
Արարատյան արտեզյան ջրերի նվազման հետևանքով վտանգված է նաև ատոմակայանը
Արարատյան արտեզյան ավազանի անխնա օգտագործման հետևանքով վտանգ է սպառնում նաև Մեծամորի ատոմակայանին: Ատոմակայանն օգտագործում է ստորերկրյա ջրերը ռեակտորի սառեցման նպատակով, և Արտեզյան ավազանում են տեղակայված ատոմակայանի հովացման կապտաժները, որտեղ երկու անգամ պակասել է ջուրը: Այսօր Արտեզյան ջրային ավազանին նվիրված համաժողովի ընթացքում` լրագրողների հետ զրույցում ասաց «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը:
Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց փորձագետ Աշոտ Սարգսյանը: Համաձայն ուսումնասիրության, 1983-2013թթ. Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերի կրճատում է տեղի ունեցել մոտ 6 անգամ:
Յուրի Ջավադյանը նույնպես թվային տվյալներ ներկայացրեց. 303 արտեզյան հորերից 120-ը չորացել է Մեծամոր գետի ավազանում և դրանով ծանր պայմաններ է ստեղծել նաև ձկնային տնտեսությունների համար: 3 տարվա ընթացքում ձկնաբուծական 77 տնտեսություն փակվել է: 1984թ.-ի ինքնաշատրվանող տարածքը 32700 հա-ից դարձել է 10700 հա, այսինքն` 3 անգամ պակասել է: Գրունտային ջրերի մակարդակը իջել է 3-ից մինչև 9-ը մետր, առանձին դեպքերում` մինչև 15 մետր:
«Ստեղծվել են ծանր պայմաններ և ձկնային տնտեսությունների, առավելապես 29-31 համայնքների համար, և մեծ ռիսկեր կան ոռոգման և խմելու ջրի ապահովման համար, արդյունքում 8100 հա ջրապահովվածություն է պետք»,- ասաց Յուրի Ջավադյանը:
Այս ամենի հետևանքով փոխվել է նաև հողի կառուցվածքը, ինչի հետևանքով 20-25 % ավելի ջուր է պետք, որ գյուղացին կարողանա ոռոգել իր այգին: Առաջարկություն է եղել Սևանից լրացուցիչ 70 մլն խմ ջուր բաց թողնելու` լրացուցիչ հինգ տարի ժամանակով. «Մեր կարծիքով` հինգ տարվա մեջ պետք է կարողանանք ձկնային տնտեսությունները անցկացնել կիսափակ համակարգի, որը հնարավորություն կտա 33 անգամ ձկնային տնտեսություններում կրճատել ջուրը»,- ասաց Յուրի Ջավադյանը: Դա հնարավորություն կտա 5-6 տարուց հետո արտեզյան ավազանի մակարդակի բարձրացմանը:
Սակայն Աշոտ Սարգսյանը նշում է, որ այդչափ ծավալի ջրի բաց թողումը Սևանա Լճից, վտանգելու է լճի էկոհամակարգը:
Այս ամենը, Յուրի Ջավադյանի խոսքով, «ձկնային տնտեսությունների անփույտ շահագործման պատճառով» է առաջացել: Այս ոլորտում իր երկար տարիների փորձի մասին հիշատակող Յուրի Ջավադյանը, սակայն, մոռանում է նշել, թե ում վերահսկողության կամ կառավարման հետևանքով է, որ խնդիրը այսչափ սրվել է:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել