
Ազատամարտիկ. «Մարդ է գալիս տունս, ամաչում եմ, ո՞նց կլինի այս դարում գոմի մեջ ապրես»
Արարատի մարզի Արաքսավանի համայնքապետարանում հետաքրքրվում եմ՝ գյուղում կա՞ն խիստ անապահով ընտանիքներ: Համայնքապետ Ատոմ Թադեւսյանը մի պահ լռում է, ապա հնչեցնում ազատամարտիկ Արմեն Արսենյանի անունը:
Արմենը 46 տարեկան է: Կնոջ եւ երեք անչափահաս երեխաների հետ բնակվում է գյուղի վերջնամասում: Ավագ որդին բանակում է, ծառայում է Ղարաբաղում: Հեռվից արդեն նկատելի էր նրա տունը, որն իրենից ցածրահարկ մի կառույց էր ներկայացնում: Արմենը հողամասում էր աշխատում, բարեւում եմ, բայց նա անհաղորդ է: Երկրորդ անգամ բարեւելուց հետո գլուխը բարձրացնում է վերեւ ու կամաց քայլելով գալիս է առաջ: «Բարձր խոսիր, վատ եմ լսում»,- ասում է Արմենը:
Նա խուսափում էր տուն մտնելուց, անընդհատ ոտքը կախ էր գցում: Ի վերջո հրավիրում է ներս ու մուտքի մոտ զգուշացնում. «գլուխդ ցած պահիր, որ չխփես բետոնին»:
Ներսում կիսամութ էր: Սենյակի կենտրոնում դրված էր վառարանը, ու կողքին շարված էին չորացած աթարի կտորները: Ներսի կողմից՝ դռան մոտ, բետոնապատ առվականման փոս կար: Արմենի ուշադրությունից չվրիպեց մեր հայացքը եւ դողացող ձայնով ասաց. «Սա գոմ է, էս առուն անասունների կեղտի համար է նախատեսված»:
Հետո Արմենի կինը՝ Հերմինե Արսենյանը, նեղսրտեց, որ իրենց տան նկարները պետք է ցուցադրվեն: Նրա ասելով՝ ամոթ է, համագյուղացիներից շատերը, այդ թվում աղջկա դասընկերները չգիտեն, թե իրենք ինչ պայմաններում են ապրում: Նրա խոսքերից հետո մի քանի րոպե լռություն է տիրում:
Արմենը պատմում է իր մարտական ուղու մասին: 1992-94 թթ. կռվել է Հադրութում, Հորադիզում, Լաչինում եւ այլ վայրերում: Եղել է Լաերտ Սաղաթելյանի ջոկատում: Մարտի դաշտում վիրավորվել է, ասում է՝ «կոնտուզիա» է ստացել:
«Սիրտս ցավում է, գլուխս ցավում է, չեմ կարողանում քնել, միշտ գլխիս մեջ խշշոց է: Գիշեր-ցերեկ գլխարկ եմ դնում, սառում է գլուխս: Քնելուց էլ չեմ կարողանում հանել: Մի քանի անգամ հիվանդանոց եմ պառկել, բայց չի օգնել»,- պատմում է Արմենը:
Արդեն 5 տարի է՝ ապրում են գոմի համար նախատեսված կառույցում: Սկզբում ապրել են հայրական տանը, այնուհետեւ ժամանակավոր բնակվել են գյուղի մանկապարտեզի շենքի փոքր սենյակներից մեկում: Երբ ընտանիքը բազմամարդ է դարձել, ստիպված են եղել համագյուղացիներից մեկի տանը վարձով ապրել: Չեն կարողացել վարձը վճարել եւ դուրս են եկել: Արմեն Արսենյանն ասաց, որ տարիներ առաջ դիմել են պաշտպանության նախարարություն, որպեսզի տան խնդիրը լուծվի: Սկզբում խոստացել են տուն կառուցել, հետո ինչ-ինչ պատճառներով չի ստացվել, դրանից հետո ստիպված տեղափոխվեն են անասնագոմ: «Այդքան վարձով ապրել չէինք կարող ուրիշի ձեռքի տակ»,- ասում է Արմենը:
Նրա ասելով՝ ամսական 53 հազար դրամ պաշտպանության նախարարությունից է աջակցություն ստանում, որից 29 հազար դրամն իր թոշակն է, իսկ 32 հազար դրամը նպաստն է: «Նպաստն էլ տուն չի հասնում, ստանում ենք, տալիս ենք խանութներին, գալիս ենք տուն: Խանութի տերերը լավ մարդիկ են, լավա նիսյա ապրանք տալիս են»,- ասում է Ա. Արսենյանը:
Տան հարեւանությամբ մի վրան էր տեղադրված: Հերմինե Արսենյանը պատմեց, որ այդ վրանում ուրիշի անասուններն են պահում, որի համար ստանում են 40-50 հազար դրամ: Իրենց օգուտը նաեւ գոմաղբն է, որը չորացնում եւ վառելիք են սարքում:
Արմենը չէր դժգոհում, սակայն իր խոսքերով՝ նեղվում է իր վիճակից: «Տոների օրերին մեզ հիշում են, մեր Արտաշատի շտաբը կանչում է, գնում ուրախանում, գալիս ենք, դա է»,- ասում է Արմենը եւ ցույց տալիս ստացած պարգեւները: «Իմ հպարտությունն էլ այս մեդալներն են»,- հավելում է նա եւ զրույցը շեղում ներկա կիսապատերազմական վիճակի կողմը:
Ըստ Արմենի՝ պատերազմը չի ավարտվել, եւ ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք դրան:
Հարցին, եթե պատերազմ լինի, նորից կգնա՞ մարտի դաշտ, Արմենը ծիծաղով արձագանքեց ու մի պահ լռեց: «Այդ հարցն ինձ շատ են տալիս... Բայց ոնց չգնամ: Ասենք, ջղայնանում եմ, մի հարցով նեղվում եմ ու ասում՝ չեմ գնա, բայց 5 րոպե հետո, եթե ընկերներս ասեն՝ պատրաստ ենք, պիտի գնանք, հաստատ կգնամ: Որ չգնամ, ո՞նց կլինի, բա այս երեխային ու՞մ թողեմ, մեզ ո՞վ տեր կկանգնի, երեխեքին տեր կկանգնի: Գնալը պետք է»,- ասում է Արմենը եւ գիրկն առնում փոքր աղջկան՝ 5 տարեկան Նարինեին:
Արմեն Արսենյանը ցույց է տալիս նաեւ պապի մեդալը: Նա էլ է կռվել, եղել է Սևաստապոլում, Բեռլինում. «Նման պապ եմ ունեցել, բա ես ոնց չգնամ կռվեմ»,- ժպտալով ասում է Արմենը:
Նա չի հավատում այն մարդկանց, ովքեր ասում են, թե պատերազմ սկսվելու դեպքում չեն գնա ռազմադաշտ: «Կարող է իրենց նեղված վիճակից ելնելով, որ չեն գնահատվում, ասեն՝ չենք գնա մարտի դաշտ, բայց բոլորն էլ կգնան: Ազատամարտիկը պիտի գնահատվի: Հիմա ես տուն չունեմ, գոմի մեջ եմ ապրում, սա ի՞նչ վիճակ է: Ես ինչքա՞ն աշխատեմ կամ որտե՞ղ աշխատեմ, որ տուն սարքեմ, իմ երեխեքին հազիվ եմ պահում: Պատկերացնու՞մ ես, նեղվում եմ, որ բանակից տղես արձակուրդ է գալիս, ոնց որ պետք է չեմ կարողանում ճանապարհել: Ճիշտ հասկացեք, ոչ մեկից չեմ դժգոհում, ամեն ինչից գոհ եմ, կյանքից էլ եմ գոհ, բայց որ այս վիճակն է, ի՞նչ ասեմ: Մարդ է գալիս տունս, ամաչում եմ, ո՞նց կլինի այս դարում գոմի մեջ ապրես: Ամառը մկներն ու օձերը լիքն են տան մեջ, կռիսներն էլ ազատ ֆռֆռում են»,- ասում է ազատամարտիկը եւ դուրս գալիս սենյակից:
Նրան հետեւում է Նարինեն եւ ցույց տալիս դրսում կայանված հեծանիվը, որը մորեղբոր նվերն է:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել