HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փրկության կոչ. կենդանիները սովամահ են լինում»

Կիրակի օրը՝ առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից «Հեծանիվ+»-ի նախաձեռնությամբ կմեկնարկի հեծանվարշավ դեպի Արմավիրի կենդանաբանական այգի: Ըստ նախաձեռնող խմբի՝  այստեղ իրենց ապաստանը գտած բազմաթիվ կենդանիներ կանգնած են սովամահ լինելու վտանգի առջև, եւ ակցիայի նպատակն է խնդիրն ուշադրության կենտրոնում պահել, ինչպես նաև սեփական աչքով իրավիճակը տեսնել: Նախաձեռնողները մասնակիցներին խնդրում ենք կենդանիների համար յուրաքանչյուրն իր հետ բերի գոնե 3 հատ հաց կամ որոշակի գումար՝ գարի գնելու համար (1 կգ-ն 190 դրամ է): «Հասկանալի է, որ սննդով մեր օգնությունը խորհրդանշական կլինի, բայց գոնե դատարկ ձեռքով չենք գնա»,- նշված է նրանց տարածած հաղորդագրությունում: Երթուղին հետևյալն է`Երևան-Մուսալեռ-Էջմիածին-Արմավիր-Երևան: Հեռավորությունը` 90 կմ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Փրկության կոչ»-ի էջում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն մանրամասնում է. «1981թ.-ից Արմեն Թադևոսյանը սկսել է Արմավիր մարզի կենդանաբանական այգու հիմնման գործընթացը: Կենդանիները բերվել են ՀՀ մարզերից և ԽՍՀՄ տարբեր այգիներից: 1991թ. սկսած այգին արդեն ունեցել է սեփական հողատարածք: Այժմ այգին զբաղեցնում է 8 հա տարածություն, ուր բնակվում են մի քանի տասնյակ կենդանատեսակներ: Այս ընթացքում այգու տարածքում տնկվել է մի քանի հազար դեկորատիվ ծառ: Նշենք, որ կենդանաբանական այգին կացարան է դարձել մարդու գործունեությունից տուժած և փրկված բազմաթիվ կենդանիների համար, այդ թվում` վիրավոր արջեր, մացառախոզեր, կզաքիս, տափաստանային կատու, քարարծիվներ, բվեճներ, սպիտակագլուխ անգղներ և այլն: Կենդանաբանական այգում բնակվում են նաև բազմաթիվ կենդանատեսակներ, որոնք ընդգրկված են ՀՀ Կարմիր գրքում: Մինչ այժմ այգում բնակվող կենդանիների սննդի ապահովման հարցում իր մեծ ներդրումն ուներ ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական բրիգադը: Զորամասի ղեկավարությունը շաբաթական երկու անգամ ճաշի մնացորդներ էր տրամադրում կենդանաբանական այգուն: Սննդի ավելցուկը հնարավորություն էր տալիս սննդով ապահովել այգում կացարան ստացած կենդանիներին: Սակայն արդեն մեկ ամիս է, ինչ զորամասի հրամանատարությունը հրաժարվում է ճաշի մնացորդները տրամադրել կենդանիներին, ինչի արդյունքում կենդանաբանական այգում իրենց ապաստանը գտած բազմաթիվ կենդանիներ կանգնած են սովամահ լինելու վտանգի առջև: Ս/թ մարտի 20-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ին աջակցության խնդրանքով է դիմել Արմավիր քաղաքի կենդանաբանական այգու ղեկավար Արմեն Թադևոսյանը: Գիտակցելով խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը` ս/թ մարտի 21-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն բաց նամակով դիմել է ՀՀ Պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանին, որում նշվում է կենդանաբանական այգու կարևորությունը և ներդրումը Արմավիրի մարզի վտանգված կենդանատեսակների վայրի բնությունից դուրս պահպանման և մարզի բնակչության էկոկրթվածության մակարդակի բարձրացման գործում: Նամակին կից ՀՀ Պաշտպանության նախարարություն է ուղարկվել նաև Արմավիր քաղաքի ավելի քան 600 բնակչի ստորագրությամբ դիմումը: Հուսով ենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը սատար կկանգնի կենդանաբանական այգուն և օգնության ձեռք կմեկնի հասարակությանն ու բնությանը: Կոչ ենք անում բոլորին հնարավորության սահմաններում օգնել պարոն Թադևոսյանին` փրկել Արմավիրի կենդանաբանական այգին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter