
Երբ տակառն ու կոնյակն ամուսնանում են (տեսանյութ)
Վարպետ Լևոնի՝ Օշականի արհեստանոցից երևացող արևը շաքարաքլորի պես «նստել» էր հարևանի կտուրին: Պատշգամբ հասնող մուրճի համաչափ տըկտըկոցները խլացնում էին ցանկապատից լսվող վարպետ Լևոնի ձայնը: Ուստա Գևորգին էր կանչում: Հետո ձայնը նորից խզվեց, լսվեց մուրճի ծանոթ թվացող երգը: Վարպետը ծխախոտը վառեց, մյուս ձեռքով էլ վերցրեց մուրճն ու չիմացողների համար հատուկ շեշտեց, որ այդտեղ զբաղվում է կոնյակի սպիրտի «բնակարանաշինության» հարցերով: Ասում է՝ տակառը խմիչքի տունն է, իրենք փորձում են լավ տղա պատրաստել, իսկ կոնյակագործներն էլ՝ լավ աղջիկ: Հետո երկուսին մի օր ամուսնացնում են: Վարպետը չի մոռանում ավելացնել, որ այդ հաջող ամուսնության համար գլխավորը տան ամրությունն է, չնայած տակառների մեջ էլ լինում են դավաճանություններ, երբ տակառը ծակվում է:
Տակառագործ Լևոն Բիշարյանը 56 տարեկան է, տակառ պատրաստելը, ասում է նա, իր երազանքը չի եղել, ուղղակի ստացվել է: Նախ երազում էր բժիշկ դառնալ, որովհետև ընտանիքում բժիշկներ ունեին (հայրը վիրաբույժ էր, տատը՝ գինեկոլոգ), ապա` «կուլտմասսավիկ»: Չնայած ինքը տատի մասնագիտությունը հաստատ չէր ընտրի, անմիջապես ընդգծում է նա: Իսկ պատենական տարիներին ուզում էր դառնալ «կուլտմասսավիկ»: «Կուլտմասսավիկները միշտ սիրուն աղջիկների հետ էին սանատորիաներում, իրենց կաստան ուրիշ էր»,- բացատրում է նա՝ ուղեկցելով արհեստանոցի սենյակներից մեկը, որտեղ ժամանակին պատրաստում էր հուշանվեր-տակառներ:
Ասում է, որ կյանքում իր բախտը բերել է: 1997 թ. աշխատում էր Երևանի կոնյակի գործարանում, որտեղ էլ ֆրանսիացիների միջոցով սովորեց տակառ պատրաստել: Գործարանի 7 աշխատակցի սովորեցրեցին պատրաստել տակառներ ժամանակակից տեխնոլոգիաներով՝ փայտը կրակով ծռելու եղանակով: Վարպետը ծիծաղում է, պատմում է, որ այն ժամանակ ֆրանսիացիներն ասում էին, թե Հայաստանում տակառագործության ասպարեզում դինոզավրի դար էր: Իսկ օտարերկրացիների սովորեցրածը նա համարում է «ֆրանսիական հեղաշրջում» իր կյանքում, որից հետո էլ սկսել է զբաղվել տակառագործությամբ: 2004 թ. կրճատման արդյունքում գործարանից նրան և մի քանի աշխատակիցների ազատեցին աշխատանքից, որից հետո ծանոթներից մեկի հետ սկսեցին զբաղվել տակառների վերանորոգմամբ, ապա որոշ ժամանակ անց՝ տակառների պատրաստմամբ: Իր բիզնեսի համար ստիպված էր վաճառել ռետրո մեքենաների հավաքածուն՝ գործիքներ գնեց, մի մասն էլ իր երևակայությամբ ստեղծեց, ապա Օշականում տուն գնեց, որտեղ էլ սկսեց զբաղվել տակառագործությամբ: Գործարանում աշխատելու տարիներին աշխատակիցների հետ պատրաստել է 2000-ից ավելի տակառ, իսկ գործարանից դուրս գալուց հետո՝ 1000-ից ավելի:
Ըստ վարպետ Լևոնի՝ տակառագործության մեջ ամենակարևորը փայտ կարդալն է: «Տակառագործության մեջ թիվ մեկ դպրոցը, որ գնում ես առաջին դասարանի պես, պետք է սովորես փայտ կարդալ: Օրինակ, էս սեղանի վրա լրիվ սխալ փայտեր են»,- փայտյա սեղանի սխալները ցույց տալով՝ նշում է նա, հետո խղճում այն կահույքագործներին, որոնք ստիպված են գործ ունենալ վատորակ փայտի հետ: «Գնում են հին տների գերաններ են բերում, որ կահույք սարքեն, էդ վարպետները մեղք են»,- նշում է նա, հետո հիշեցնում բոլորին, որ տակառագործության մեջ սխալվելն անթույլատրելի է, որովհետև իրենց սխալների հետևանքով մի ամբողջ գործարան կարող է սնանկանալ: Գործարանի հարստությունը որոշվում է տակառներով: Սա վարպետ Լևոնի մոտեցումն է:
Կոնյակի տակառ պատրաստում է կաղնու փայտից, որը հիմա ստանում է գործարաններից: 1 խմ կաղնու փայտի գինը 1200-1300 դոլար է: Իսկ տակառի համար օգտագործվող 1 խմ-ն ստանում են 7 խմ փայտից: Ստացված 1 խմ-ով պատրաստում է 5-6 տակառ: «Տակառը պատրաստվում է 80-100 տարեկան ծառերից: Եթե ծառի բնի տրամագիծը լինում է 60 սմ-ից մինչև 1 մետր, դա արդեն հասունացած, տղամարդ ծառ է, որն արդեն պատրաստ է գնալ սպիրտի հետ ամուսնանալու: Ծառն էլ իր որակն ունի, եթե խոնավ տեղի ծառ է, ցանկալի չէ դրանից տակառ պատրաստել, իսկ երբ տեսնում ես, որ ծառի հյուսվածքը խիտ է, դրանից լավ տակառ դուրս կգա»,- քաղցր սուրճն արագ խմելով՝ իջնում է արհեստանոցի «թատերաբեմ», որտեղ քիչ անց սկսում է տակառի փայտերի բովման գործընթացը: Ընդ որում՝ տակառի բովման համար ևս օգտագործվում է կաղնու փայտ:
Աշխատանքի ընթացքում սովորաբար սուրճ չի սիրում խմել, որովհետև, կարծում է, որ դա խանգարում է իր գործին: «Եթե գործի ժամանակ սկսենք սուրճ խմել, կընկնենք էս երկրի օրը»,- կատակում է նա: «Էսօրվա հատած ծառից եթե ուզում ես տակառ պատրաստել, մոտավորապես 2- 3 տարի պիտի սպասես: Փայտը թրջում ես, նորից դնում ես արևին, այնքան, որ փայտի միջի դառնությունը դուրս գա, մաքրվի: Այդ դեպքում սպիրտի որակն ավելի լավ է լինում: Եթե չմաքրես, եթե էդ դառնությունը չհանես, կոշտ ու կոպիտ սպիրտ կստանաս, իսկ դա էդքան էլ լավ չի»,- բացատրում է տակառագործը:
Վատ տրամադրությամբ գործ անել չի սիրում, որովհետև չի ուզում դրանով «վարակել» նոր ծնվող տակառին: Իսկ տակառի մասին երբեմն խոսում է մարդկային հատկանիշների վերագրմամբ: Օրինակ, ասում է, որ տակառները հիվանդանում են, ու այդ մասին հենց իրենք են ասում: «Ինքն է ասում: Սկսում է կաթալ: Եղանակներ կան, որոնց դեպքում երեխայի պես պիտի ավելի ուշադիր ու ավելի զգույշ լինես տակառի հանդեպ: Հասարակ բան է. եթե մթնոլորտը խոնավ է, փայտդ դրսից սկսում է ուռել»,- բացատրում է նա, հետո ավելացնում, որ ինֆարկտը բնորոշ է նաև տակառներին: «Մարդը ո՞նց է ինֆարկտ ստանում: Տակառն էլ է ինֆարկտ ստանում, փայտը ճաքում է, չի դիմանում: Մեկ-մեկ դու էլ ես սխալվում, վստահ ես լինում, որ փայտը կդիմանա, բայց տեսնում ես, որ...»,- այս մասին խոսելիս վարպետի աչքերի անկյուններում մի տեսակ տխրություն է հավաքվում, դրա համար արագ փոխում է խոսակցության թեման՝ կանչում ուստա Գևորգին:
Խմիչքի «տան» համար շատ կարևոր են երկաթյա օղակները, որոնք ամրացվում են տակառին: Այսօրվա օղակները չի հավանում՝ միանգամից ծռվում են. դրա համար էլ օգտագործում է «բոլշևիկյան» օղակներ: «Եթե տակառը մինչև 250-350 լիտր է, կարող ենք դնել 6 օղակ, եթե լիտրը բարձր է ՝ 450-800, կարող ենք դնել 8 օղակ: Վերևի օղակը ոնց որ հայրը լինի, պահում է, տակինը՝ մեծ տղեն է, հաջորդը աղջիկն է, իսկ ներքևինը մայրն է»,- տակառը շոյելով՝ մտքերի մեջ է ընկնում վարպետը:
«Տակառի ու հայի միջև նմանություն տեսնո՞ւմ եք»,- հարցնում եմ նրան: «Տիգրան Մեծից հետո հայերը հող չեն վերցրել, միշտ տվել ենք, թիքա կորցնող ենք, ուրիշ ագզերը թիքա վերցնող են: Էս տակառն էլ ա վերցնող: Եթե հայերն էլ սրանց խասիաթն ունենան, հա կտանեն: Ամեն տարի տակառը վերցնում է իր փայը սպիրտից: Ամեն մի տակառ 3 տոկոս կորցնում է... Դա սրբերի փայն է: Դրա համար աշխատում ենք, որ պատվիրատուն քիչ կորուստ ունենա»,- պատասխանում է նա: Մուրճերի ձայնը նորից ընդհատում է վարպետին: Այդ տարածքը, կարծես, մուրճերի «իշխանությանն» է պատկանում: Տակառագործի հաշվելով՝ 1 տակառը պատրաստվում է մուրճի 2000 հարվածով, իսկ մեկ մուրճը կշռվում է մոտ 3 կգ: «Դժվար չէ՞»,-հարցնում եմ նրան: Պատասխանի փոխարեն ժպտում է:
«Ի՞նչ եք մտածում երկրի վիճակի մասին»,- նորից հարց եմ տալիս նրան: «Աշխատում եմ մտածել, որ քիչ մտածեմ, որովհետև մարդ չի մնացել, քիչ են, վարպետ չկա, մասնագետներ չկան, սաղ փախնում են, բայց տենց փախնելով ո՞ւր կհասնենք: Հայի մեջ գաղթականի գենը կա, չեմ ուզում, որ հայը գաղթական դառնա: Վրացին Մոսկվայում սիրուն շորերը հագնում ա, մտնում ա լավ ռեստորան սուրճ խմում, էս հային տեսնում ես լապատկի պոչը բռնած՝ սպասում ա երբ պիտի ասֆալտ բերեն, ասֆալտ բերողն էլ մի փնթի... Էս ազգի որակի համար էլ աշխատող չկա»,- ասում է նա, հետո խորհուրդ է տալիս ուրախ երգեր լսել, հանգիստ ապրել, սթրեսների մեջ քիչ լինել: «Սիրուն Կոմիտաս լսենք, ոչ թե ոտը կտրած մայրիկ երգեր: Էս աղբն ա, որ մեզ փչացնում ա, ու կարևորը, որ աղբը էս պահին կրում է մեզ»,- կարծես, արձանագրում է՝ ափսոսալով, որ մարդկային աշխարհում չափանիշները փոխվել են. մարդուն սկսել են հարգել մեքենայով, ունեցվածքով, իսկ երեխաներն էլ ուզում են առանց չարչարվելու փող աշխատել: «Հիմա լավ սերունդ կա, տեսնում եմ՝ ոնց են պայքարում՝ քեֆս բերում են, բայց թեփն էլ շատ ա»,- ասում է նա:
Վարպետը, տակառին հենված, ինչ-որ հեռավոր կետերի է նայում: Նրա մտահոգություններից մեկը մեր երկրում արհեստավորների պակասն է: Ինքն էլ փորձում է հասկանալ, թե ինչու արհեստները նորաձև չեն Հայաստանում: Օրինակ, կարծում է, որ տակառագործությունը տղամարդուն վայել գործ է: Հարցին, թե քանի տակառագործ կա Հայաստանում, պատասխանում է՝ «մեր երկրի վարչապետերից քիչ ենք մնացել»: Չնայած դրան, ասում է, որ լավատես է, հետո նորից անցնում խմիչքի «տան» աշխատանքներին, բացատրում դրանց նրբություններն ու նշում, որ իր բիզնեսը թողնելու է որդուն, ով զբաղվում է գինեգործությամբ, սակայն վերջինիս երբեք չի ասելու տակառագործության գաղտնիքները: Կարծում է, որ գաղտնիքները պետք է կարողանալ ինքնուրուրույն գտնել: Այդ դեպքում դրանք ավելի արժևորված են: Այնուհետ վերհիշում է իր վարպետին. «Իմ վարպետը՝ ուստա Վալոդ էինք ասում, որ կոնյակ էր խմում, ասում էր, չեմ խմում, ես խմիչքի հետ համբուրվում եմ»:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել