Սարերից չիջան ...(Մաս 1)
Ալեքսանդր Մելքոնյան (Սաշա)
Ալեքսանդր Մելքոնյանը (Սաշա) ծնվել է 1952 թ. զինվորականի ընտանիքում: Ավարտել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղ. ուսումնարանը եւ Երեւանի գեղարվեստի պետական ինստիտուտը, մասնագիտացել կերամիկայում եւ դեկորատիվ քանդակում:
Աշխատել է «Հայֆիլմում» որպես մուլտիպլիկատոր, այնուհետեւ` որպես գեղարվեստական ֆիլմերի նկարիչ-հանդերձավորող եւ ձեւավորող: Հայաստանի նկարիչների միության անդամ է:
1989-92 թթ. «Ասպետ» փրկարարական դպրոցի հիմնադրումից հետո վարել է պետի տեղակալի պաշտոնը, այնուհետեւ եղել է նույն բազայի վրա ստեղծված «Ասպետ» կամավորական ջոկատի հրամանատարը, մասնակցել է մի շարք մարտական գործողությունների: 1992-98թթ. որպես սպա ծառայել է հայկական բանակում: Զբաղեցրել է զորամիավորման հետախուզության պետի եւ հրամանատարի տեղակալի պաշտոնները:
1994-2002 թթ. նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Սլովենիայում, Ավստրիայում եւ Իտալիայում: Հանդես գալով կերպարվեստի ավանգարդում` ձեռք է բերել միջազգային ճանաչում: Հիմնադրել է կերպարվեստի նոր ուղղություն` Military art (Ռազմական արվեստ):
Մահացել է 2002 թ. փետրվարին:
Ալեքսանդր Մելքոնյանը «Սարերից չիջան ...» աշխատանքով փորձ է արել քննել համահայկական հասարակական համաձայնության անհրաժեշտությունը, ազգային համընդհանուր կամքը, համազգային գաղափարի հայտնաբերման հրատապությունը` բոլոր հնարավոր կողմերով: Սա քննումների ու հայտնաբերում-առաջարկների ամբողջական շղթա է, որը կարող է հիմնակետային դառնալ ժամանակակից քաղաքակրթության հումանիտար մշակույթի շարքերում մեր տեղը փնտրելիս: Աշխատանքը հասցեագրված է բոլոր նրանց, ում մտահոգում է Հայաստանի անցյալը, ներկան եւ ապագան:
Սարերից չիջան ...
(Ի՞նչ գնով մենք գոյատեւեցինք, գոյատեւու՞մ ենք եւ ապրելու՞ ենք, թե՞ ոչ...)
Դ Ի Մ ՈՒ Մ
Մեր խիստ քաղաքականացված, նեղ մասնագիտացված, հմուտ վարպետացված, դառը դիսիդենտացված, վարչականացված, տնտեսագիտացված, եվրոպականացված, ասիականացված, գռեհիկ-ազգագրականացված, վերացական-կոսմոպոլիտացված, ազնվականացված, գեղջուկացված, հոգեւորախեղդացված, բարոյագաղափարախոսականացված, ապագաղափարախոսականացված, ռուսախոս, անգլախոս, հայախոս, անխոս-համր-լուռ անհայամիտ, շատ սովորած-բանիմաց, անդաստիարակ, Սանասար, Մեծ Մհեր, Ծուռ Դավիթ եւ Աստվածամարտ Փոքր Մհեր ձեւացող, իրականում Մսրա Մելիքի քուն անցած մեր խորամանկ եւ միամիտ մտավորականությանը...
Մենք՝
առաջին ինքնապաշտպանական մարտերի, առաջին ազատագրական-հայրենական-երկրապահ- մահապարտ-վետերան-ազատամարտիկ կամավորականներս, առաջին անգամ պատերազմը հաղթածներս, չզոհաբերված, չնահատակված, չվախճանված, ցանկացած դրոշների եւ տոհմանշանների ու պիտակների տակ Մեծ Հայքի վերջին հողակտորի վերջին մայրաքաղաքի խաբված, երջանիկ զինվորականներս, առաջին մեղավոր պարտապաններս, որ օտարի դեմ ամրոցի պատ ենք, իսկ յուրայինի համար՝ երդիկի հենասյուն, առաջին հայ ռազմադաշտային մտավորականներս (այսուհետեւ՝ «Մենք») ....
Մենք՝
որ դաստիարակվել ենք մեր պապերի «գասպարավարի լողին» հավատալու պարտադրվածությամբ...
Մենք՝
որ այդ պարտադրածը սեր, հավատք ու հույս դարձրինք...
Մենք՝
որ չենք փոխանցի մեր որդիներին մեր մեղքը, մեր սուտը, մեր լուծը,
մեր կեղծիքը
եւ կընդհատենք «պատճառաբանված» ստրկամտության բարդույթը...
Մենք՝
որ հայ մեծամասնության անտարբերությամբ, գոյատեւմամբ մոռացվածների հետնորդներն ենք, ում նախնիների արյունով շաղախվեց այսօրվա «քաղաքակիրթ աշխարհի» մարմարափայլ, տիեզերակալ դղյակի հենքը...
Մենք՝
որոնց հայ տատերը օրոր ասելով պատվիրեցին իմաստավորել հայ անհայտ հանճարի բազմադարյան, բազմահազար, մոռացյալ մահապարտ գնդի դերը...
Մենք՝
որ այդ գնդի ձագերն ենք, պետք է վերջ տանք դարավոր տկարության այս խայտառակ փաստին, փակենք «ողբերգության մատյանի» վերջին էջը եւ հանձնենք այն համայն մարդկության մշակույթի մատենադարան՝ հայկական հարցի ինքնապատասխանը դարձնելով հարց ներկայիս քաղաքակրթության համար:
Մենք՝
հայ ռազմադաշտային մտավորականներս, ինքնանվանման այդ իրավունքը՝ որպես պատվիրան ստացած Մեծն անհայտ հայ զինվորից` հայության «տանջալի» անցյալով, լուսավոր ապագայով եւ իրականում ներկայի հավերժ բացակայությամբ անհանգիստ`
ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆՔ
որ չենք խմում առաջին բաժակը զոհված զինվորների հիշատակին...
Մտահոգված ենք,
համայն հայության, նրա հասարակայնության, գերկեղծավոր միջանձնային հարաբերություններով, որոնք հետզհետե դառնում են չափանիշ ու մտածելակերպ...
Մտահոգված ենք,
տեսնելով, թե ինչպես է հայ ազգը եւ նրա հասարակական միտքը նախ՝ փորձում իր աշխարհընկալումը եւ ինքնաճանաչումը զոռով խցկել նեղլիկ, խղճուկ վարչական շրջանակի մեջ, երկրորդ՝ ինչպես է նա փորձում ընկալել այդ ամորձատումը, այդ արհեստական ինքնայլանդակումը եւ ինքնաբթացումը (նորից գոյատեւման բարդույթ)՝ որպես ինչ-որ իմաստություն, եւ ինչպիսի ջանքեր է գործադրում մեր ազգային վախկոտությունը` միայն թե խույս տա ինքնապատասխանատվությունից, ինքնահավակնությունից, եւ, մի խոսքով, կարելի է ասել՝ մենք շատ ենք ուզում ազգովի անցնել թոշակի, հանգչել, մարվել եւ մարել հայ մարդու վառվող սիրտը: Եվ իբրեւ գործիք, իբրեւ հրշեջ ջոկատ՝ մենք ընտրում ենք պետություն ասածը...
(Կեցցենք մենք... բայց չի ստացվի, մենք՝ հայերս, դեռ չենք լրացրել մեր ազգի «աշխատանքային ստաժը». մենք անելիք, ասելիք եւ ներկայանալիք ունենք: Հիմա մենք փորձում ենք կեղծել հենց այս:)
Մտահոգված ենք,
երբ տեսնում ենք, թե իբրեւ օրինակ ո՞ր պետությունները, ո՞ր հասարակություններն ենք մենք ընտրում եւ ու՞մ ենք փորձում կրկնօրինակել եւ ի՞նչն ենք ընկալում՝ որպես արժեք եւ արժանիք...
Մտահոգված ենք,
հասկանալով, որ այս ամենն օտար է, հայի խորքային, հիմնական մարդկային սկզբունքներին եւ անբարոյական (սրանք լոկ դարավոր բարդույթներ են` հասարակությունն ամեն գնով պահպանելու, կարելի է ասել, յուրօրինակ եւ եզակի-կոլեկտիվ սուտ՝ համակարգի բացակայությամբ արդարացված). դրանք նորից հետզհետե դառնում են յուրօրինակ ստի «ճիշտը», այսինքն՝ գոյատեւման հատկանիշը դառնում է որակ` սարսափելի, ինքնախաբող, ինքնահամոզող եւ ամեն վատ ինքնաբան անող բացասական որակ (հակաորակ):
Մտահոգված ենք,
որ սրա համագումարման, պետականացման, քաղաքականացման եւ վարչականացման արդյունքում ստեղծվում է լուռ ինքնատելության գոտի հենց նույն վերոհիշյալ բյուրոկրատական ճյուղերի եւ հասարակության ամեն մի անհատի միջեւ... Եվ նկատի ունենալով հայկական «ծածկադմբոց» անելու՝ «կեղտը տնից չհանելու» դարավոր «կուլտուրան»` կարելի է պատկերացնել, թե ինչքանով է այդ ամենը «բարենպաստ» մեր իսկ հասարակության ինքնապաշտպանության համար:
Մտահոգված ենք,
մեր տան հիգիենիկ եւ սանիտարական ներհասարակական իրավիճակով, քանզի կեղտը հայ պետությունից չի հանվում...
Մտահոգված ենք,
ինչու՞ չենք ուզում մաքրել մեր տան կեղտը` որպեսզի կեղտի հետ մեկտեղ մաքրման փոթորիկը չքշի եւ մեր ազգի հարստություննե՞րը, գանձե՞րը, որը մենք թաքցնում ենք դարավոր թրիքի տակ... թե՞ ավելի շատ վախենում ենք մաքրել կուտակված աթարը, որովհետեւ համոզված չենք, որ նրա տակ երբեւիցե եղել են գանձեր...
Մտահոգված ենք,
որ խաղ հիշեցնող այս «վերադաս» եւ «ստորադաս» նույնարժեք «ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին» բանաձեւով ղեկավարվող բեւեռացումները ավելի վտանգավոր են միմյանց համար եւ շատ անվտանգ, կանխատեսելի եւ ղեկավարելի թշնամու համար, մանավանդ որ այս ոչխարների եւ գայլերի հոտը, մնալով առանց գելխեղդ շների եւ չոբանի, թշնամու կարիք չունի իսպառ...
Մտահոգված ենք,
որ ամենասարսափելին՝ այս ձեւական եւ արյունաշատ հեռանկարներով «բեղմնավոր» ուղին առաջին հերթին քայքայում, ջլատում եւ հակասության մեջ է դնում հայ մարդու ներքնաշխարհը. այսինքն՝ ստեղծում է երկպառակություն` կա՛մ միայն վերադաս (խարդախ, կաշառակեր, գող եւ զորբա), կա՛մ միայն ստորադաս (խեղճ, տկար, թալանված եւ «հարիֆ»): Արդյունքում նորից ունենք համընդհանուր ստորաքարշ, բայց այս անգամ ինքնաթշնամացած հասարակություն...
Մտահոգված ենք,
որ որոնում ենք չարիքի արմատը դրսում եւ չենք հասկանում, որ չարիքը մեր մեջ է, մեր անսեր, ձեւական գոյատեւման մեջ, որը մահացու վտանգ է հայ ազգի կենսունակության եւ այն ապահովող պետության կազմավորման համար...
Մտահոգված ենք,
երբ տեսնում ենք, թե ինչպես է մինչեւ ատամները զինված մեր այս անմարտունակ «պոռնկատուն» դարձած պետությունը վերջնականորեն փոշիացնում հայ անհատի բարի կամքը եւ, օգտագործելով ժամանակակից տեխնոլագիաները, ստեղծում այնպիսի հոգեւոր դեֆիցիտ, որ ինքնորոշման մասին խոսելը դառնում է տակավին անհեթեթություն...
Մտահոգված ենք,
տեսնելով, թե ինչպես հայ պետական միտքը չգիտակցեց, որ եկել է հայ ազգի աստեղային ժամը, չինքնանվանեց այն, չդարձավ այդ աստեղային ժամի երաշխիքը, պաշտպանը եւ չհասկացավ իր միակ եւ առաջնահերթ ներքին ռազմավարական առաքինությունը՝ արժանին հատուցել հայ միայնակ անհատ ֆենոմենին, եւ ամեն ջանք չգործադրեց, որպեսզի Նա` Հայ Անհատը, դրսեւորվի հայկական համահավաք կամքի ներքո...
Մտահոգված ենք,
երբ հասկանում ենք, որ հայկական պետական կառույցը հետզհետե դառնում է ինքնանպատակ եւ վերջնանպատակ. ավելին՝ դառնում գաղափարախոսություն եւ կուռք...
Մտահոգված ենք,
որ կորցնում ենք պետությունը, քանզի այն իր իմաստի եւ դերի հայտնաբերողը չէ. մենք ազգովի կորցնում ենք պետության իմաստը, նրա անհրաժեշտությունը հայ մարդու համար մասնավորապես եւ հայության համար՝ ընդհանրապես...
Մտահոգված ենք,
որ ավելին չլինելով ազգային գաղափարի հայտնաբերման ճանապարհին հասարակությանը ոտքի հանողը, նա՝ պետությունը, իր ամբողջ ուժով նպաստում է այն հասարակարգի ստեղծմանը, որը բուծում է մի մարդակերպ եւ պետականանմանակ կառույց, եւ խրախուսում ու հովանավորում է այն մտածելակերպը, որը նոր հակապետական ապրելակերպ-գոյատեւումը խորացնող, «ամեոբիստական», եսամոլ, քմծիծաղող, ցինիկ, պարտվող մտածելակերպ է, որը, ի վերջո, խորացնում է հայ համահավաքի անպաշտպանությունը...
Մտահոգված ենք,
թե արդյո՞ք այս թատերականացված աշխարհագրական միավորը վաղօրոք չի վանում իրենից փայլուն, տաղանդավոր ամեն անհատի՝ զորավարին, արտիստին, գրողին, գիտնականին, եւ ի՞նչ կստացվի, եթե «ինքնահաստատում», «կայացում» ասված հասկացությունները դառնան ճաշատեսակների ցուցակի նման ցանկավորված, իջեցված միայն կենցաղային գոյապահպանական մակարդակի ... եւ այս տեսքով մատուցվելով հայ քաղաքացուն՝ որպես իր մարդկային «Եսի» կայացման հեռանկար...
Մտահոգված ենք,
շատ, քանզի ամենուրեք նկատում ենք այդ «Եսին»...
Մտահոգված ենք,
երբ մի կողմից տեսնում ենք հայ պետականության` խորամանկելու եւ օտարի ձեռքերով կրակից մեզ՝ հայերիս պատկանող շագանակները հանելու փորձերն ու միամիտ հավատքը, թե օտարը մեր խորամանկությունը որպես իսկություն ընդունեց, իսկ մյուս կողմից տեսնում ենք մեր պետական մտքի` «ջուրը չտեսած բոբիկանալը» (առաջինը ընդունելով որպես «խելք», երկրորդը՝ որպես «պարտականություն») ...
Մտահոգված ենք,
տեսնելով, թե ինչպես է մեր ազգային-պետական միտքը փորձում այս անգամ էլ համապատասխանել, հարմարվել եւ համահունչ լինել ներկայիս հոգեվարքի մեջ գտնվող աշխարհի «ուժեղների» թելադրանքին եւ ձեւացնել, թե դա իր ընտրությունն ու նախաձեռնությունն է: Այս անգամ արդեն մենք ձեւացնում ենք, որ հայ ենք: Ինչպե՞ս եւ, կարեւորը, ի՞նչ գնով ենք փորձում այդ անել` փոխարինելով կամքը կամայականությամբ, ոգեւորվածությունը եւ բնական վաստակված ուրախությունը՝ հիստերիայով եւ ծամածռություններով, իսկականը՝ արհեստականով... Եվ այդ ամենը անում ենք այնժամ, երբ ամբողջ աշխարհը հիշեցնում է «Խրախճանք ժանտախտի ժամանակ» իրավիճակը, բայց մի սարսափելի եւ անբարո տարբերությամբ` ժանտախտի սիմուլյացիա` ուրախության փոխարեն, իսկական լիաթոք ուրախության... Լացկանության դիմակը չենք ուզում հանել` ո՞նց կլինի, հանկարծ տարբերվենք, երեւանք, ինքնահաստատվենք, ինքնորոշվենք ու ինքնանվանվենք...
Եթե մարդն առողջ է ձեւանում, դա խոսում է այն մասին, որ մարդը լուրջ հիվանդ է...
Եթե մարդը հիվանդ է ձեւանում, դա խոսում է այն մասին, որ մարդը սիմուլյանտ է եւ խույս է ուզում տալ իր գործից, որը սրտովը չէ: Ի՞նչը մեր սրտով չէ...
Ի՞նչն է մեզ վախեցնու՞մ,
Ինչի՞ հետ համաձայն չէ մեր հասարակությունը,
Ի՞նչ պարտավորվածություն կա, որը դրդում է մեզ՝ հայերիս, այս անգամ էլ քողարկվել, ծպտվել եւ չթողնել Ագռավաքարից (Փոքր Մհերի կացարանը) դուրս գալու հայ անհատի խիզախ, հաջողակ, հանճարեղ, առաջադեմ, իսկական ոգուն, որպեսզի հավերժ գոյատեւի հարմարվող, «ամեն ինչի տակից դուրս եկող», անհաջողակ, գորշ, բութ, բոլորին քծնող եւ բոլորին արհամարհող, բիրտ բնական եւ շինծու արհեստական, սեփական որդիներին դավաճանող եւ Աստծուն ուրացուղ «հայ համայնք» կոչված ոչնչությունը՝ հասարակությունը....
Մտահոգված ենք՝
տեսնելով, թե ինչպես է հասարակությունը փորձում մեր իսկ պետությունը, նրա քաղաքականությունը ծառայացնել՝ ի նպաստ մեր իսկ հարմարվողական, պարտվողական, ամեն գնով գոյատեւող, հաշմանդամ, ստրկամիտ, անցյալը արդարացնող, ներկան պախարակող եւ ապագան պղծող, հին հակապետական մտածելակերպին...
Մտահոգված ենք,
երբ լսում եւ տեսնում ենք ազատագրված (գրավա՞ծ) «տարածքների»՝ հայրենիքի վիճակը. ինչպես տարբեր խմբերի եւ խմբակցությունների, կլանների քմահաճույքին է հանձնված այս լրջագույն, ազգակերտող, համախմբող գործունեությունը: Ինչպես է հայերի պետությունը թույլ տալիս, որ այս պարագայում գործի տկարության, ասիականության, ստիպվածության գործոնը: Եվ պետք չէ ապացուցել, թե հողը ինքը ցանքս կտա: Մեր այնտեղից հեռանալը ակներեւ չէ, մեզ այնտեղից վտարողի վտարվելն ունի վտանգավոր ակներեւ փաստեր: Բայց ամենավատը` որ մեր ներկայում այս տարածքը հայրենիք ընկալելը բոլորովին փաստեր չունի: Մենք չենք ընկալում, որ դա հայ պետության տարածք է, այնտեղ կան հայկական դժբախտության կանչը եւ հայկական բարբառության փաստեր....
Ի վերջո, շատ ենք մտահոգված.
արդյո՞ք այս «սատանի մայլում քյանդրբազությունը», այս «պլեճները», այս «դուրսը քահանա, ներսը` սատանա», այս «կդզվի»-ները, այս «եղունգ ունես գլուխդ քորի» եւ այս «տակից դուրս գալը» չե՞ն ստեղծի մի արյունոտ շիլա-փլավ, եթե ոչ մեր որդիների, ապա մեր թոռների համար...
Մտահոգված ենք,
տեսնելով, թե ինչպես է մահանում այն, ինչը մահանում է վերջինը՝ հայ մարդու հույսը:
Երեւի թե միշտ է, որ մարդը, հասարակությունը, օրգանիզմը, գտնվելով երկատվածության իրավիճակում (ի՞նչն է մեր սրտով եւ ի՞նչը` ոչ. լինե՞լ, թե՞ չլինել. հայտարարվե՞լ, թե՞ լռել եւ այլն), փորձում է լուծել այն մարդկայնորեն, այսինքն՝ բնական գործընթացին տալ զուտ մարդուն բնորոշող բարոյական գնահատական:
Եվ երեւի թե սա է, որ երկատում, պառակտում, հակադրում եւ հակադրվում է մարդկային ցանկացած հարաբերություններում՝ կնոջ եւ տղամարդու, մարդու եւ ընտանիքի, ընտանիքի եւ հասարակության, հասարակության եւ նրանց բոլորի գլխավոր, հանճարեղ ստեղծագործության՝ Պետության միջեւ:
Ընտրություն ամեն ինչում. բեւեռացում՝ երկու ափ, երկու սեռ, երկու ճանապարհ եւ, իհարկե, հավերժ երկուսը. թշնամիներ՝ կրոնական, քաղաքական, տնտեսական, իսկ հիմա էլ այդ ամենը սինթեզված համայն աշխարհի մասշտաբով` եւ՛ քաղաքական բեւեռներ, եւ՛ կրոնական հակադրում, եւ՛ սրանց ապոֆեոզը՝ տնտեսական վերադաս` գլոբալիզացիա եւ ստորադաս` հակագլոբալիզացիա... ուղղահայաց եւ հորիզոնական, եւ այլն: Ուրեմն նորից «խրախճանք» եւ «ժանտախտ» :
Իսկ ի՞նչ անի մարդը, անհատը, անձը, ու՞ր գնա, ո՞ր գրողի ծոցը...
Մնում է՝ նորի՞ց մտնի իր «ագռավի քարը»...
Դե հենց դա էլ կատարվում է, բայց հիմա մենք էլ օրիգինալ չենք, հիմա ամբողջ աշխարհի մարդիկ են «Փոքր Մհեր»: Այս աշխարհը չշտկվեց, ցորենը չդարձավ ձու, իսկ ձուն՝ խնձոր, ո՛չ: Մարդը դարձավ Մհեր...
Այսպիսով՝ ԱՇԽԱՐՀԸ ԵԿԱՎ ՄԵՐ ԴՈՒՌԸ:
Վատ իմաստով մենք եղանք առաջադեմ եւ հետ չենք մնացել աշխարհից...
Իսկ կա՞ արդյոք երրորդ ուղին, կարո՞ղ են քաղաքակրթության ուղղահայացը եւ մշակույթի հորիզանականը հատվել, կարո՞ղ է համակարգը համապատասխանել մարդուն, կարո՞ղ է լինել այնպես, որ մարդկային առողջ մարտունակության ոգին գտնի իր համար դաշտ եւ չվհատվի ի վերջո. կա՞ մի նոր իսկություն, թե՞ միայն կան մի կողմից արհեստականություն, իսկ մյուս կողմից` դրան հակադիր գռեհիկ բնականություն, մի կողմից միայն քաղաքակրթության սիմուլյացիա, տուրիզմ, շոու, իսկ մյուս կողմից՝ հաց, կենաց եւ գոյատեւում....
Կա՞ արդյոք որեւիցե համընդհանուր պտուղ այս երկու բեւեռների՝ տղամարդ-մշակույթ-տաղանդ եւ քաղաքակրթություն-կին-իմաստություն հասկացությունների խաչասերումից. կա՛, դա հանճար-որդի-համամարդն է՝ համամարդկայնությունը:
ՍԱԿԱՅՆ ՄԵՆՔ....
Հենց այս իրավիճակում (շուտ հավատալով, որ եկել է մեր ժամը եւ իսկույն հիասթափվելով մեր իսկ անկեղծ պոռթկումից, քանզի պետք էր ցուցաբերել կոլեկտիվ կամք) պարզ դարձավ, որ հասարակության ներսում ունեինք մի «ուժ», որը գոյապահպանեց մեզ այնժամ, երբ աշխարհը դեռ չէր եկել մեր հիասթափվածությանը եւ եզրահանգմանը եւ դեռ «Մսրա աշխարհ էր», իսկ հիմա այդ «ուժը» մեզ տապալում է, քանզի հիմա, ըստ մեր ազգային պատմական տրամաբանության, մենք պետք է «նեղանանք» հակառակ ուղղությամբ՝ այսինքն՝ ցուցաբերենք նոր մտածելակերպ եւ դուրս գանք մեր նեղվածության քարից` ցույց տալով մեր իսկությունն այս շշկռված, խառնաշփոթ, սուտ հակադրվող եւ արյունոտ թատերաբեմ աշխարհին:
Բայց, հասկանալով, որ Մսրա աշխարհը հիմա մտել է մեր տունը եւ Մհերի քարանձավում է արդեն, մեր անձի հետ կատարվում է ամենավտանգավորը, ինչը կարող է տեղի ունենալ հայի հետ: Այն կոչվում է «Փոքր Մհերի» համախտանիշ (սինդրոմ)՝ բացարձակ օտարացում եւ օտարում, ինքնամփոփվածություն, նեղվածություն, հրաժարում օբյեկտիվ իրականությունից, սոցիալական եւ քաղաքական մահ: Սա անհատի բողոքի յուրօրինակ ազգային տարբերակ է, ինչպես ճապոնական խառակիրին կամ ծայրահեղ քաղաքական տարատեսակը՝ ինքնահրկիզումը: Հայի կողմից աշխարհին ուղղված սրանից մեծ բողոքի ձեւ չկա: Ավելի ճիշտ, չկար... սա հին ինքնապաշտպանության եւ գոյատեւման ձեւ է, որի համար պետք է սարսափելի շատ էներգիա եւ կենսական կիրք, երեւի ավելի շատ, քան համակարգ ստեղծելու համար: Բա ափսոս չէ՞ այս էներգիան հիմա...
Հենց սա չհասկացավ թե չուզեց հասկանալ հայության ամեն մի ղեկավարություն, մանավանդ աղետալի էր վերջին հանրապետության առաջին վերդաս կազմի կուրությունն այս հարցում: Ամեն ատյան, որ հավակնություն ունի հնչեցնել հայ համահավաքի շեփորը, պետք է առաջին հերթին հասկանա այս ազգային ֆենոմենը: Ամենաբարդը հայ ավագանու համար է, քանի որ ցավագին եւ հարատեւ ինքնամփոփությունը մինչեւ անգամ հայ ղեկավար անհատին կտակում է ահռելի անարդարության հիշատակի բարդույթ՝ կատարված իր իսկ հետ, քանզի նա նույնպես հայ է, նույնպես Մհեր: Հետեւապես, նրանից պահանջվում է տասնապատիկ ավելին, այսինքն՝ դուրս գալ սեփական նեղացկոտության քարանձավից՝ փաստորեն հրաժարվելով քաղաքացիական մահից եւ միայն ֆիզիկական գոյատեւումից, քաղաքացիական կյանքը նվիրել համայնքին եւ խաչ քաշել գոյատեւման վրա: Հենց այս բանը չարեց մեր առաջին ավագանին: Աշխատեց իներցիայի օրենքը, որը բերեց մեզ այս փակուղին՝ ֆիզիկապես գոյություն ունենք, միջակ ենք, գորշ եւ բացարձակապես չենք մասնակցում այսօրվա աշխարհի որեւիցե կառուցողական գործընթացի: Սպասում ենք, ... գոյատեւում:
Այս գործընթացը սկսվեց շատ վաղուց: Տասներեք տարի առաջ արդեն ցանված էին այն սերմերը, որոնցից պետք է ծնվեր ներկայիս իրավիճակը, երբ մի կողմից փայլուն, եզակի անհատն է, որը իրեն եւ իր պատկերացրած պետության համար համաձայն է միայն եզակիության եւ արտակարգության ապագային, մյուս կողմից` ստորաքարշ, սովորական ստանդարտիզացիաներին եւ ձեւական նորմերի պահանջներին ձգտող մի անորոշ համահավաք, որը պաթոլոգիկ անընդունակ է դառնալու ինքնազարգացող, կատարելագործվող, ճկուն եւ միեւնույն ժամանակ` նախաձեռնություն ցուցաբերող եւ վճռական համակարգ:
Ոչ մի կերպ չենք կարող ընդունել, որ կարելի է բազմանալ, հավաքվել եւ լինել բարի ուժ. դե իհարկե, տեսա՞ծ բան է, որ շատը լինի բարի, «Աշխարհիս բանն է...»- ասում է մեր ծեծված եւ միանգամից հետեւություն անող իմաստությունը....
Իսկ ի՞նչ է մեզ ասում մեր միայնակ անձ տաղանդավորը...
Մի՞թե մենք լավն ենք, երբ թույլ ենք. ուրեմն իսկապես լավը չենք, ոչ էլ արդար ու «Մհեր»: Ուղղակի որոշել էինք մեղակորույս, պրպտող Աշխարհին չմիանալ, որ նրա նման հիմա չկանգնեինք մեղա գալու դռանը:
Օ՜, մենք՝ անմեղ մեղավորներս. իսկ եթե դա ավելի՞ մեծ մեղք է:
Իսկ հիմա մեզանում կատարվում է ամենավտանգավորը` համընդհանուր միջակություն: Սակայն մշակույթը, արվեստը միջակ չի լինում: Ի՞նչ կլինի մեզ հետ, եթե ստանդարտիզացվենք - չի լինի արվեստ: Ի՞նչ կլինի եթե չլինեն արվեստ ու մշակույթ - չենք լինի, կվերանանք: Փոխարենը կառուցվել է մի բազմանյութ հարաբերությունների կույտ՝ այստեղից եւ այնտեղից ներմուծված ինքնանպատակ տեխնոլոգիաների կոնգլոմերատ, որն անընդունակ է որեւիցե դինամիկայի, որի էներգետիկ ուժն իր անհատների բարի կամքի հանրագումարը չէ: Այդ ապակառուցողական կույտի (ներկայիս հայկական պետության) էներգետիկ աղբյուրը կախված է արտաքին սնուցումից: Ի՞նչ չունի մեր պետությունը. սեփական քաղաքացիների մարտական ոգու՝ զոհաբերման կամավոր կամքի պաշար:
Սակայն այս գորշ, միջակ «կոնստրուկցիան» շատ հարմար էր մեր թշնամյաց համար, եւ նրանք խրախուսեցին եւ գովաբանեցին նման գործընթացը, իսկ մնացածն արեցին մեր եսամոլությունը, եսասիրությունը, խորամանկ միամտությունը...
Հիասքանչ հեռանկար. լինել նման «պետության» քաղաքացի կամ օտար պետությունների հպատակ: (Առաջ գոնե պատճառաբանում կար. Հռոմ, Բյուզանդիա, Պարսկաստան, Թուրքիա, Ռուսաստան .... իսկ հիմա` ի՞նչը....) Նորից անլիարժեքության բարդույթ:
Մենք՝ ռազմադաշտային մտավորականներս, ում սիրտը միշտ լեռներում է, չենք հավակնում լինել գաղափարախոս, առաջարկել նոր քաղաքական ուղի (մանավանդ, երբ ուղին մեկն է) կամ մատնանշել միակ ճիշտ պետական կամ ազգային մոդելը: Ո՛չ, դրա կարիքը չկա, որովհետեւ չկա վատ մոդել. մոդելը միայն պետք է լինի ազգային ոգու մարմնացում եւ ոչ նրա հակառակը... Մեզ անհանգստացնում է հայ մարդու եւ հասարակության ներքին վիճակը, որն անվանեցինք Փոքր Մհերի սինդրոմ: Այս ամենում հասկանում եւ ընդունում ենք մեր մեղքը, մեզ ի տնօրինում տրվածը, ինչպես նաեւ վերը նշված այն վտանգը, որը սպառնում է մեզ: Այնպիսի տպավորություն է ստեղծված, որ մեզանում հայտարարված պետական իրականությունը եւ օբյեկտիվ հասարակության օբյեկտիվ իրականությունը ոչ միայն չեն համապատասխանում կամ հակադրվում միմյանց (դա կլիներ ավելի կառուցողական վիճակ), այլ գտնվում են մի տեսակ լուռ պայմանավորվածության, խաբկանքի, ծպտվածության եւ միմյանցից քողարկված վիճակում՝ ցանկանալով այդպես կարծես թե խաբել, համոզել ուրիշին, որպեսզի չհայտնաբերվի ներքին ներդաշնակության բացակայությունը եւ վախը` «դու ինձ չես տեսնում, ես էլ՝ քեզ. ուրեմն մեզ ոչ մեկը չի հայտնաբերի»:
Ավա՜ղ, մենք նման ենք առողջ մարդու, որն ուզում է հիվանդ ձեւանալ, թաքցնելով, խաբելով ինքն իրեն, որ ինքը մահացու հիվանդ է, որպեսզի չտարբերվի իրեն շրջապատող հիվանդներից: Նման ճարպկությունը կլիներ արդարացված, եթե ներկայիս համաշխարհային հանրության առաջարկած դեղամիջոցները լինեին ոչ իսկական: Ներկայիս աշխարհը ծանր հիվանդ է եւ ունի նաեւ ձեւակերպում՝ «քաղաքակրթության սիմուլյացիա»... Ի՞նչ կլինի առողջի հետ, եթե նա ընդունի հիվանդի համար նախատեսված այդ դեղամիջոցները:
Ո՚չ, այժմ այս հիվանդ աշխարհում ոչ մեկին չես խաբի` պարզապես առաջընթաց հայտարարելով: Մանավանդ մեր պարագայում դա շատ շուտ կհայտնաբերվի: Խոսքը մեր աշխարհագրական, պատմական, քաղաքական եւ մշակութային դիրքի եւ հավակնությունների մասին է: (Մեր հասարակությունն իր անցյալով, ներկայով եւ ապագայով միշտ պետք է համապատասխանի Աստծո վստահությանը եւ մեր իսկ բնական հավակնություններին կամ ավելի շուտ` նրանց բնությանը, հետեւապես պետք չէ ձեւացնել, պետք է շտապ բուժել մեր հասարակությանը` վստահորեն նայելով վտանգի աչքերին: Մեր թշնամին անողոք է եւ անհավատ, եւ կոչվում է «հայկական պարտվողական գոյատեւում...»:)
Բայց շարունակենք մեր ինքնահետազոտումը...
...Ներկայիս Հայաստանի պետական-քաղաքական հայտարարությունները եւ հայ հասարակության ներքին իրավիճակը ոչ միայն հակասական են (դա կլիներ չարիքի փոքրագույնը), այլեւ երկուսն էլ խուսափում են համապատասխանել մեր իսկ ազգային դերին եւ երազանքին, ինչպես նաեւ մեզ ներկայացվող եւ, ըստ այնմ, մեզ ընկալող համաշխարհային եւ տարածաշրջանային հանրության վերաբերմունքին: Տարածաշրջանի ամենամարտունակ եւ հաղթանակած բանակը եւ այլն... Իսկ սա արդեն ուղղակիորեն վտանգավոր է մեր երկրի, պետության եւ անհատի ֆիզիկական գոյատեւման համար...
Լինելով գոյատեւող քաղաքակրթության ազգ, մենք կարող ենք վերանալ որպես մշակութային ժողովուրդ...
Ի՞նչ ենք մենք հայտարարում, եւ ի՞նչ գնով ենք մենք այդ իրավունքը ձեռք բերում ինքներս մեզանից...
ԵԹԵ ԱՅՍ ԱՄԵՆԻՆ ՆԱՅԵՆՔ ՆԵՐՍԻՑ...
«կդզվի՞՞՞...»
-Քաղաքական կայունություն - քաղաքականության բացակայություն, հասարակության բացարձակ անտարբերություն «դիմության» եւ «ընդդիմության» հանդեպ. նրա գործունեության ինքնաբավարարվածություն, անվստահություն ու հեգնանք հասարակության կողմից քաղաքական բոլոր ճյուղերի հանդեպ, կլանային համակարգի պրակտիկա: Քաղաքականությունը մեր իրականության մեջ հարմար է տնտեսական պաշտպանվածության առումով...
Մեր ներկայիս կայունության գրավականը կենցաղային պրոբլեմների մեջ թաղված ժողովրդի անտարբերությունն է, որը սովոր է ապրելու իր դարավոր պրակտիկայի շնորհիվ` առանց պետական պաշտպանվածության` ընտանիքով, ծանոթով, բարեկամական շրջապատով...
-Միջազգային ճանաչում - պատրանք` ստեղծված համաշխարհային հանրության կողմից, որպեսզի մենք փարատենք եւ գուրգուրենք մեր թվացյալ հաջողությունները (փափուկ բարձ գլխի տակ): Իմանալով մեր հավակնությունները` աշխատել չգրգռել հասարակական ակտիվություն, ինչը եւ հաջողվում է, մանավանդ որ մենք ինքներս էլ ձգտում ենք շուտափույթ ինքնագոհանալ եւ բավարարվել եղածով...
-Տնտեսական դինամիկա - շուկայական հարաբերությունների նախադրյալներ, արդյունաբերական ճիշտ վերազինում՝ ըստ միջազգային շուկայի պահանջների, արժանի տեղ գրավելու նպատակով. բազմամիլիոնանոց սփյուռքի շնորհիվ` գլուխ պահելու հնարավորություն, տնտեսության եւ արդյունաբերության վերջնական կախվածություն արտաքին ներմուծումներից եւ ռազմավարական ներուժի կորուստ...
-Իրավական եւ օրենսդիր դաշտի կազմավորում - իրավական եւ օրենսդիր բացարձակ բանաձեւերի եւ տեսակների կոնգլոմերատ, խճճվածություն եւ ինքնահակասում, դաշտ, որը չի արտացոլում մեր ազգային պատկերը:
Լիակատար անընդունակություն օպերատիվ ոլորտում եւ բազմակողմանի կախվածություն քաղաքական պատվերից ու իրավիճակից:
Հասարակության կողմից անվստահություն եւ վախ հարուցող մի ատյան, որը ոչ մի հենարան չունի հայ մարդու սրտում, սակայն անհատի կողմից ընկալվում է որպես պարտադիր մի տառապանք եւ ինքնըստինքյան նորմալ երեւույթ, որը կապ չունի հայ մարդու հոգու օրենքի հետ...
-Ուժային ինստիտուտների մարտունակություն, արհեստավարժություն, կադրային կազմի վսեմություն եւ հայրենասիրություն - համատարած ակներեւ վախ, կասկած հասարակության կողմից, խեղճերի եւ զոռբաների միջավայր, ներքին մթնոլորտի անառողջություն, բամբասանքներ, բանսարկություններ: Արտաքին փայլ եւ ներքին անհամապատասխանություն: Ստվերային տնտեսության համար հովանի եւ պաշտպան: Կադրային կազմի ցածրագույն մասնագիտական եւ կուլտուրական մակարդակ...
-Մշակույթի, հոգեւոր, կրթական եւ դաստիարակչական ինստիտուտների բազմազանություն, ազգային եւ համաշխարհային արժեքների սինթեզում եւ համապատասխանում - մի կողմից բացարձակ գռեհիկ ազգայնամոլություն եւ մյուս կողմից` տիեզերամոլություն, ձեւամոլություն: Կադրային կազմի ցածրագույն մասնագիտական եւ քաղաքացիական մակարդակ, օտարամոլություն, անձնավորվածություն, խմբակայնություն: Պետական ծրագրերի բացակայություն: Ամբողջ ոլորտում անճաշակ եւ պրիմիտիվ նմանակում: Աղանդամոլություն, որը հասարակության մեծ մասի կողմից բոլոր ոլորտներում ընդունվում է որպես պատճառաբանված հնարավորություն` խույս տալ քաղաքացիական, պետական, զինվորական ծառայություններից:
Ասպարեզների հիանալի դաշտ պարազիտիզմի համար...
Ի՞նչը մեր սրտով չէ. ի՞նչն է մեր սրտով:
Պարզ է դառմում այն, որ մեր «քաղաքական» մարմինը չի ստում, քանի որ այդ իրավունքը նա ստացել է անհատից, որր ապահովում է իր գոյատեւումը հորիզոնական հարաբերությունների՝ այսինքն՝ գողության միջոցով, որն արտահայտվում է կա՛մ ինքն իրեն հայրենիքից գողանալով եւ օտար պետությանը տալով, կա՛մ օտարի ունեցվածքն ու քրտինքը գողանալով, կա՛մ «զոռբայական» տարբերակով յուրայիններից գողանալով, քանզի մենք հիմա ունենք «գայլեր եւ ոչխարներ» հասարակական միջանձնային համակարգը...
Սրանով այս «անհատը» թույլ է տալիս իրեն ուղղահայաց ձեւացնող ատյանին ասել այս ամենը, ինչը եւ ճիշտ է այնքանով, ինչքանով անգույնը սպիտակ է...
շարունակությունը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել