
Լայնաշերտ համացանցը կնպաստի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը
Հոկտեմբերի 10-11-ին տեղի է ունենալու «Արմթեք Կոնգրես 2011»` Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 4-րդ ամենամյա համաժողովը:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (կազմակերպիչ ընկերություններից մեկն է-հեղ.) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ այս տարի գրանցվել է աննախադեպ մասնակցություն` ավելի քան 100 գրանցված մասնակից արտերկրից: Մասնկացելու են երկու հիմնական պատվիրակություններ: Առաջինը նրանք, ովքեր պարազապես ցանկանում են մասնակցել միջոցառմանը, երկրորդը` միջազգային խոշորագույն կազմակերպությունների պատվիրակությունները: Վերջիններս ղեկավարում են կամ դրանց փոխնախագահները, կամ հենց նախագահները: Բ. Ենգիբարյանի խոսքերով` միջոցառումն ունենալու է ոչ թե ոլորտային, այլ բովանդակային ուղղվածություն:
Հատուկ ուշադրություն է դարձվելու կրթության վրա` բարձրագույն և վերապատասրտման դասընթացների, հեռահաղորդակցության ոլորտի, էլեկտրոնային հասարակության խնդիրներին` կրթություն, առողջություն, կառավարում, ինչպես նաև` նորաստեղծ ընկերությունների:
Ըստ կազմակերպիչների`«Արմթեք»-ը նպաստելու է Հայաստանի ՏՏ ոլորտի խնդիրների լուծմանը. Հայաստանը պետք է դարձնել համաշխարհային հետազոտական կենտրոն, ստեղծել համապատասխան միջավայր և ենթակառուծվածքներ: Բացի այդ` միջոցառմանը ներկա է գտնվելու նաև Համաշխարհային բանկի պատվիրակությունը, որը ծրագիր ունի լայնաշերտ համացանցի շնորհիվ նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
«Իմփեվա լաբս» ընկերության գործադիր տնօրեն Թոնի Մորոյանը նշեց, որ երբ «Արմթեքն» առաջին անգամ անցկացվեց ԱՄՆ-ի խոշորագույն տեխնոլոգիական կենտրոններից մեկում` Սիլիկոնային հովտում, շատերը կասկած հայտնեցին, թե դա շարունական չի լինի: Սակայն այն ապացուցեց հակառակը: Այնտեղ դրվեցին այնպիսի բարձր չափանիշներ, որոնք չկարողացան գերազանցել Ադրբեջանը, Ուկրաինան, Թուրքիան, Ռուսաստանը և այլ երկրներ, և այդ չափանիշներվ այժմ «Արմթեք»-ը տեղի կունենա Հայաստանում:
Թ. Մորոյանի խոսքերով` «Արմթեք»-ն ունի նաև համահայկական նշանակություն, քանի որ այն միավորում է ոլորտի բոլոր հայերին, որոնք ցրված են տարբեր երկրներում: Այն գրավել է արտասահմանցի բազմաթիվ համաշխարհային հեղինակություն ունեցող պաշտոնյաների, գործարարների ուշադրությունը:
Թոնի Մորոյանը բարձր գնահատեց ՏՏ ոլորտի հայաստանցիների ջանքերը, ովքեր ամեն կերպ փորձում են նպաստել Հայաստանում այդ ոլորտի զարգացմանը:
«Սինոփսիս-Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ գուցե շատերին շռայլություն թվա Հայաստանի նման փոքր երկրի համար նման միջոցառում անցկացնելը, սակայն դա այդպես չէ: «Արմթեք»-ը հնարավորություն է տալիս գրավել ամբողջ աշխարհի ուշադրությունը Հայաստանի վրա և այն դարձնել գրավիչ ներդրումների տեսանկյունից: Բացի այդ` Հայաստանում կստեղծվեն տեխնոլոգիական ավանդույթներ:
Նրա խոսքերով` համաժողովը տեղի չէր ունենա, եթե տեղական ՏՏ ոլորտն ասելիք չունենար: Այս ոլորտի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն, որը պետք է բարձր պահել: Նման միջոցառումը, բացի այդ, կարող է շարժել Հայաստանի հակառակորդների նախանձը, բայց դա առաջնային նպատակը չէ:
«Արմթեք Կոնգրես 2011»-ի վերջում տեղի կունենա նաև մրցանակաբաշխություն: Մրցանակաբաշխությանը ներկայացված 10 կազմակերպություններից կպարգևատրվի 5-ը` յուրաքանչյուրը 15 հազար դոլարով: Բացի այդ` կհանձնվեն նաև մեդալներ այն մարդկանց, ովքեր 2007թ.-ից մինչ այժմ նպաստել են «Արմթեք»-ի կայացմանը: Այս տարի «Արմթեք»-ին առաջին անգամ կմասնակցի նաև Արցախը:
Բ. Ենգիբարյանը խոստանում է, որ «Արմթեք»-ի ժամանակ կհնչեն բացառիկ հայտարություններ և կլինեն անակնկալներ:
Մեկնաբանել