HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնաթիռ թատրոն (Էսսե)

Մի անգամ մի ոչ հանրահայտ, բայց տաղանդավոր բեմադրիչ ինձ ասաց. «Եթե չես ուզում գժանոց ընկնել` խաղա…»: Մի պահ լռեց ու. «…կամ էլ` կարդա… Նույն գիրքը: Կարդա, մոռացիր ու նորից կարդա»:

Սկսնակ դերասան էի, ինստիտուտում փորձում էինք Ն. Գոգոլի «Խելագարի հիշատակարանը»: Փորձերը տևում էին անտանելիորեն երկար, ձանձրույթով համեմված, քանի որ նույն այդ տաղանդավոր բեմադրիչը փորձում էր ինձ բերել մի այնպիսի վիճակի, որ հասկանամ դարաշրջանի գրգիռները և կերպարին մոտենամ հազար ֆլան-ֆստան միջոցներով: Վերջը տարօրինակորեն հետաքրքիր էր. ես հասա գրեթե ցնորամտության, որն ավարտվեց իմ ներսում սեփական տաղանդի մասին բարձր ու ինքնաբավ պատկերացումներով:

Հետո թատրոն: Զարմանալի բան է թատերական պիտակավորումը, երբ այսինչին չգիտես ինչու միանգամից համարում են շնորհալի, այնինչին` անշնորք: Նման պիտակավորումը երբեմն տևում է տասնամյակներ: Երկար ու ձիգ տարիներ, որոնց ընթացքում տաղանդավորի ու անտաղանդի պիտակավորումը, անկախ` արած գործից գրեթե չի փոփոխվում: 

Փառք Աստծո, երևի, որ ինձ բաժին հասավ միջակ դերասանի կարգավիճակը: Իսկ անտաղանդի թատերական գոյությունը լի է դաժան ու ստորացուցիչ միջադեպերի շարանով: Եթե մտերիմ ընկերդ այդ օրը քնից լավ է արթնացել, կտանի ներկայությունդ, եթե ոչ` քո իսկ մաշկի վրա կզգաս իր հանճարեղության և հաջողակության և քո ոչնչության փաստը:

Մի անգամ մի սկսնակ դերասան, ում հետ որևէ մեկը դեռ հաշվի չէր նստում, ասաց. «Միշտ զարմացել եմ. ինչո՞ւ այսինչը տաղանդավոր դերասան է ու վատ մարդ, այնինչը` անտաղանդ դերասան է, բայց լավ մարդ: Ես այդպիսին չեմ լինելու, ապացուցելու եմ, որ միաժամանակ կարելի է լինել և տաղանդավոր դերասան և լավ մարդ»:

Իհարկե, նրա այդօրինակ ցանկությունը տևեց մինչև առաջին կարևոր հաջողությունը: Ո՞րն է պատճառը: Տաղանդի հոմանիշն, ըստ իս, ամենաթողությունն է: Արվեստագետի հաճախ կյանքն ու արվեստը խառնելով` սկսում է արվեստից դուրս երևակայել: Եթե ստեղծագործության մեջ ինքն ի զորու է լինել անկաշկանդ և արարող, ապա, ինչո՞ւ կյանքում ևս նույնը չանել: Այսինքն` դառնալ ինքնիշխան մեկը, ով ինքնուրույն է տնօրինում իր շփումներն ու ցանկությունները: Եվ քանի որ իր նման տաղանդավորի կողքին հաճախ հանդիպում են և անշնորքները, կարելի է նրանց վերաբերվել, որպես արվեստի կաստայում գոյատևող ցածր ռասսայի ներկայացուցիչների:  Իհարկե զղջման դեպքեր երբեմն լինում են: Սակայն մարդկային հարաբերությունների պարզ ու ազնիվ դաշտ են փորձում վերադառնալ նրանք, ովքեր ձախողվում կամ սպառվում են:

Նման անմարդկային միջավայրում շնչելով` ես որոշեցի գրել, որ ինչ-որ կերպ արդարացնեմ գոյությունս, մարդկանց ինչ-որ բան ապացուցեմ և լրիվ չգժվեմ, թեև չարանալն անխուսափելի էր…

 Ապրիլը սև էր… Քանի որ մեր հեռուստացույցի գույները փախել էին ու կողիս մեջ էլ գարնանային հոգնածություն էր մտել: Ֆռֆռացող քուն: Դասից գալիս` շնթռկում կամ նոր-նոր բուսնող հայ երգիչների մոդեռն, խաշած ջինսեր հագած կատարումներն էի լսում: Բայց էդ օրը գարնանային հոգնածությունը քաղաքին լրիվ խեղդեց: Ոնց որ ժամանա՞կը ասեմ, թե՞ դարաշրջանը սիստեմայի տակ լիներ: Ով կար-չկար, Լենինի հրապարակ էր վազում, դրա մատը ցցա՞ծ, թե՞ տնկած արձանի շուռ գալը տեսնելու: Ես էլ գնացի: Մի մեծամիտ կռունկ, քթով-բերնով երևակայելով, կախվել էր պրոլետարիատի առաջնորդի գլխին: Խեղճի (արձանը նկատի ունեմ) վզի շուրջը կայծերի օձիգ էր գոյացել: Մենք լավ գիտենք, չէ՞, որ հեղափոխություններից հետո օձիգները հաճախ ավելի երկար կյանք են ունենում քան դրանց վրայինները: Մի խոսքով հարիֆի գլուխը կտրեցին, ժողովրդի աչքը խոթեցին: Գարնանային տաք, սվիտրոտ հոգնածության մեջ հրճվանքից գոռում էի: Մերոնք սովետին դեմ էին, բայց մենակ տանը: Մի խոսքով հեռուստատեսային գունափախածության մեջ, լուրջ-լուրջ գոռում էի, մեկ էլ մարմինը շուռ եկավ: Անլեզո՞ւ ասեմ, թե՞ անգլուխ հայվանին ժողովրդի մոտով տանում-բերում էին: Մարդիկ էլ` կոպեկներ  էին շպրտում, շըխկ, հա շըխկ…  Երեխաները վազվզում էին դիակ արձանի վրայով: Լավ հիշում եմ չափահասության սահմանին չհասած մի աղջիկ դրա ոտքերի արանքն էր մտել: Մեկ էլ մերը գոռաց.

-Ախչի իջի, ամոթ ա…

Կողքին կանգնած մի լատունաբերան տղամարդ պսպղուն ժպտաց ու.

-Հանգիստ էղի քուր ջան, ինքը պլոճիկ չունի…

Էսպես մի երկու ժամ: Բայց թե ինչի կոպեկի փոխարեն ես թղթից  ինքնաթիռներով էի ռմբակոծում խեղճի տապալված մարմինը` դեռ երկար ժամանակ չհասկացա…        

2001 թվականի սեպտեմբերի 11-ը վճռորոշ տարեթիվ է ոչ միայն նյույորքյան երկու երկնաքերների տապալմամբ, որը հիմք հանդիսացավ «ահաբեկչության կամ ահաբեկչության դեմ պայքարի» դարաշրջանի սկզբին: Այդ տարեթիվն աննկարագրելիորեն մեծ նշանակություն ունեցավ նաև արվեստի համար: 2001 թվականի սեպտեմբերի 11-ը եզրափակեց արվեստում առկա բոլոր «իզմերի» ծանրմարս, սեթևեթանքներով լի դերակատարումը: «Ահաբեկչության կամ ահաբեկչության դեմ պայքարի» ժամանակաշրջանը կարևորովեց բաց, մշտապես առկա վիրտուալ ագրեսիվությամբ:

Այս դարաշրջանի կարևոր հատկանիշներից է խոշոր պլանը: Այնպիսի տպավորություն է, ասես իրադարձությունները ափիդ մեջ են կատարվում: Իհարկե պակաս կարևոր չի մասնակցությունը: Յուրաքանչյուր ոք ասես  մասնակցում է կատարվող միջադեպին` միաժամանակ մնալով առկախված: Այլ կերպ ասած` ամեն շարժում, գործողություն ամենայն մանրամասնությամբ, խոշոր պլանով կպնում է քեզ և միաժամանակ վիրտուալ դաշտից գրեթե երբեք դուրս չի գալիս: Սա ցավի յուրօրինակ գլոբալիզացիա է, որը  ծավալվում է հարևան կամ հեռավոր երկրում, բակում, փողոցում և բոլոր անցքերից  ու հնարավոր ինֆորմացիոն միջոցներով քո տուն է մտնում:       

Դարաշրջանի ինտերակտիվությունը, արդի բառի հոմանիշը վավերագրությունը համարելով, կարևորվում է մի քանի  շեշտադրումներով.

Առաջին` նախատիպերի կամ կարծրատիպերի մերժում: Արդի արվեստում  Պողոսը հանդես է գալիս որպես Պողոս, այլ ոչ թե Պետրոսի արտաքինով և Մարտիրոսի մաներաներով մի շինծու Փիլիպոս, որը չգիտես ինչու ապրում, զգում է Պողոսի կյանքով ու զգացողություններով: Եթե քաջություն ունես գրելու, խաղալու կամ նկարելու ուրեմն բարի եղիր մնալ մենակ, քանի որ այսօրվա ստեղծագործությունը նաև մարդկային հարաբերությունների խզումն է: Եթե գրում ես` գրում ես իրականը` իրական մարդու մասին` դրանով իսկ զգալով մտերիմներիդ կորուստը: Քանի որ թեկուզ գրական, բայց իրական մարդը միշտ չէ որ կհանդուրժի ու կցանականա տեսնել, թե ինչպես ես բացահայտում իր ներքին կյանքը:

Երկրորդ` խիստ կարևոր է դիտանկյունը: Ժամանակակից արվեստը, ժխտելով գեղագիտաիզմական բոլոր ֆինտու-ֆլյուշկաները, արժևորում է հատկապես տեսանկյունը: Բոլոր տեսակի ինքնատիպություններն ու սարքած-պլպլացրած մոտիվները նահանջում են ռակուրս կոչվածի առջև: Գեղարվեստը ինքնակոծում է, սեփական եսը և քաղաքացիական դիրքորոշումը թաքցնելու միջոց: Իսկ Ռակուրսը թույլ է տալիս ինքն քեզ չդավաճանելով ու նաև արարելով` առաջ բերել քո զգացածի ու ապրածի վավերագրությունը, որը չանջատվելով միջավայրի հստակ գծագրված ու անժխտելի դոկումենտալիզմից, այնուամենայիվ մնում է միայն քոնը, քո ստեղծածը:

Երրորդ կետին կանդրադառնամ մի փոքր շեղումից հետո:

Բաժանումից հետո ինձ համար միակ ուրախությունը առավոտը սուրճի հետ ծխելն էր: Գրելով մնացի մենակ, գրելն էլ` մնաց առանց ինձ: Վերջ. ոչ մի տող, ոչ մի բառ: Ճիշտ էի, որ ասում էի, թե բառերն ինձ քացու տակ են գցում: Եզս` ես գիտեի, թե էնքան կամ, որ կարող եմ դրանց կառավարել: Գրողի խելք…

 Հետո հայրս մեռավ: Ոչ լաց ոչ բան… Անասուն եմ… Չստացվածս սիրուս (սիրույս) վրա էրկու տարի զռացի, իսկ հարազատ հորս թաղմանը ոչ մի հուզում: Սովետի արնակոլոլ դրո՞շի, թե՞ կեղծ աչքերով սրբապատկերի էի նման. ով ասես գալիս պաչում, ձեռք էր տալիս:  

Մահը մի քանի օր կտրեց ինձ ինտերնետից: Էդ վիրտուալ կապը քառասունօրյա սուգից ուժեղ էր ու յոթը չանցած ընենց գրգռեց ու կարոտաբաղձություն վիժեց, որ ցավը բկումս իրա մեջ մտա…

Թե ինչի՞ Մոցարտի «Դոն Ժուանի» Կամանդորը բզեց ինձ` չգիտեմ: Լսում էի ու լսում: Քարե հյուրի այցելությունը ինչքան մեռած արձան կար սաղացրեց: Նույնիսկ բանվորի ապամոնտաժած ու որպես մետաղի ջարդոն ծախված սարսափը, Կոմունիզմի ուրվականի նման, սկսեց թափառել Երևանի փողոցներով ու ջարդուփշուր անել «Գործարանային» մետրոյի ապակիները:

Էդ մի քանի օրը ժողովրդական հուզումները հասան իրենց բարձրակետին ու թերթերում արճիճահոտ օլիգարխների վախեցած ռեխերը երևացին:

Բայց զգացածիս բարձրակետը Հորս յոթն էր: Սպրիլյան սվիտրոտ զգացողությունը մաշկիս վրա` փորձում էի պատմությամբ ու բարոյականությամբ աղավաղված նյարդերս հանգստացնել, երբ Նա եկավ:  Ահեղությունից անտանելի հմայիչ էր դարձել: Մանկուց նրա հանդեպ սերմանած ատելությունը մի պահ բթացավ և ինձ, Հորս նման, հարազատ թվաց: Շատ հարազատ: Պարզվում է վատը ևս կարող է տաքուկ` առաջին դասարանում ձրի տրվող կաթի ու նոր ծաղկած ծառի զգացողություններ արթնացնել: Մառախուղ էր: Ավազը բալի համ ուներ: Ու սովորած առաջին տառի հնչյունները կրկնակի բարձր էին թվում: Նա էկավ, դրսից պատուհանս բացեց ու մի բուռ տատական արևածաղիկ շաղ տվեց: Բովվոցի ճտտոցից սենյակիս պատերին բշտիկներ առաջացան: Պատանեկան պզուկները կաշվիս տակ` պատուհանին մոտեցա: Նա կանգնած էր ուղիղ իմ առաջ` Կոմիտաս փողոցի կենտրոնում ու երազում էր տանս դիմած աճած բարդիով բաղնիք գնալ, մեջքը դաղել: Կողի ու աջ թիակի մոտ ինչ-որ անկապ լույսեր էին թարթում: Նոր միայն նկատեցի, որ  մարմնի մեջ ինքնաթիռներ էին խրված: Կանգնեց ու ժպտաց: Ասենք ո՞նց ժպտած… Անգլուխ էր: Հա, հա…Հայրիկիս յոթին ինձ Լենինի արձանն էր հյուր եկել: 

Գաղափարն արժևորվում է միայն գլխատվելու դեպքում:

Արվեստի, հատկապես թատերարվեստի պատմությունը ենթագիտակացական առումով է գնահատելի: Ճգնաժամի իրեղեն ապացույցը կենդանի արվեստի պատմության գովերգումն է: Թատորնը, ցավոք, չի կարող ժամանակից առաջ անցնել: Լավագույն դեպքում թատրոնն ու ժամանակը համաքայլ են գնում:  Լավ թատրոնը չունի պատմություն: Ավելին` ապագայում իրագործվելիք նպատակներն ու երազանքները ևս նրան չեն հուզում: Թատրոնի պատմությունը նմանվում է շատախոս դամբարանի:

Թատրոնի ստեղծվելու պահից առ այսօր շատ ջուր է հոսել, սակայն այս արվեստի մոտեցումները մինչև վերջերս չէին փոխփոխվել: Ինձ համար թատերարվեստի ալյասերման ամենացավալի փաստը արարողության փոխակերպումն է պարզունակ գործողությանը: Անտրեպրիզան, սերիալային տափակությամբ, սպանում է թատրոնի հիմքը կազմող միստիկ զգայունությունը: Իսկ Վավերագրություն ասելով ես բնավ նկատի չունեմ, որ թատրոնը պետք է դառնա իրականության հայելին: Այն ինձ առավել գունադիտակ է հիշեցնում, որտեղ, բյուրեղներից պատկերի ստեղծումը բացառապես կախված է ռակուրս կոչվածից:

Այսօրվա թատրոնը ԻՆՔԱՆԱԹԻՌ է, որն իր կառույցում պահպանելով անտիկ թատերարվեստի բոլոր առանձնահատկությունները, պետք է զերծ մնա պատմությունից և ավելի ուշ շրջանում թատերեվեստի վզին փաթաթած գեղագիտական և կիսամիֆական բագաժից:   

Մտորումներս ավարտեմ Արդի-վավերագարական արվեստի վերջին առաձնահատկության մասին խոսելով: Ժամանակից արվեստը պիտակ չունի: Արվեստագետի ամեն տեղին դաճած էպիտետները նաֆթալին են: Արդի մարդը տաղանդավոր չէ, անտաղանդ էլ չէ: Իսկ «հանճարեղություն» կամ «անշնորքություն» հասկացողությունները խնդալու աստիճան կառավարական են : Այսօրվա մտավորականը ուղղակի մտավորական է, հեռու` ուղորդող կոչումներից և տիտղոսներից: Այլ կերպ ասած` մեր ժամանակի մարդը Վավերագրող է, ուստի ես, թերևս, առաջին հայ արվեստագետն եմ, ով հրապարակավ հայտարարում է իր ոչ տաղանդավոր լինելու մասին…       

2011 թ. սեպտեմբեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter