
Արարատյան դաշտի ջրի հարցը դարձել է ազգային խնդիր
Արմավիրի մարզում բավականին շատ ձկնաբուծական տնտեսություններ են փակվել: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տվյալներով՝ փակվող տնտեսությունները կազմում են շուրջ 20 %: Պատճառը Մասիսի տարածաշրջանում հորատվող խորքային հորերն են, որոնք իջեցրել են իրենց մարզի ստորերկրյա ջրային պաշարների մակարդակը:
ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլարդը (Karen Hilliard) նշեց, որ 6-8 տարի առաջ նման խնդիր չկար. «Ցավոք, վերջին տարիներին ձկնաբուծության անվերահսկելի աճը ջրի լուրջ նվազման պատճառ է դարձել: Դաշտավայրի 39 համայնքներ զրկված են խմելու և ոռոգման ջրից: Ավելի լուրջ խնդիր է այն, որ հունիս և հուլիս ամիսներին ջուրը հազիվ է բավարարում ատոմակայանը սառեցնելու համար: Այսպիսով, Արարատյան դաշտի ջրի հարցը դարձել է ազգային խնդիր: Անհրաժեշտ է գտնել քաղաքական և տեխնիկական լուծում»,- ասաց Ք. Հիլարդը:
Այս պահին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» (ՄԷՋ) ծրագիրը ՀՀ ջրային ոլորտի շահագրգիռ կողմերին ներկայացնում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացվել է«Հայջրնախագիծ ինստիտուտ» և «Մել-Հով» ընկերությունների կոնսորցիումի փորձագետների կողմից և ավարտվել է 2014 թ. փետրվարին:
Ք.Հիլարդը հայտարարեց, որ USAID-ն նպատակ է դրել օգնել բոլոր կողմերին, այդ թվում նաև ձկնաբուծական տնտեսություններին օգտագործել ջուրը արդյունավետ և ներդնել նոր տեխնոլոգիաներ, քանի որ Արարատյան դաշտավայրի գոյությունը կախված է այս խնդրի լուծումից:
Իսկ վիճակագրությունը մտահոգիչ է: Օրինակ` Մեծամորի ավազանում 303 խորքային հորերից 120-ը իսպառ չորացել են: Երեք տարվա ընթացքում 77 ձկնաբուծական տնտեսություն է չորացել: Վերջին երեք տասնամյակների ընթացքում մոտ 3 անգամ կրճատվել է դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրային ռեսուրսների տարածքը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը այս դաշտում իրականացվելիք երեք հիմնական կարգավորման ուղղություն կարևորեց: Դրանք են օրենսդրական դաշտի կարգավորումը, վարչարարությունն ու գույքագրումը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաներով պայմանավորված վերահսկողության և մոնիտորինգի ներդրումը:
Փոխվարչապետի խոսքով, այս ընթացքում 70-ից ավելի խորքային հորեր են կոնսերվացնել, մոտ 100-ը փականային համակարգով են կառավարվում ՋՕ-երի կողմից, մոտ 16-ն էլ ևս կգործեն փականային համակարգով: Շարունակվում են համայնքային հորերի ուսումնասիրությունը և գույքագրումը, վերջնական արդյունքի կբերվեն առաջիկայում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել