HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ Հայաստանի տնտեսության համար կարող է ուղենիշ լինել Լեհաստանի օրինակը

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը դրական գնահատեց վերջին ութ ամսվա ազգային վիճակագրական տվյալները և ուզում է «հավատալ, որ դրանք այնպես են, ինչպես կան»: Սակայն, ըստ նրա, Հայաստանի տնտեսական պոտենցիալը ստվերում է, որը պետք է օգտագործել, ինչպես նաև մտածել ճկուն հարկային քաղաքականության մասին:

Թ. Մանասերյանն ասաց, որ չի ցանկանում անդրադառնալ 2012 թ. պետբյուջեին, և ինքն այն քչերից է, ով կարդում է պետական բյուջեն:

«Պետական բյուջեն լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Մենք նման տոկոսային հարաբերակցությամբ` բարձր ստվերային տնտեսությամբ, չենք կարող լուրջ նպատակներ դնել և իրագործել»,- հավելեց նա:

Ըստ տնտեսագետի` պետք է լուրջ ու համակարգված քաղաքականության վարել գյուղատնտեսության ոլորտում. գյուղացին պետք է լինի ավելի տեղեկացված, իրականացվի գյուղմթերքների շուկաների գների հսկողություն, պետական աջակցությամբ ավելանան գյուղմթերքների մեծածախ շուկաների ցանցերը և այլն:

«Ես կարծում եմ` Հայաստանը պարենային անվտանգությունը լուծելու առումով բոլոր հնարավորություններն ունի»,- հավելեց Թ. Մանասերյանը:

Նա նաև նշեց, որ դեռևս չի իրագործվել ապրիլին ՀՀ նախագահի արած այն առաջարկը, ըստ որի` պետք է հարկային արտոնություններ տալ նոր արտադրություն հիմնողներին: Դրա կարիքը կա, և դա կլինի տնտեսական աճին նպաստող քայլ:

«Խոցելի ենք մենք դեռևս այն առումով, որ կան մենաշնորհներ: Ընդամենը հաշված մարդիկ կարող են գներ ձևավորել Հայաստանում: Սրան պետք է վերջ տալ, և շատ խիստ պետք է սրան վերաբերել»,- նշեց Թ. Մանասերյանը:

Տնտեսագետը համաշխարհային ճգնաժամի երկրորդ փուլը որակեց որպես չհաղթահարված ճգնաժամի հետևանք:

«Զարգացած երկրներն իրենց համար դասեր չեն քաղել, և երկրորդ փուլ ասվածը դրա հետևանքն է: Տուրք է տրվում արհեստական մեխանիզմների, և արտաքին պարտքի ճգնաժամը հետևանք է նրա, որ անհեռատես են որոշ հարցերում և ոչ նպատակային օգտագործում են գումարները, որոնք փոխ են առնվում»,- նշեց Թ. Մանասերյանը:

Նրա խոսքերով` զարգացող երկրները, այդ թվում և Հայաստանը չեն կարող զերծ մնալ նման բացթողումներից: Միաժամանակ քիչ չեն օրինակները, երբ նման երկրները կարողանում են օգուտներ քաղել ճգնաժամից:

Տպավորիչ է Լեհաստանի օրինակը: Այն Եվրամիության միակ երկիրն է, որը ոչ միայն չտուժեց այդ ճգնաժամից, այլ ունեցավ լուրջ հաջողություններ: Լեհաստանը եվրոյի գոտում չէ, չի հետևում եվրոյի կուրսին, այլ օգտագործում իր ազգային դրամանիշը, որով պայմանավորված է երկրի ներդրումների աճը: Այս օրինակը կարող է ուղենիշ լինել Հայաստանի համար:

Թաթուլ Մանասերյանի խոսքերով` «Հայաստանի տնտեսությունը ապաքինման փուլում է գտնվում» և չի կարող միանգամից ոտքի կանգնել, սակայն ճգնաժամի երկրորդ փուլը չպետք է վախեցնի:

Նա նշեց, որ այժմ բազմաթիվ երկրներ կախում ունեն իրենց «հովանավորներից», ովքեր և թելադրում են իրենց քաղաքականությունը:

«Մեր խաղի կանոններն ուրիշ են: Բարեբախտաբար, մենք ունենք որոշակի ինքնուրույնություն մեր սեփական քաղաքականությունը մշակելու և իրականացնելու»,- հավելեց տնտեսագետը:

Նա նշեց, որ կան երկրներ, մասնավորապես` Վրաստանը և Իրանը, որոնց հետ պետք է ամրապնդել կապերը, իսկ առկա պոտենցիալը չի օգտագործվում:

«Միայն կարող եմ վստահորեն ասել, որ հսկայական կարողություն ունի Հայաստանի տնտեսությունը»,- հավելեց Թ. Մանասերյանը:

Նա նաև նշեց, որ պետք է ի շահ Հայաստանի օգտագործել միջազգային կազմակերպությունների ռեսուրսները, ոչ թե գործել նրանց թելադրածով: Պետք է վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն, դասեր քաղել, այլապես միջազգային տնտեսական ճգնաժամը կարող է ավարտվել ամբողջ աշխարհում, սակայն շարունակվել Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter