
Գանձասարի պարիսպը երեսպատե՞լ են, թե՞ վերանորոգել ու պնդացրել
ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի ձևավորած աշխատանքային հանձնախումբն ուսումնասիրել է Գանձասարի համալիրի պարսպի և Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի Անապատ կամ Վաճառի եկեղեցու վերանորոգման աշխատանքները: Հիշեցնենք, որ այս երկու պատմամշակութային հուշարձանի վերանորոգման աշխատանքները ներկա պահին դադարեցված են:
Պատմական հուշարձանների հայկական ճարտարապետների ասոցիացիայի նախագահ, 1989թ. Գանձասարի համալիրի վերկանգնման նախագծի ղեկավար Գագիկ Սողոմոնյանը, շրջելով Գանձասարում, շատ թերություններ նկատեց` սկսած վանահոր տնից, որն ամբողջությամբ խեղաթյուրված է և որպես Արցախի քաղաքացիական կառույցի օրինակ` ոչնչացված:
«Ինչ վերաբերում է պարսպին, ապա ակնհայտ խախտում է կատարվել: Աշխարհում և ոչ մի տեղ, ոչ մի պատմամշակութային հուշարձան չի սալապատվում: Կարող է՝ որոշ հուշարձաններ սրբատաշ կամ ձեռքով տաշած քարերով երեսպատվեն, բայց նման կերպ ուղղակի անթույլատրելի է, մասանվորապես, Գանձասարի պես կարևոր հուշարձանի պարագայում»,- ասում է Գ.Սողոմոնյանը:
Զրուցակցիս կարծիքով՝ Գանձասարի դեպքում պետք էր միայն դիմել Հայաստանի պետական արխիվ, որտեղ և պահվում է իրենց արած նախագիծը, և մասնագետի հսկողությամբ իրականացնել վերանորոգման աշխատանքները:
«Ինձ թվում է, որ ցանկացած մարդ, ով ուզում է Արցախում բարեգործություն անել, պիտի կառավարական մարմիններին դիմի և խորհրդակցի նրանց հետ: Վերջիններս էլ գիտեն, որ գոյություն ունի Պատմական հուշարձանների հայկական ճարտարապետների ասոցիացիա, մշակույթի նախարարություն, որոնց միջոցով կարելի է ավելի գրագետ ամեն ինչ կազմակերպել: Այստեղ ավելի շատ «պրինցիպի» հարց է. եթե արվում է, ապա պետք է մասնագետների հսկողությամբ արվի: Այնպիսի մասնագետների, ովքեր գործից գլուխ են հանում և արդեն յուր ժամանակին նախագիծ արել են, ու դրա համար Խորհրդային Միությունը վարձատրել է աշխատանքի դիմաց: Այնինչ սուտ-սուտ խոսում են՝ իբր ճարտարապետները փողի անուն են լսել, ուզում են օգտվել առիթից»,- ասաց Գ. Սողոմոնյանը` հավելելով, որ իրենց արած նախագծի մի օրինակը բերել են իրենց հետ և փոխանցելու են ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության զարգացման վարչությանը:
Վերականգնող ճարտարապետը համոզված է, որ ի վերջո պատի երեսպատումը պիտի քանդվի: Պետք է մտածել, թե ինչպես անել և ինչ փուլերով, քանի որ կառուցելը մի բան է, քանդելը` մեկ այլ բան:
Գ. Սողոմոնյանը նշեց նաև, որ սրբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերականգնվել է ոչ այնքան ճիշտ: Այդ իսկ պատճառով աղակալած որմնակամարներն ու որմնասյուները վթարային վիճակում են: Ըստ զրուցակցիս` եթե ժամանակին ոչինչ չարվի, որմնակամարների տարրերը կկորչեն:
ԼՂՀ կառավաության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանի համար զարմանալի է այն հանգամանքը, որ իրենց բաժինը ընդհանրապես տեղյակ չէր Գանձասարի պատի վերանորոգման աշխատանքներից: Այնինչ, այսօր կանգնած են փաստի առաջ, և պետք է կատարվածին գնահատական տալ:
Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը, մեկնաբանելով կատարվածը, ասաց. «Մարդն ուզեցել է լավ գործ անի, լավ գործ արել է: Որոշ մարդկանց ձեռք է տալիս տեսնել թուրքերի կատարած ավելացումներով պարիսպ: Երբ ամպագոռգոռ խոսքեր են հնչեցվում պարսպի հնություն մասին, ես միշտ հարցնում եմ` ի՞նչ է, Հասան Ջալալյանը «Միկա» ցեմենտո՞վ է կառուցել պարիսպը, թե՞ «Մուլտի գրուպ»: Պարիսպը ընդամենը դրսից պնդացվում է եկեղեցու նույն քարից: Կամ էլ` թե պատը պետք է անպայման կեղտոտ լինի, որ հին լինի»:
Տեր Գրիգորը համոզված է, որ բարերար Լևոն Հայրապետյանի նկատմամբ նման վերաբերմունքի հետևանքը կլինի այն, որ ոչ մի բարերար այլևս չի ցանկանա ինչ-որ բանով օգնել ոչ Արցախին և ոչ էլ ՀՀ-ին:
«Աղմուկը բարձրացրել են հենց այն մարդիկ, ովքեր ներքաշված չէին վերանորոգման գործում: Հիմա հաստատ կարող եմ ասել, որ գուցե այսօր նրանք զրկվել են որոշ գումարից: Բոլորը միայն գալիս էին ու ասում` մեզ հետ խորհրդակցեիք, մենք նախագիծ կանեինք, մեզ գումար կտայիք...»,- ասում է տեր Գրիգորը:
Վերջում հարցրի տեր հորը, թե տեղյակ է արդյոք, որ արցախցի մի խումբ երիտասարդներ Լևոն Հայրապետյանին կոչ են արել վերադառնալ Արցախ: Տեր Գրիգորն ասաց. «Ես լինեի նրա տեղը՝ չէի վերադառնա»:
Աշխատանքային հանձնախումբն այցելեց նաև Ծմակահողի Անապատ եկեղեցին և մոտ մեկ ժամ ուսումնասիրելուց հետո Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական ազգային-արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանն ասաց, որ մոտ մեկ տարի առաջ իրենք ահազանգ են ստացել, որ եկեղեցին վերանորոգվում է՝ առանց մասնագետի վերահսկողության:
«Ծմակողի երիտասարդները, թույլտվության ստանալով ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության զարգացման վարչությունից, սկսել են եկեղեցու վերանորոգման ու բարեկարգման աշխատանքները: Վերանորոգումն արվել է ոչ մասնագիտորեն, որի հետևանքով հանվել է հին սեղանը` փոխարինվելով ժամանակակից սեղանով, որը և պատրաստված նյութի, և ձևի առումով չի համապատասխանում եկեղեցուն: Բացի դրանից՝ անգիտակցորեն պատերից քերվել են որոշ գրություններ: Ուստի, որակի մասին այստեղ խոսք լինել չի կարող, քանի որ արվածի մեջ որակ չկա, և մասնագետի հսկողությունից զերծ է մնացել»,- ասաց Ժ.Ասրյանը:
Նա պատրաստակամություն հայտնեց առաջարկի դեպքում հատուկ խմբով գալ ու օգնել վերականգնման աշխատանքներին:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել