Սարերից չիջան ...(Մաս 2)
Ալեքսանդր Մելքոնյան (Սաշա)
Նման իրավիճակ նկարագրել է մեծն Մովսես Խորենացին հինգերորդ դարում, բայց, ավա՜ղ, իրավիճակը կրկնվում է նորից ու նորից: Սակայն, եթե համեմատենք հինգերորդ դարը եւ մեր իրականությունը, կնկատենք, որ այն աշխարհը դեռ չէր պարպել իրեն, նոր էր կառուցում իր ուղղահայացը, դեռեւս չկար քաղաքական եւ տնտեսական վհատվածությունը համաշխարհային առումով: Աշխարհը դեռ մահացու հիվանդ չէր եւ հետեւապես վտանգավոր չէր իր հոգեւարքի պահին, որին հատուկ են ինքնափրկության անսահման անբարոյականությունն ու դաժանությունը:
Այն աշխարհը առողջ էր, թեպետ բիրտ էր եւ անողոք, եւ դա արդարացնում էր մեր` հայերիս չմասնակցելն այն արյունոտ խրախճանքին: Մենք տեղափոխեցինք մեր պետությունը մեր ընտանիք եւ այդպես գոյատեւեցինք. դա արդարացված էր:
Սակայն հիմա՞:
Մենք կկարողանա՞նք մշակույթ ստեղծել, եթե տեղափոխենք մեր պետությունը մեր ընտանիք: Ու՞մ ենք մենք հակադրվում` պարսիկի՞ն, բյուզանդացու՞ն, թուրքի՞ն, թե՞ խորհրդային պետությանը, ումի՞ց ենք մենք ծպտվում, ու՞մ մենք չենք ծառայում, ու՞մ պետությունն ենք մենք քանդում:
Այս «խորիմաստ», «խորամանկ», «իմաստուն» բարդույթը միշտ մեր անձի պաշտպանն էր, մեր գոյատեւման բանաձեւը, սակայն այն, լինելով մեր ուժեղ հատկությունը, թուլացնում է մեր իսկ համահավաքի հատկությունը` համընդհանուր մարտունակության որակը:
Մարտունակությունը զենք կամ զինվորական արտահագուստ հագած բազմաքանակ ամբոխ չէ. դա առաջին հերթին սերն է միմյանց նկատմամբ, ուշադրությունը, զոհաբերվելու պատրաստակամությունը` որպես այս ամենի հավաքական արդյունք, իսկ միջոցը՝ պետությունը...
Ինչու՞ ենք մենք վախենում լուրջ վերաբերվել համընդհանուրին, համահավաքին. ինչու՞ ենք մենք քմծիծաղով վերաբերվում ամեն մի կոլեկտիվ մշակույթի եւ գործողության:
Երեւի մենք՝ հայերս, չենք ընկալում մարդկային արդարությունը, բարերարությունը «պետություն» ասվածի համատեքստում: Մեզ համար լավ պետություն չի լինում...
Իսկ եթե մեզ՝ վառ «անհատականություններիս» է հենց ի վերուստ տրված ստեղծել նո՛ր պետություն, նո՛ր հավաքական միավոր, որը կլինի նույնչափ ներդաշնակ, սիրված եւ բարոյական, որչափ Հայ Ընտանիքը... Թե՞ մեր թերահավատ համեստությունը մեզանից չի ընդունի այդ միտքը (երեւի, եթե օտարը ասի, կհավատանք): Սակայն, հիմա մենք արժենք իրար՝ թե՛ վերադաս, թե՛ ստորադաս, թե՛ նախագահ, թե՛ քաղաքացի, թե՛ գեներալ, թե՛ շարքային: Իրար խաբում ենք եւ մտածում, թե դիմացինը կհավատա ... (մկների ժողովը):
Այս ամենը չէր առաջացնի անհանգստություն, եթե լիներ մեր նախաձեռնությունը: Կարող է լինել դժվար կամ ծանր իրավիճակ, բայց մեզ մոտ այն հիմա պարզապես վատ է:
Վատ է, որովհետեւ այս ամենը հոգեհարազատ չէ մեզ, մեր է-ին, մեր «ես»-ին:
Մենք չենք կամենում այս ամենը պաշտպանել սեփական կյանքի գնով, որովհետեւ, եթե մենք զոհվենք, ներկա պետությունը չի պաշտպանի մեր ընտանիք-պետությունը, որովհետեւ մենք նրան չենք ստեղծել մեր ընտանիքի պես, որովհետեւ այն հայ ընտանիքների պետություն է, այլ ոչ թե հայ պետության ընտանիքը...
Դրա ախտորոշիչն է մեր վերաբերմունքը զինվորական պարտադիր ծառայության նկատմամբ, որն ավելի շուտ պարտադրված ծառայություն է: Իսկ մեզ համար պարտադրվածն օտար է... Եթե կամավոր չէ, այն մերը չէ: Մենք կամավոր ինքնահավաքվում ենք միայն ֆիզիկական վտանգի դեպքում, իսկ հիմա մենք չենք զգում, չենք տեսնում, որ վտանգը կա եւ ավելին` այն ներխուժել է մեր մեջ, եւ մենք օր օրի պարտվում ենք դրանից:
Վտանգված է ոչ թե հայ անհատի ֆիզիոլոգիան, այլ ազգի բարոյական, հոգեւոր եւ գաղափարական սուբստանտ հանդիսանալն ընդհանրապես: Պարզ ուրվագծվում է էնդեմիկ պարազիտ լինելու մոդելը: Խոսքն իրերի մասին չէ՝ ո՛չ Զվարթնոցի, ո՛չ Մատենադարանի: Ո՛չ: Վտանգված է այս գեղեցիկ նյութական արժեքների հեղինակ-անձ-անհատի ապրելակերպը: Այդ ամենի ահազանգը պետք է տայինք մենք՝ նոր հայկական, նոր պետական համայնքը` մեր նոր տիպի միջանձնային հարաբերություններով:
Փորձենք հասկանալ մեր համայնականի բացասականը եւ նրա կոնֆլիկտն անհատի դրականի հետ: Դարեր շարունակ մենք ընդդիմացել ենք բազմաթիվ թե՛ կոնցեպտուալ, թե՛ կրոնական, թե՛ փիլիսոփայական, թե՛ մշակութային գլոբալ տեսությունների արշավներին ու հալածանքներին: Դիմակայել ենք անհատապես՝ հրաժարվելով սեփական համահավաք-համակարգից՝ հասկանալով, որ նրան կարող է տապալել ավելի հզոր համակարգը, քանի որ համակարգը միշտ կոնկրետ է եւ հասցեագրված (այսինքն՝ պետությունը): (Եթե մենք մեզ հանձնեինք նրան, իր տապալման հետ կտապալվեինք եւ մենք:) Ո՛չ, մենք ապապետական ազգ չենք, մենք ունենք պետական մտածելակերպ, սակայն մեր «պետական մտածելակերպը» եղել է հակապետական եւ այդքանով բավարարվել, այնինչ մենք գոյատեւել ենք ընտանիքի շնորհիվ՝ դարձնելով վերջինը միկրոպետություն՝ ի հակադրություն օտար պետությանը: Գոյատեւման իմաստով սա եզակի միջոց է:
Ներկա պարագայում մենք չենք կարողանում հաղթահարել հենց այդ բարդույթը: (Կարելի է ասել` պետության թշնամին ընտանիքն է): Մենք չենք հասկանում, թե ինչպես կարող է գումարվել համահավաք-պետություն, որը համապատասխանի հայ անձի ներքնաշխարհի բարոյականությանը, չլինի գերակշռող, լինի արդար ու ճիշտ եւ իր վրա վերցնի անձի անհատական, կենսական պրոբլեմների հոգսը. այդ դեպքում անձն ի՞նչ անի... եւ այդպիսով ընտանիքը դառնում է պարտադիր ծառայություն:
Այն իրավիճակը, որն առկա է, անբարոյական է կրկնակի. նախ` որովհետեւ մենք չենք ուզում վստահել միմյանց մեր անձնականը եւ ստեղծել ընդհանուրը, որը կպաշտպանի մեզ՝ բոլորիս, երկրորդ` որ մենք ոչ միայն կասկածում ենք միմյանց, այլեւ համոզված չենք, որ գումարվելով, ստեղծելով ընդհանուր մի ատյան՝ իսկույն չենք սկսի հավաքական ուժը կիրառել ուրիշների դեմ, վրեժխնդիր լինել բազմադարյան թուլության համար եւ այդպիսով նորից կվտանգենք մեր փոքր պետությունը եւ նրա ամենագլխավոր կուռքը՝ Ես-ը, մեծն Ես-ը, ընտանիք Ես-ը...
Այս ամենն անբարոյական է այն պատճառով, որ այս ստի, այս մեր արհեստականորեն ճիշտ, արդար մարդաստծո պահպանման պատրանքի համար, պետք է պատասխան տա եւս մեկ հայ՝ հայ զինվորը:
Ինչի՞ համար պետք է իր կյանքը վտանգի մի մարդ, որն իր կյանքի գնով պարտավոր է պաշտպանել (թեպետ նա նույնպես Ես է) մեր այս «պետության» նման հերթական ձեւականությունը. ու՞ր մնացին մեր եսասիրությունը, անհատասիրությունը եւ կյանք գնահատելը: Թե՞ նա՝ այդ պաշտպան կոչվածը, հայ չէ:
Իսկ քանի որ նա նույնպես հայ է եւ ունի նույն մոտեցումը, դաստիարակությունը եւ ծառայում է իր ընտանիքին եւ իրեն, մենք տեսնում ենք այն, ինչ մենք ուզում ենք չտեսնել՝ վախ, խուսափում բանակից, անտարբերություն, հարկադրանք եւ այլն:
Էլ ինչու՞ ենք զարմանում: Մենք մեզ նորից խաբում ենք՝ ուղղակի հիմա պետություն ձեւանալով...
Վտանգավոր եւ անբարոյական թատրոն...
Տեսանկյուն խրամատից
...հետագա բազմախոսության բոլոր թեմաները
մենք առաջարկում ենք դիտել այս բանաձեւի
տեսանկյունից...
Հարցն ուղղված է ժողովրդին, նրա հասարակությանը՝ այսինքն ազգային մտավորականությանը...
Պետություն ունենալով` բարոյակա՞ն է`
-Չգիտակցել, որ այս ամբողջ ձեւական, մինչեւ արմատները զինված խաղատան համար է որդիների կյանքը վտանգել...
-Չգիտակցել, որ սերն առ որեւիցե մեկն ատելություն է նրա թերությունների հանդեպ, եւ մտավորականը նույնանալով, յուրացնելով այդ թերությունները` տարրալուծում, ոչնչացնում է դրանք սեփական անձի ինքնաքննադատման, ինքնամաքրման միջոցով...
-Չգիտակցել հասարակական պասիվության վտանգը եւ ջանք չգործադրել նման իրավիճակը փոխելու համար: (Համատարած նեղացկոտություն. մի մտածելակերպ, որը համահավասար է մահվան: Չի կարող սրանից սարսափելի բան լինել հայի համար՝ ողջ թե մեռած...)
-Չգիտակցել արտաքին վտանգի առկայությունը եւ համաշխարհային ուժերի վերադասավորման փաստը եւ չընկալել, որ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» բանաձեւի վերակենդանացման եւս մեկ փորձ է արվում, թեպետ այդ ուժը ներկայանում է որպես խաղաղասիրություն հանուն խաղաղության. ամեն գնով՝ մինչեւ անգամ բազմաթիվ ազգերի ոտնահարված արժանապատվության...
-Թույլ տալ հասարակությանը` օտարոտի վերաբերվել սեփական ապագայի կերտմանը եւ չբացատրել ներկայիս աշխարհի համակարգերի արյունարբու, նենգ եւ դաժան փորձերը` շահարկելու մեր ազգային, պատմական անցյալի ողբերգությունները, սեփական նպատակներին ծառայեցնելու մեր անհատի տաղանդը եւ համահավաքի ուժը:
-Չհասկանալ, որ մեզ փորձում են նույնացնել աշխարհի այն «հոգեւոր արժեքների» հետ, որոնք դարեր շարունակ եղել են մեր ազգը քայքայողը, եւ ինչին մենք ընդդիմացել եւ այդպիսով պահպանել ենք մեր մարդկային եւ ազգային ինքնությունը...
-Չհասկանալ սեփական ազգի դերն աշխարհում եւ չհամապատասխանել սեփական հավակնություններին կամ, կորցնելով հասարակական հենարանը, ազգային պետությանը թույլ տալ դառնալ սեփական ազգի պատմական հարցի պատասխան մուրացող ու այդքանը համարել ոչ միայն բավարար, այլեւ արտաքին հարաբերությունների ոլորտում գերագույն նպատակ՝ բացարձակապես մոռացության մատնելով ներքին համապատասխանությունը:
-Որ կարող է արդարություն պահանջել մի հասարակություն, որն իր նիստ ու կացի մեջ համատարած անարդար է: Այդ շերտավորումը համարվում է մշակույթի արգասիք: Ինչպե՞ս կարող է ըմբռնում պահանջել մի հասարակություն, որը չի ընկալում ինքն իրեն որպես համաշխարհային մշակույթի գործոն եւ որպես պատասխանատու` իրեն հատկացված մաս մշակույթը հանրությանը ներկայացնելու:
-Բարոյական համարել մի ազգի մտավորականություն, որը չի առաջնորդում սեփական ազգին այս ամենը հասկանալու ճանապարհին:
-Այն համայնքը, որի մտավորականը եւ մտավորականությունը վախենում են սեփական ազգին բացատրել, որ արդար լինելով մեղա գալը, զիջելը, նույնանալը աշխարհի մեղսագործների հետ` կրկնակի մեղք է, որ «հաղթանակ պատերազմում» եւ «հաղթել պատերազմը» նույն բաները չեն, որ վախենալ սեփական արդար պատերազմից եւ խուսափել սեփական ազատամտությամբ հպարտանալուց` գերստրկամտություն է, որ ժառանգելով նախնյաց պատճառաբանված ծռությունները, թերությունները եւ կորուստները՝ չի կարելի այդ մոռանալ եւ նույնը հետնորդներին թողնել՝ այս անգամ արժեզրկելով հաղթանակն ընդամենն այն պատճառով, որ պետք էր համապատասխանել նրան եւ ցուցաբերել ազնվություն, կամք եւ աշխատասիրություն, սեփական հավերժ Ես-ը վստահել միմյանց եւ ա՛յդ մեծ հայտնաբերումը կտակել որդիներին, այլ ոչ թե կտակել տկարություն ու բարդույթ՝ ասելով` «մենք հավատում ենք ձեզ, երիտասարդներ»: Սեփական պատասխանատվությունից խույս տալու շատ հարմար քողարկման ձեւ ենք ընտրում ... Դա չի հասկացվի...
-Երբ մտավորականությունը չի հասկանում բազմադարյան օտար կրթությունների հետեւանքը, որը բերում է դաստիարակության խեղաթյուրման....
-Երբ ազգային մտավորականությունը խառնում է իր հասարակական, քաղաքացիական պարտքը` լինել ակտիվ եւ օրինակելի, առաջնորդել համայնքը հասարակությունը վերափոխելու դժվարին, տառապանքներով ու զրկանքներով լի ճանապարհին, եւ այն փոխարինում է լոկ փնթփնթոցով, դժգոհությամբ, բանաձեւեր հայտարարելով, մասնագիտական եւ կուսակցական գործունեությամբ ու այդքանով բավարարվում: Նորից գոյատեւման, Ես-ի բարդույթ...
-Երբ մտավորականությունն իր իսկ լռությամբ մասնակցում է հայրենի աշխարհի վերջին տարածքի եւ նրա մայրաքաղաքի, բնության եւ բնական պաշարների թալանման եւ փոշիացման բարբարոս գործընթացին:
-Անտարբեր դիտել, թե ինչպես է ջլատվում հայրենի բնությունը ժամանակակից տեխնոլոգիաներով զինված ագահ համայնքի կողմից...
-Ձեռք մեկնել ոխերիմ թշնամուն, որը չապաշխարած, քո իսկ նախնիների սպանդի հեղինակ լինելով՝ առաջարկում է քեզ բարեկամություն եւ համոզված է, որ քո համայնքը կցուցաբերի իրեն անհրաժեշտ «իմաստնություն»...
-Տեսնել համատարած օտարամոլություն եւ հոգեւոր արժեքների նյութականացման մոլուցք ու չցավել, չըմբոստանալ, չմատնանշել այն` չստեղծելով սեփական արժեքների համակարգ, եւ այն չհրամցնել համայնքին` որպես մշակույթ...
-Ընկալել ազգայինը մի կողմից միայն որպես պրիմիտիվ կրկնօրինակում, մյուս կողմից՝ ցուցաբերել վերացական տիեզերամոլություն՝ սեփական ապրելակերպի օրինակով:
-Չհասկանալ, որ պետք է լինել հայրենասեր քաղաքացի եւ տանել այս խաչը, որպեսզի ստեղծագործության մեջ հնարավոր լինի ձերբազատվել դրա բարդույթից. ու ստեղծել համամարդկայինը, բայց ոչ հակառակը` լինել համամարդկային քաղաքացի («որտեղ հաց` էնտեղ կաց»), սակայն ստեղծագործել, աշխատել միայն ազգային «նեղլիկության» մեջ:
-Երբ մտավորականությունը լուռ դիտում է, թե ինչպես է խեղաթյուրվում հայրենասիրությունը՝ որպես հոգեւոր արժեք, դառնում ձեւական եւ նյութականացված, ինչպես է այն մատուցվում որպես ատելություն դեպի թշնամին, քծնանք դեպի «դաշնակիցը», երբ չի կառուցվում ի սեր եւ հիմացություն սեփական ինքնաճանաչման, երբ այն չի ընկալվում որպես ինքնաճանաչում, սեր եւ ատելություն
-Երբ մտավորականը չի ապրում «անձնականը՝ իբրեւ համամարդկային, իսկ համամարդկայինը՝ իբրեւ անձնական» պատվիրանով...
-Երբ մտավորականը չի տարբերում դաստիարակությունը, կրթությունը եւ ուսուցումը միմյանցից եւ չի տարբերում, թե որն է իր դերը, խնդիրը եւ գործունեությունը մարդկային, ազգային եւ մշակութա-քաղաքակրթական ասպարեզներում...
-Երբ մտավորականը եւ մտավորականությունը չեն հասկանում ազգային բանակի դաստիարակչական գերագույն դերը եւ այդ ատյանում չեն մտահոգվում սեփական ժողովրդի ազգային գործընթացով:
-Օտարանալով բանակի դաստիարակչական դերից՝ մտավորակնը թույլ է տալիս նրա անցանկալի խեղաթյուրումները, թողնում է նրան ինքնահոսի եւ չի հասկանում, որ բանակի եւ բոլոր ուժային մշակույթների դաստիարակությունը միայն իր մենաշնորհն է: Այլապես այդ թափուր տեղը գրավում է վարչական միջոցառումների, սանկցիաների եւ տույժերի պրակտիկան, ինչը երբեք չի փոխարինի ազգային արժեքների, բարիդրացիական, հայ մարդուն հոգեհարազատ աշխարհընկալման ցանկությանը եւ, ըստ այդմ, այդ ամենին կամավոր ծառայելուն (պարտքը չի կարող ընկալվել որպես տույժ)...
-Երբ մտավորականությունն ուղղակիորեն չի զբաղվում բանակի դաստիարակությամբ եւ չի հասկանում, որ ինչքան բանակի դաստիարակչական համակարգը լինի թափանցիկ ամբողջ ազգի համար, այնքան նրա ուսումնառազմական համակարգը թշնամու համար կլինի անհայտ գաղտնի ...
-Երբ ազգային մտավորականությունն բացարձակապես չի հասկանում եւ չի ստուգաբանում հայ ազգի եզակիության գործոնն իր պատմության եւ իր իսկ եզակիությունը համամարդկային պատմության եզակի մշակույթի համաձուլվածքի մեջ...
-Երբ հայ մտավորականը չի գիտակցում եւ չի արմատավորում ներկա հայ իրականության եւ հաղթանակի եզակիությունն ամբողջ Եվրասիական համալիրի ներքո, քանզի հայկական հաղթանակը դա ոչ այլ ինչ է, քան միջազգային հարաբերությունների պատմական անարդարության համամարդկային բարոյական, արդար, ներդաշնակ եւ ճիշտ ինքնալուծում, բայց ոչ ագրեսիա եւ տմարդություն: Բայց այն կարող է դառնալ այդպիսին, եթե այս երեւույթի տերը մեր հաստատակամությանը վերաբերվի եւ գնահատի այնպես, ինչպես առաջարկում է այսօրվա անարդար Աշխարհի ուժեղների «միջազգային» օրենքը: Եթե մենք համաձայնենք դրա հետ, մենք կկատարենք ոչ միայն հայկական անբարոյականություն այլեւ համամարդկային հանցանք բարոյականության հանդեպ...
-Պատկերացում անգամ չունենալ սեփական պատմության տառապանքների եւ ողբերգությունների մեծ իմաստի ու խորհրդի մասին, մեր իրականության եւ մեր մտածելակերպի մեջ դրանց նշանակության մասին:
Չհասկանալ` ինչ ասել են`
Հին հայկական պետական մտածելակերպ...
Հին հայկական հակապետական մտածելակերպ...
Նոր հայկական հակապետական մտածելակերպ:
-Եվ վերջապես` նոր հայկական նոր պետական մտածելակերպ...
-Բարոյական համարել այն մտավորականությանը, որը գիտի ճիշտը, ասում է ճիշտը, բայց չի ապրում ըստ ճշտի:
-Բարոյական է համարել միայն չարիքը ճանաչելով, չարիքը ցուցանելով բավարարվելը, բայց չարիքի դեմ` հայկական եսամոլության եւ նրա գոյատեւող համայնքի, նրա բանտ-ընտանիքի դեմ չգումարվելը, չհամախմբվելը, նոր, հորիզանական հարաբերություններով ղեկավարվող մտավորականների համայնք չստեղծելը եւ հայ ազգի միակ թշնամուն՝ Եսամոլ Եսին չընդդիմանալը ՝ փրկելով հայ նոր պետությունը չկայանալուց, որպեսզի նա ներկայացնի աշխարհին մարդկային-միջանձնային նոր հարաբերությունների մշակույթ...
Մենք երբեք այսքան մոտ չենք եղել փրկության դռանը եւ երբեք այսքան մոտ չենք եղել կործանման փոսին...
-Եվ վերջապես կարո՞ղ է բարոյական համարվել այն հասարակության մտավորականությունը, որը չի հասկանում կամ չի ուզում հասկանալ հայ ազգի այսօրվա մեծ, բայց ոչ գերակշռող, օրինակ հանդիսացող դերը նոր մարդկային հասարակարգ ստեղծելու առումով եւ չի նախապատրաստում նրան մեծ փորձությունների, որոնք անպայմանորեն կլինեն, քանզի այսօրվա աշխարհի հոգեւարք ապրող «ուժը» երբեք չի ների մեր անհամաձայնությունը` մասնակցել այս «խրախճանք ժանտախտի ժամանակ» աշխարհբաժանման բանաձեւին (որտեղ մենք կլինենք կարեւոր):
Մեր դատը թեթեւ է, մեր խիղճը՝ մաքուր, մենք պետք է չվախենանք եւ ինքնահայտարարվենք: Այլապես մենք կտապալվենք մեր իսկ իմաստնության, քողարկման, «համեստության», զգուշության եւ գոյատեւման անմեղ մեղավորության մեղքի տակ...
Ուրիշի ամեն ինչի տակից դուրս եկանք՝ լավությունից սկսած, ուժից վերջացրած. ո՞նց ենք դուրս գալու սեփական մեղքի տակից: Միգուցե չմտնե՞նք նրա տակ, դառնանք «մեղավոր», չվախենա՞նք համագումարված մեղք գործել:
Թե՞ նորից շարունակվի տաղանդավոր մեղապարտ անհատների՝ Խորենացիների, Նարեկացիների, Սայաթ-Նովաների, Նժդեհների, Արշիլ Գորկիների, Չարենցների, Սեւակների, Անդրանիկների եւ Վազգենների անվերջ մահվան դատաստանը, որպեսզի մենք՝ հոտս միշտ մնանք անմեղ, անտաղանդ, անդատ, անմահ գոյատեւող ոչնչություն:
Իզուր պետք չէ ընդունել հրապուրիչ դիրքեր, մեզ բեղմնավորող չկա. վատ հոտ է գալիս մեր շպարված մարմնից..
Հունվար, 2002թ.
Տես նաև` Հակադիմանկար Հակաբնանկարի ֆոնի վրա
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել