HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Համաժողովրդական շարժման փլատակներին

Հոկտեմբերի 7-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երկու կողմերում միաժամանակ երկու տարբեր միջոցառում էր տեղի ունենում:

Մի կողմում` Ֆրանսիայի հրապարակում, Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները, հավաքված բազմությանն ի տես, ամենաջերմ բարեմաղթանքներով բացում էին Ռոդենի հեղինակած արձանը, սեղմում հրապարակում հավաքված լայն ու երջանիկ ժպտացող մարդկանց ձեռքերը, իսկ հակառակ կողմում` Ազատության հրապարակում, մեկ այլ բազմություն, վրանների տակ ու կողքերին ծվարած, սպասում էր Հայ ազգային կոնգրեսի` երեկոյան կայանալիք հերթական հանրահավաքի մեկնարկին: Դա Հայաստանի եւ նրա հասարակության երկու հակադիր երեսն էր, որը Նիկոլա Սարկոզին չտեսավ, չհպարտացավ ֆրանսիական մեծ հեղափոխության հայաստանյան պտուղներով, ինչպես ակնկալում էր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հակառակը` գուցե նա շնորհավորել է Հայաստանի նախագահին ժողովրդավարական համակարգերն այնքան զարգացնելու համար, որ ամենաարմատական ընդդիմությունն անգամ կարողանում է 7-8 օր շարունակ անարգել հանրահավաքներ կազմակերպել: Բայց էականը դա չէր:

Ազատության հրապարակում տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ Սարկոզիի հանդես բերած կատարյալ անտարբերությունը լավագույնս արտացոլեց հայաստանյան ընդդիմության ներկայիս գործունեության նկատմամբ միջազգային հանրության անթաքույց վերաբերմունքը, որը եւ կարելի է համարել Հայ ազգային կոնգրեսի ձախողման հիմնական պատճառներից մեկը: Ավելի ճիշտ` պատճառը ոչ թե այդ վերաբերմունքի բացակայությունն էր, այլ պայքարի տրամաբանությունը դրա վրա կառուցելու` ընդդիմության մարտավարությունը:

Իր գրեթե յուրաքանչյուր ելույթում Տեր-Պետրոսյանը խռոված երեխայի նման միայն դժգոհում էր այդ անտարբերությունից` իրենց անհաջողությունների մեղքը բարդելով միջազգային կառույցների, երկրների` իրենց քաղաքական շահերից բխող հասկանալի կեցվածքի վրա: Միջազգային հանրության կարծիքի գերկարեւորումը, փաստացիորեն, ՀԱԿ-ի ամենամեծ մոլորություններից, քաղաքական հաշվարկներում թույլ տված ամենամեծ սխալներից մեկն էր:

Այն պահին, երբ Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում հայտարարում էր, թե միջազգային հանրությունը տարածաշրջանային իր շահերն առաջ մղելու համար, ի դեմս Սերժ Սարգսյանի, սխալ մարդու վրա է խաղադրույք կատարել, եւ փաստացի հուշում էր, որ ինքը դրա համար շատ ավելի նախընտրելի թեկնածու է, պետք է հասկանալի լիներ, որ Հայաստանի հասարակությունը, թեկուզ ենթագիտակցորեն, թե առաջին նախագահին եւ թե նրա գլխավորած ՀԱԿ-ին սկսելու է ընկալել ոչ թե որպես իր հոգսերը թեթեւացնելուն, այլ արտաքին ուժերի շահերի սպասարկմանը կոչված գործիքի:

Բայց սա Կոնգրեսի միակ սխալը չէր: Հիմա, թերեւս, այդ կառույցում փորձում են հասկանալ` ինչո՞ւ շուրջօրյա հանրահավաքները չտվեցին ակնկալվող էֆեկտը, ինչո՞ւ դրանք չհանգեցրին այսպես կոչված կրիտիկական զանգվածի բյուրեղացմանը, հասարակության` քաղաքական գործոնի վերածմանը: Դրա առաջին եւ գլխավոր պատճառներից մեկն, իհարկե, իրենց իսկ լարած երկխոսության թակարդում հայտնվելն էր:

Անպտուղ ու անիմաստ այդ ժամավաճառությունը պարզապես հեռացրեց Կոնգրեսին զանգվածներից, սասանեց առանց այն էլ խարխլված վստահությունը նրա եւ նրա անկեղծության, նպատակասլացության հանդեպ: Այսօր արդեն նաեւ իրենք` կոնգրեսականներն են ընդունում, որ սխալ էր այդ սարդոստայնի մեջ մտնելը: Բայց սա առաջնային չէր, իհարկե:

2008-ից հետո տարբեր մանեւրումների, մարտավարական տեղատվությունների ու մակընթացությունների արդյունքում Կոնգրեսը պարզապես իրապես համաժողովրդական շարժումը վերածեց քաղաքական մասնավոր պայքարի, կոնկրետ Հայ ազգային կոնգրեսի, մյուս ուժերի համեմատ փոքր-ինչ սուր ու յուրօրինակ, բայց հիմնականում հենց Կոնգրեսի հեգեմոն ուժերի քաղաքական ամբիցիաների բավարարմանը ծառայող պայքարի: Հասարակությունը, ժողովուրդը պարզապես դադարեց այնտեղ տեսնել իրեն, իր սոցիալական, իրավական պահանջները, որոնք ինչ-որ պահի հենց Կոնգրեսի մեղքով ուղղակի դուրս մղվեցին քաղաքական օրակարգից: Շարժումը զրկվեց իր սոցիալական բովանդակությունից:

Շուրջօրյա հանրահավաքները սկսելուց առաջ Կոնգրեսը, թերեւս զգալով այդ բացթողումը, փորձեց իր պայքարին կրկին նման որակ հաղորդել. իշխանությանը ներկայացրած նրա 15 պահանջների կեսը հենց սոցիալական ուղղվածության էին: Բայց դրան զուգահեռ, այդ ուժը նաեւ հավաստեց, որ չի հրաժարվելու դրանք իր շահերին ծառայեցնելու մտայնությունից` հայտարարելով, թե պատրաստ է շարունակել երկխոսությունը, թեեւ հենց վերջինս էր հասարակությանը պայքարից  օտարող հիմնական գործոններից մեկը:

Կարելի է արձանագրել, որ Հայաստանում այլեւս ժողովրդական շարժում գոյություն չունի. կա միայն դասական քաղաքական պայքար իշխանության համար, եւ այդ պայքարում Հայ ազգային կոնգրեսը, շատ ավելի համակարգված ու կազմակերպված լինելով հանդերձ, մնացած կեղծ ու իրական ընդդիմադիր ուժերի հետ գտնվում է միեւնույն հարթության վրա, միեւնույն մեկնարկային վիճակում:

 Եվ անգամ նախագահի հրաժարականի պահանջը, որ բանաձեւել է Կոնգրեսը, չի հանգեցնելու հասարակական ներուժի համախմբման, որովհետեւ դա շեշտադրումների, ընդամենը նրբերանգների փոփոխություն է նշանակում, որը գործընթացի բովանդակային, իմաստային փոփոխության չի կարող հանգեցնել: Գործնականում որեւէ տարբերություն չկա` արտահերթ ընտրությունների՞ պահանջ է առաջ քաշվում, թե՞ նախագահի կամ իշխանության հրաժարականի: Երկու դեպքում էլ գործընթացի հաջողության գրավականը հանրային աջակցությունն է, իսկ դա հենց այն հանգուցային կետն է, որտեղ Կոնգրեսը ձախողել է:

Վերջինս, իհարկե, չի մարգինալացվի, երկրորդական ուժի չի վերածվի, գուցե շարունակի մնալ քաղաքական օրակարգ առաջադրող հիմնական, թերեւս միակ ուժը: Միայն դրա շնորհիվ Կոնգրեսը կարող է հույս ունենալ գալիք խորհրդարանական ընտրությունները վերածել նոր պայքարի մեկնարկի: Ու չնայած դա, մեծ հաշվով, պայմանավորված է լինելու նաեւ արդար ընտրություններ անցկացնելու` իշխանության կամքի դրսեւորմամբ, բոլոր դեպքերում այսօր դիրքերի ցանկացած թուլացում, նահանջ ավելի ու ավելի է նվազեցնելու շարժման նոր վերածնունդ ապահովելու, նախագահական ընտրություններին շահեկան դիրքերից հանդես գալու շանսերը:

Այս իմաստով Կոնգրեսը կշարունակի լինել հիմնական դրոշակակրի դերում: Դա նախընտրելի է նաեւ քաղաքացիական հասարակության ձեւավորման ու կայացման իմաստով: Մի պրոցես, որի հիմքերը դրեց Կոնգրեսը. երեքուկեսամյա նրա ակտիվ գործունեության գլխավոր, շոշափելի միակ արդյունքը փաստացի դա է եղել: Հենց այդ հասարակության կայացման շահերից է բխում, որ քաղաքական դաշտը շարունակի մնալ համաժողովրդական շարժման ձեւավորած ներկայիս սեւի ու սպիտակի տիրույթում` հնարավորինս զերծ գորշ գույներից, այն ամորֆ քաղաքական ֆիգուրներից, որոնք փորձում են գլուխ բարձրացնել Կոնգրեսի` փլատակների վերածվելու սպասելիքների վրա:   

Մեկնաբանություններ (3)

mona
lav,ed levon@ amot uni te che? zarmanum es
անանուն
Համաձայն եմ մասամբ: Եթե պատճառը հիշողությունները լինեին, այս երկրում երբեք մարտի 1 չէր լինի, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էլ երբեք վերադառնալու մասին չէին մտածի: Նոր գաղափարներ են պետք իսկապես, նոր մարդիկ ունոր շարժում... քաղաքացիական, ոչ թե քաղաքական:
Hovo
Պատճառը երկխոսությունը չէ, հասկացեք, պատճառը ժողովրդի հիշողությունն է, պատճառը ՀԱԿ-ի 90-ականներին վարկաբեկված ղեկավարներն են, պատճառը 90-կանների թալանված գործարաններն են.... ներկա օլիգարխիկ վարչակազմին տապալելու համար նոր ուժեր են պետք, նոր գաղափարներ, ոչ թե այլ օլիգարխներ ու թալանչիներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter