HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի շարք ՀԿ-ներ պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը

Հայտարարություն

2011թ. սեպտեմբերի 6-ին ներքոնշյալ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները հանդես էին եկել հայտարարությամբ, որով արտահայտել էին իրենց մտահոգությունը հայկական բանակում առկա իրավիճակի, մասնավորապես բռնությունների ու մահվան դեպքերի կապակցությամբ:

Այս խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարին առաջադրվել են հետևյալ պահանջները՝ ակնկալելով դրանց ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկում մեկամսյա ժամկետում.

- 1994 թվականից մինչև օրս ՀՀ բանակում զինծառայողների նկատմամբ կիրառված բռնությունների ու մահվան դեպքերի, այդ թվում՝ սպանությունների և ինքնասպանությունների, քրեական գործերի վարույթների մանրակրկիտ ուսումնասիրության կազմակերպում՝ վեր հանելու նախաքննություն և դատաքննություն իրականացնող մարմինների բացթողումներն ու օրինախախտումները՝ ներգրավելով անկախ փորձագետների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների.

- երաշխիքների ապահովում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու բոլոր այն պաշտոնատար անձանց, որոնք անմիջական պատասխանատվություն են կրել քրեական գործերի քննության ընթացքի և անօրինականությունների համար.

- զինված ուժերի շարքերում ոչ կանոնադրային հարաբերությունները և անառողջ մթնոլորտը վերացնելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումների ձեռնարկում՝ հանդես գալով օրենսդրական առաջարկություններով և ներգրավելով շահագրգիռ հասարակայնության ներկայացուցիչներին.

- հայկական բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ընտանիքներին պատճառված բարոյական և նյութական վնասի դիմաց առաջնահերթ, պատշաճ և արժանապատիվ փոխհատուցում:

Սույն հայտարարությունից հետո մինչ օրս արձանագրել ենք հետևյալը.

- ՀՀ ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է աշխատանքային դռնփակ երկու հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարության, զինվորական դատախազության, մարդու իրավունքների պաշտպանի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ պաշտպանության նախարարին կից հանրային խորհրդի, իրավապաշտպան կազմակերպությունների և մահացած զինծառայողների հարազատների մասնակցությամբ՝ քննարկելու խնդիրը.

- ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները կազմակերպել են առանձին հանդիպումներ մահացած զինծառայողների հարազատների հետ.

- Առնչվող կառույցների ներկայացուցիչները մասնակցել են «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի կազմակերպած քննարկմանը և ներկայացրել իրենց տեսակետները բանակում տիրող իրավիճակի կապակցությամբ.

- ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել զոհված զինծառայողների ընտանիքների տրամադրվող նպաստն ավելացնելու 21 տոկոսով՝ մոտավորապես 10.000-ից 12.100 ՀՀ դրամ:

- ՀՀ պաշտպանության նախարարն արել է հայտարարություններ՝ զինված ուժերում ներքին կարգապահության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին.

- «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքի ժամանակ՝ հոկտեմբերի 3-ին, տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի համար պատասխանատու զինվորականները ենթարկվել են տույժերի, մի քանի բարձրաստիճան սպաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ մի քանիսը՝ ստացել են նկատողություն.

- ՀՀ պաշտպանության նախարարի և զինվորական դատախազի միջև համաձայնություն է ձեռք բերվել զինված ուժերում կարգապահության խթանման, հանցավորության մակարդակի նվազեցման, հանցագործությունների կանխարգելման և պատասխանատվության խստացման նպատակով համատեղ հրամանով ստեղծել աշխատանքային խումբ, որի աշխատանքներին կօժանդակի նաև Մարդու իրավունքների պաշտպանը:

Այս գործընթացին զուգահեռ ՀՀ պաշտպանության նախարարության որոշ ներկայացուցիչներ զոհվածների հարազատներին փորձել են հորդորել հրաժարվելու բանակում սպանությունների փաստերի դեմ հրապարակային բողոքներից: Իսկ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնակատարության ժամանակ, իրավապահ մարմինները կոպտորեն խոչընդոտել են սպանված զինծառայողների հարազատների և հասարական ակտիվիստների բողոքի ցույցը:

Համարում ենք, որ տվյալ ժամանակահատվածում համապատասխան կառույցների ձեռնարկած վերոնշյալ քայլերը բավարար չեն բանակում առկա խնդիրները կարգավորելու համար, իսկ ճնշումները մահացած զինծառայողների հարազատների նկատմամբ հիմք են տալիս առհասարակ կասկածի տակ դնելու նման կարգավորման համար քաղաքական կամքի առկայությունը:

Բացի դրանից՝ արձանագրում ենք, որ մինչ օրս որևէ հրապարակային դիրքորոշում ստեղծված իրավիճակի ու մեր բարձրացրած հարցերի վերաբերյալ չի արտահայտել ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարը: Հասարակությանը նաև հայտնի չէ նրա ձեռնարկած որևէ կոնկրետ գործողություն այդ առնչությամբ:

Վերլուծելով նման վարքագիծը՝ համարում ենք, որ ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը պատշաճ չի ընկալում բանակում տիրող իրավիճակն անհապաղ բարեփոխելու օրախնդիրը և չի զգում դրանում իր անմիջական պատասխանատվությունը: Նրանից արմատական բարեփոխումներ ակնկալել, փաստորեն, անիմաստ է, ուստի պահանջում ենք անհապաղ հրաժարականը իր զբաղեցրած պաշտոնից:

Ստորագրություններ
Արթուր Սաքունց, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
Նատալյա Մարտիրոսյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակ» ՀԿ
Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Սեդա Մելիքյան, «Փաստաբանները հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Լևոն Բարսեղյան, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Իզաբելլա Սարգսյան, «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ՀԿ
Լալա Ասլիկյան, «Հույս» ՀԿ

 

Մեկնաբանություններ (4)

Վեհարի
Իրավական ինստիտուտով կառավարվող երկրում իրատեսական պահանջը պետք է լիներ ոչ թե հրաժարականի պահանջը այլ քրեական գործ հարուցելու պահանջը:
ara
Petq e aynpisi pahanj dnel, vor@ iratesakan e. Na-naxagah@ hrajarakan tvox@ chi, meknabanutyunner@ animast en. Bayc es im bani vra em zarmanun- inchu na chi azatvum ayn pashtonyanneric, voronq hasarakutyan koxmic hargvas chen.Karox eq asel -de ira shrjapatn e, nranq en berel ishxanutyan ev ayln... Bayc paron naxagah, mi te hasarakutyan koxmic chhargvac pashtonyanner@ aveli barcr en, qan mer petutyan@. Duq mec shans uneq erkir@ thach pashtonavorneric azatelu, isk metodner@ Duq aveli lav giteq, qan voreve mek@. Inchpes Duq knayeq sovac mardun, aynpes el Astvac knayi Dzez. Harcum kazpakerpeceq ev teseq te hasarakutyun@ um chi @ndunum dranc azateq, ev dranc poxaren nshanakeq kirt u hamarcak mardkanc. Astvac Dzez uxekic ev qnnox....
Mikael
+1 for Serzh's resignation. Internal killings in our Army are just one sad consequence of this criminial regime that has established itself in Armenia. The thousands of Armenian people emigrating from Armenia day by day and the Armenian fathers and mothers commiting suicide almost every week due to lacking means to feed their children are hundred times worth for his resignation. But he will not resign voluntarily since he wasn't elected but seized the power by rigging the elections. People stand up, Diaspora or Armenia, stand up and call for free and fair elections in Armenia. This is the only way to overcome the catastrophic situation of our country. We need authorities that are elected by the people and can be held responsible in front of them.
Վեհարի Առաքելյան
Ես նույն հիմքերով նույնպես պահանջում եմ ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter