու և կազմակերպվելու անհրաժեշտության, աշխատավոր ժողովրդի սոցիալական անպաշտպանվածության, արհմիությունների անգործության, երկրում բնապահպանական ահագնացող վտանգների և կանանց հանդեպ պահպանվող խտրականության խնդիրներին:
Լրագրող Արմեն Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանում քաղաքացիական շարժումների ներկան ու հեռանկարները, հատկապես «Մենք ենք այս քաղաքի տերը», «Լեզվի մասին օրենքի պաշտպանության» և այլ հասարակական նախաձեռնությունների գործունեությունը:
Քաղաքագետ Արթուր Ավթանդիլյանն իր ելույթում շեշտեց երիտասարդության դերը հասարակության որակական փոփոխությունների ժամանակաշրջանում, իսկ իրանագետ Արթին Առաքելյանը վերլուծեց արաբական հեղափոխական շարժումների առնչությունն Իրանի Իսլամական Հանրապետությանը:
Հավաքի ավարտին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը պատասխանեց քննարկման մասնակիցների հարցերին, իսկ հակաճգնաժամային կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն ամփոփեց ելույթները` եզրահանգելով, որ երկրում ստեղծված հեղափոխական իրավիճակը հնարավորություն է տալիս թռիչքային զարգացումով հաղթահարել առկա տնտեսական, քաղաքական և գաղափարական առկա ճգնաժամերը: Այս մասին հայտնում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել