
Կույր ուսանողը կսովորի՞ Դիվանագիտական դպրոցում. դատարանն արդեն վճիռ է կայացրել
Այսօր ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը հրապարակեց ուսանող Արտակ Բեգլարյանի գործով վճիռը:
Հիշեցնենք, որ հայցվոր Արտակ Բեգլարյանը, ով վաղ տարիքում կորցրել է տեսողությունը, դիմել էր արտգործնախարարի կառավարման ներքո գտնվող Դիվանագիտական դպրոցում դասընթացներին մասնակցելու նպատակով քննություններ հանձնելու և ուսումը շարունակելու համար: Սակայն հայցվորին հայտնել էին, որ արտգործնախարարը՝ ի դեմ Դիվանագիտական դպրոցի, որոշել է մերժել հայցվորի դիմումի ընդունումը՝ պայմանավորված իր կուրությամբ:
Արտակ Բեգլարյանը Վարչական դատարանին խնդրում էր ամբողջությամբ վերացնել արտգործնախարարի՝ Դիվանագիտական դպրոց իր դիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը, որպես իրեն պատճառված բարոյական վնասի մասնակի փոխհատուցում՝ ՀՀ-ից բռնագանձել 1 ՀՀ դրամ, վերացնել Դիվանագիտական դպրոց ընդունվելու հնարավորության ապօրինի սահմանափակումը և պարտավորեցնել արտգործնախարարին կամ անցկացնել իր ընդունելիության քննություն, կամ իրեն ընդունված համարել Դիվանագիտական դպրոց:
Իսկ պատասխանող կողմը պնդում էր, որ ԱԳՆ-ն այս գործով չի կարող պատասխանող հանդես գալ, քանի որ հայցվորի վերաբերյալ որևէ վարչական ակտ չի ընդունել և պատասխանատվություն չի կրում Դիվանագիտական դպրոցի՝ դասընթացի մասնակցության մրցույթի հետ կապված գործողությունների համար:
Այսօր դատարանը վճռեց մերժել Արտակ Բեգլարյանի հայցը: Վճիռը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և մինչև օրինական ուժի մեջ մտնելը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
Նիստին հայցվոր Արտակ Բեգլարյանը ներկա չէր, քանի որ Դիվանագիտական դպրոցում սովորելու հնարավորություն չստանալով՝ այժմ ուսանում է Անգլիայում: Նիստին ներկա չէին նաև հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը, պատասխանողի՝ ԱԳՆ-ի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը և մյուս պատասխանողի՝ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:
Մեկնաբանել