
«Մարդկանց իրավունքները չեն վերջանում բանտերում»
Հոկտեմբերի 3-5-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ մարդու իրավունքների մասին սեմինար։ Քննարկվեցին հատկապես ազատազրկման վայրերում տեղի ունեցող խոշտագումների և մարդու իրավունքերի խախտման խնդիրները։
Սեմինարին ներկա էին իրավապաշտպան տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, ովքեր միաժամանակ ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբերի անդամներ են։
Խոշտանգումը դրսևորովում է ոչ միայն ֆիզիկականի միջոցով, այլև հոգեկանի։ Ազատազրկման վայրերում ոչ միայն ազատազրկվածի նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը, այլև պայմանները կարող են լինել մարդու արժանապատվությունը նվաստացնող։
Ինչպես տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում խնդիրներ կան բուժզննման, սննդի հետ կապված։ Ամերիկյան Human Rughts Watch-ն առաջարկում է, որ ազատազրկաման վայրերի աշխատակազմին տրվի նույն այն սնունդը, որը տրվում է ազատազրկվածներին։ Սեմինարի ժամանակ նշվեց, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև հաշմանդամ ազատազրկվածների խնիրներին, որոնց նախկինում քիչ են անդրադարձել։
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ CPT-ին (Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտե) Հայաստանի վերաբերյալ 2010թ.-ի զեկույցում հատուկ նշել է երկու ցմահ դատապարտվածի մասին, որոնց նկատմամբ ցուցաբերվում է վատ վերաբերմունք. նրանք ամբողջովին մեկուսացված են, և խախտվում են նրանց իրավունքները։ Իսկ հայաստանյան իրավապաշտպան ՀԿ-ները դրա մասին դեռ լռում են։
Այսօր չգրված օրենքով արգելվում է նաև լրագրողների մուտքը ազատազրկման վայրեր՝ տարբեր պատճառաբանություններով։
Սեմինարի ժամանակ հատուկ նշվեց նաև կանանց իրավունքերի ոտնահարման հանգամանքը։ Մասնավորապես, ՁՊՎ-ներում չկան կին աշխատողներ, ովքեր կկարողանան հետևել այդտեղ գտնվող կանանց, և ում կանայք կկարողանան դիմել իրենց խնդիրներով։ Դա այն դեպքում, երբ ՁՊՎ-ներում գտնվող անձանց պետք է անընդհատ հետևել, որ նրանք սխալ գործողություններ չանեն։ Այդ նպատակով զուգարանների և լոգարանների վրա ստեղծված են մեծ դիտանցքեր։ Եվ քանի որ չկան կին աշխատողներ, խնդիրը բարդանում է ՁՊՎ-ներում հայտնված կանանց համար։
Սեմինարին ներկա էր նաև Բուլղարիայի Հելսինկյան կոմիտեի նախագահ Կրասիմիր Կանևը, ով նշեց, որ պետք է ապահովել ազատազրկվածների նորմալ գործունեությունը՝ ֆիզիկական դաստիարակություն, կրթություն, ինչպես նաև ճշգրիտ պահել զբոսանքի համար նախատեսված առնվազն մեկ ժամը, ապահովել նրանց կապն արտաքին աշխարհի հետ և այլն։ Միաժամանակ պետք է ավելի շատ ՀԿ-ներ և այլ կառույցներ ներգրավել այս գործում, իսկ իրավիճակը պետք է լուսաբանվի նաև ԶԼՄ-ների կողմից։
«Մարդկանց իրավունքները չեն վերջանում բանտերում»,- հավելեց Կ. Կանևը։
Սեմինարի վերջում երկու դիտորդական խմբերը եկան նախնական համաձայնության, որ իրենց համագործակցության արդյունքում կազմեն համատեղ զեկույց՝ ազատազրկվածների իրավունքների խախտման մասին։
Մեկնաբանել