HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Հանձնե՞լ Ղարաբաղը, թե՞ պահպանել ստատուս-քվոն

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս հանգրվանի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի կատարած վերլուծությունը Հայ ազգային կոնգրեսի անցած հանրահավաքի ընթացքում որոշակի խուճապային տրամադրություններ էր պարունակում։

Ըստ առաջին նախագահի հայտարարությունների տրամաբանության՝ նախագահ Սերժ Սարգսյանը, փորձելով արտաքին աշխարհում լուծել իր լեգիտիմության խնդիրը, իր վրա է վերցնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ` հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված այնպիսի պարտավորություններ, որոնք միանշանակ հայկական կողմի դիրքերի թուլացում են նշանակում եւ մեծացնում են մեծ զիջումների գնալու հնարավորությունը։ Այս կարծիքն առաջին հայացքից խիստ տպավորիչ է թվում հատկապես արեւմուտքից եւ արեւելքից տարբեր տրամաչափի դիվանագիտական «միսիոներների»՝ Հայաստան կատարվող այցերի ինտենսիվության աննախադեպ աճի ֆոնին։

Իրականում, սակայն, ԼՂ հակամարտության կարգավորման մոտալուտ հանգուցալուծումը, այն էլ այն տարբերակով, կարգավորման այն սկզբունքներով, որոնց մասին իր ելույթում մանրամասնորեն նշում է Տեր-Պետրոսյանը, այնքան էլ իրատեսական չի թվում առնվազն մի քանի պատճառներով.

1. Նախ` խոսքն առայժմ ոչ թե բուն կարգավորման, այլ դրա համար սկզբունքային հարցերում համաձայնությունների հասնելու մասին է։ Մադրիդյան հայտնի սկզբունքներն ընդամենը ֆիքսում են այն ընդհանրական պլատֆորմը, որի հենքի վրա պետք է փորձագիտական մակարդակով հստակեցվեն կարգավորման բոլոր դետալներն առանձին-առանձին։ Այսինքն` առանց այդ դետալները որոշելու, խոսք չի կարող գնալ կարգավորման մասին ընդհանրապես։ Մասնավորապես, այդ սկզբունքները չեն մանրամասնում, թե՝

  • ի՞նչ հերթականությամբ են հանձնվելու հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող «ադրբեջանական վարչական տարածքները», այս շրջանակներում ի՞նչ կարգավիճակ է ունենալու Լաչինի շրջանը եւ հատկապես Լաչինի միջանցքը,
  • այդ տարածքների դեմիլիտարիզացիայից հետո ինչպե՞ս պետք է ապահովվի ԼՂ անվտանգությունը` մինչեւ հնարավոր հանրաքվեի անցկացումը,
  • եթե վերոնշյալ խնդրի լուծումը դրվելու է միջազգային խաղաղապահների վրա, ապա ո՞ր կազմակերպությունն է իրականացնելու այդ առաքելությունը, ինչպիսի՞ ֆորմատով,
  • ի՞նչ կերպ եւ ու՞մ վերահսկողությամբ է իրականացվելու ադրբեջանցիների վերադարձն այդ տարածքներ եւ հատկապես ԼՂ-ի տարածք, արդյոք քննարկվելու՞ է Ադրբեջանից հայ փախստականների խնդրի լուծման հարցը,
  • ամբողջ այդ ժամանակահատվածում միջազգայնորեն ճանաչված ինչպիսի՞ կարգավիճակ է ունենալու ԼՂ-ն,
  • ինչպե՞ս, ու՞մ կողմից եւ կոնկրետ ի՞նչ հարցի ձեւակերպմամբ է տեղի ունենալու հանրաքվեն, արդյոք այն անցկացվելու է միայն ԼՂ տարածքու՞մ, թե՞ նաեւ Ադրբեջանում, եւ արդյոք այդ տարածքը ներառու՞մ է Շահումյանի ողջ շրջանը,
  • հատկապես որքա՞ն ժամանակ հետո է անցկացվելու այդ հանրաքվեն։

Եվ սրանք դեռ առկախ հարցերի, թեեւ շատ կարեւոր, սակայն ընդամենը մի մասն են։
Իհարկե, հնարավոր է, որ սկզբունքները համաձայնեցնելու գործընթացը չի շրջանցում նաեւ դետալները, քանի որ, ըստ էության, մադրիդյան պրոցեսն իրենից ենթադրում է փաթեթային լուծման մոդել։ Սակայն առնվազն երկու համանախագահների ձգտումը՝ բանակցող կողմերին դրդել հնարավորինս շուտ համաձայնության հասնել առնվազն այդ սկզբունքների հարցում, թույլ է տալիս եզրակացնել, որ դետալների մակարդակով բանակցային գործընթացը դեռեւս շարունակական է լինելու։

2. Տարածաշրջանում առկա չէ միջազգային ուժային հիմնական կենտրոնների այնպիսի կոնսենսուս, որի պայմաններում հնարավոր կլիներ հասնել հակամարտության` բոլոր կողմերի համար ընդունելի լուծումների։ Հարավօսական հնգօրյա պատերազմը Հարավային Կովկասում ստեղծել է բոլորովին նոր իրավիճակ։ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից Վրաստանին ֆինանսական հսկայական օգնություն ցուցաբերելու քայլը ակնհայտ դեմարշ էր Մոսկվայի դեմ։

Վրաստանը, այսպիսով, վերածվում է կատարելապես արեւմուտքից կախված մի ֆիքս-պետության, որը վերջիններիս համար կատարելու է ՌԴ-ին շրջափակելուն ուղղված պարզ պլացդարմի դեր։ Դրա համար արեւմուտքը կանգ չառավ անգամ Աբխազիան եւ Հարավային Օսիան զոհելու առջեւ, որոնք Վրաստանին շատ ավելի մեծ կախվածության մեջ էին պահում ոչ այնքան բուն արեւմուտքից, որքան Ռուսաստանից։ Այլ կերպ ասած` արեւմուտքը մի կողմից ստիպեց Վրաստանին այդ զոհողության դիմաց որպես փոխհատուցում ստանալ մի քանի միլիարդ դոլարի ֆինանսական օգնությունը, մյուս կողմից` Ռուսաստանին ստիպեց բավարարվել ձեռք բերածով եւ հաշտվել Վրաստանը վերջնականապես կորցնելու փաստի հետ։ Եվ Մոսկվան, կարծես թե, հաշտվեց այդ իրողության հետ, թեեւ հասկացավ, որ ստրատեգիական առումով ավելի շատ տանուլ է տվել, քան շահել է այս տարածաշրջանում։

Այս պայմաններում առաջնահերթ պլան են մղվում Հարավային Կովկասի մյուս երկու պետությունները՝ Հայաստանը եւ Ադրբեջանը։ Արեւմուտքի, հատկապես Եվրամիության համար միակ խոչընդոտը, որը խանգարում է ադրբեջանական նավթն անարգել Վրաստանի տարածքով հասցնել Թուրքիա եւ Ուկրաինա, այնտեղից էլ՝ ողջ Եվրոպա, ըստ էության մնում է միայն չկարգավորված Ղարաբաղյան հակամարտությունը, ավելի ճիշտ` այդ հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավվածությամբ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը։

Եթե արեւմուտքին հաջողվում է Հայաստանից կորզել անհրաժեշտ զիջումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գորընթացում, ապա գլխավորապես չեզոքանում է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ Հենց այս իրողություններով էր, թերեւս, պայմանավորված նախ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դիք Չեյնիի այցը Բաքու, որից հետո արդեն Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան առանց այլեւայլությունների, առանց դիվանագիտական մանեւրների պարզ հայտարարեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Իսկ Դենիել ֆրիդի, նրա տեղակալ Բրայզայի այցելությունները Հայաստան ուղղված էին հատկապես այս հարցում Երեւանի վրա ճնշումներ բանեցնելուն։ Եվ իբրեւ ճնշման հիմնական գործիք` օգտագործվում էր երկրի ներսում իշխանությունների լեգիտիմության հետ կապված հիմնահարցը։ Թերեւս նաեւ այս իրողությունը նկատի ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ հայտարարում էր, թե ստեղծված իրավիճակում երկրի ընդդիմությունը կարող է անկախ իր կամքից անուղղակի կերպով գործիք դառալ արեւմուտքի համար՝ ԼՂ հարցում իշխանություններից զիջումներ կորզելու ճանապարհին։

Սակայն, դրա կողքին Մոսկվան բացահայտ ցույց է տալիս, որ չի հաշտվելու այս տարածաշրջանում իր ձեռքերը կապելու` արեւմուտքի համառ ջանքերի հետ։ Մոսկվան առաջին քայլերը կատարեց Ադրբեջանի ուղղությամբ, որն իր համար ուղղակի առանցքային նշանակություն էր ձեռք բերում։ Մեդվեդեւի՝ Բաքու կատարած այցն այս տեսակետից չափազանց կարեւոր քայլ էր, թեեւ ստացված արդյունքների տեսակետից՝ ոչ այնքան հաջող։ Պատահական չէ, որ Բաքվին Կրեմլի կողմից արված առաջարկ-պատրաստակամությունը՝ գնելու արտահանման համար արդյունահանվող ադրբեջանական գազի ողջ ծավալը, Բաքվի կողմից մնաց ուղղակի անպատասխան։ Ադրբեջանում հասկանում են, որ այդ խայծը կուլ տալու դեպքում իրենք վերջնականապես կարող են կորցնել Ղարաբաղը, քանի որ այդ դեպքում հենց Ռուսաստանի համար է ձեռնտու լինելու ներկայիս ստատուս քվոյի պահպանումը հակամարտության գոտում։ Եվ Բաքուն հասկացրեց, որ այդպիսի որոշման գինը կարող է լինել միայն ԼՂ հարցում Մոսկվայի միանշանակ աջակցությունը ստանալը։ Ահա այստեղ էր, որ իրական վտանգ էր ստեղծվում` մնալու մեն-մենակ ողջ Մինսկի խմբի, Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ։ Սակայն Երեւան կատարած այցի ընթացքում Դմիտրի Մեդվեդեւի արած մի քանի «թեթեւ» հայտարարություններ վկայում են, որ, այնուամենայնիվ, Ռուսաստանում չեն ուզում անտեսել Հայաստանի շահերն ու հետաքրքրությունները։ Մասնավորապես, ՌԴ նախագահը հենց Երեւանում հայտարարեց, որ առաջիկայում Մոսկվայում սպասվում է ԼՂ հակամարտության կարգավորման եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան բանակցություններ։

Նշենք, որ հակամարտության ամբողջ պատմության ընթացքում չի եղել որեւէ դեպք, երբ ԼՂ հարցը քննարկվի այսպիսի ֆորմատով։ Մոսկվայի այս նախաձեռնությունը ավելին չէ, քան Մինսկի խմբին փոխարինելու` իր հավակնությունների ցուցադրություն։ Իհարկե, դա զուտ դիվանագիտական-քարոզչական գրոհ է արեւմուտքի դեմ, որի նպատակը պարզորոշ հասկացնելն է, որ այնքան էլ հեշտ չէ իրենից ձերբազատվելը այս տարածաշրջանում։

Միաժամանակ, Ռուսաստանը չի կարող վստահ լինել, որ ԼՂ հարցում Ադրբեջանին օժանդակելուց հետո կարող է լիարժեք վերահսկողության տակ առնել այդ երկիրը։ Հակառակ դեպքում` ոչ պատահականորեն հենց այս օրերին, հենց Կրեմլից շրջանառության մեջ չէր դրվի հայ-ադրբեջանական սահմանին, Հայաստանի տարածքում՝ Իջեւանում, նոր ռազմակայան եւ նոր ռադիոլոկացիոն կայան ստեղծելու գաղափարը, որին, դատելով ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի վերջին արձագանքից, արդեն սկզբունքային համաձայնություն տրվել է, եւ որը, ի դեպ, խուճապային տրամադրություններ է առաջացրել Ադրբեջանում։ Ուշագրավն այն է, որ այդպիսի ռադիոլոկացիոն կայան Ռուսաստանն այս տարածաշրջանում ունի՝ ի դեմս հենց Ադրբեջանում Գաբալայի հայտնի կայանի, եւ, ըստ էության, այդպիսի նոր կայան ստեղծելու անհրաժեշտություն չէր լինի, եթե Մոսկվան համոզված լիներ, որ անարգել կարող է այն տնօրինել եւ օգտագործել, եւ եթե ԼՂ հարցում Մոսկվայի եւ Բաքվի միջեւ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերված լինեին։

Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը կտրում է այն գետի ջուրը, որը պետք է պտտեցներ արեւմուտքի ջրաղացը ԼՂ հարցում։ Եվ այս հանգամանքը վկայում է, որ ուժերի հարաբերակցության փոփոխություն իրականում տեղի չի ունեցել, որովհետեւ Ռուսաստանը, թույլ տալով ԼՂ հակամարտության կարգավորում որեւէ սցենարով, կարող է ընդհանրապես կորցնել ամբողջ Հարավային Կովկասը։ Եվ այդ պարագայում, եթե անգամ Հայաստանում տասը նոր ռազմակայան էլ ստեղծի, որեւէ նշանակություն չի ունենալու։

3. Եթե անգամ ընդունենք, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը համապատասխանում են իրար, ապա ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ միանշանակորեն իրականացվելու է։ Բանն այն է, որ այս հակամարտությունն արդեն երկու անգամ նման սցենարի կիրառման «զոհ» է դարձել։ Նախ Հայաստանում 1998 թ. նախագահ Տեր-Պետրոսյանը, հրաժարական տալու միջոցով, վիժեցրեց հայկական կողմին պարտադրվող լուծումը, իսկ հետո` 2002-03 թթ., Հեյդար Ալիեւն այնքան ձգձգեց քի-ուեսթյան եւ փարիզյան սկզբունքների շրջանակներում հակամարտության կարգավորման հնարավորությունը, որ, ի վերջո, իր մահվանից հետո նրա որդին՝ Իլհամ Ալիեւը, պահանջեց բանակցությունները սկսել նոր` մաքուր էջից։

Սերժ Սարգսյանը չի կարող հաշվի չառնել այդպիսի զարգացումների հնարավորությունը։ Եվ դրա համար կա լուրջ պատճառ։ Ներկայիս բանակի հատկապես բարձրաստիճան սպայական անձնակազմի կորիզը, չնայած նախկին նախագահի կողմից ձեռնարկված որոշակի հակակշռող քայլերին, կազմում են Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները, որոնք, մեղմ ասած, այնքան էլ հակված չեն տարածքներ տալու հարցում միանշանակորեն պաշտպանելու իշխանությունների որդեգրած կուրսը։ Իսկ դա ներքաղաքական իրավիճակի ապակայունացման չափազանց լուրջ պոտենցիալ է պարունակում։ Սերժ Սարգսյանն արդեն մեկ անգամ զգացել է այդ պոտենցիալի ազդեցությունը, երբ փետրվարյան նախագահական ընտրություններից հետո, ընդդիմության պերմանենտ հանրահավաքների ընթացքում, այդ պահին նախագահ Ռ. Քոչարյանի՝ Ռուսաստանից վերադարձի նախօրեին բանակը մի պահ ուղղակի դուրս եկավ վերահսկողությունից։

ԼՂ հարցը այն առանցքային խնդիրն է, որ կարող է վերականգնել պառակտված երկրապահական կազմակերպությունների միասնականությունը եւ բոլորովին էլ ոչ իշխանությունների դրոշի տակ։ Այնպես որ, նախագահ Սարգսյանը պարզապես չի կարող այս գործոնը թերագնահատել եւ բանակցություններում գործել անարգել։

Մյուս կողմից` հարց է առաջանում. ինչպե՞ս է իրականացվելու հակամարտության կարգավորման ցանկացած գործընթաց, եթե դրան դեմ արտահայտվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը։ Ի՞նչ լծակներ ունի Հայաստանը՝ ստիպելու ԼՂ ժողովրդին` հրաժարվելու այն ձեռքբերումներից, որոնց հասել է արյան գնով։ Եվ այն փաստը, որ ԼՂՀ-ն ոչ իր կամքով համառորեն չի ներգրավվում բանակցային գործընթացում, մեծացնում է այնպիսի սցենարի հնարավորությունը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված կարգավորման որեւէ տարբերակ հենց Ղարաբաղում դեմ առնի (թեկուզ արհեստականորեն) ուժեղ պատի։

Այսինքն` կարել է եզրակացնել, որ եթե Ռոբերտ Քոչարյանը ստատուս քվոն պահպանելու համար վարում էր ավելի պասիվ քաղաքականություն, ապա նույն խնդիրը լուծելու համար ներկայիս նախագահը ապավինել է ավելի ակտիվ քաղաքականությանը։ Եվ դա, փաստորեն, այն հիմնական արդյունքն է, որն ակնկալում է պաշտոնական Երեւանը տարածաշրջանային այս խառնաշփոթից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter