HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի ավագանին մարզպետից տեղեկացավ 5 մլրդ 400 մլն դրամի աշխատանքների մասին

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը մարտի 18-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մասնակցությամբ, համայնքի  ավագանուն ներկայացրեց 2013թ.-ի ընթացքում իր կատարած աշխատանքների հաշվետվությունը: Հաշվետվության քննարկմանը համայնքի 20 ավագանիներից ներկա էին 15-ը: Հաշվետվությունից հայտնի դարձավ, որ անկախության տարիներին Վանաձորի բնակչության թիվը նվազել է 65 հազար մարդով` 150 հազարից դարձել է 85 հազար»,- ասաց քաղաքապետը:  Սամվել Դարբինյանը չանդրադարձավ բյուջետային գործընթացների վրա բնակչության թվաքանակի կտրուկ նվազման հետեւանքներին: Անտեսեց նաեւ արտագաղթի հետեւանքերը քաղաքի զարգացման գործում:

Վանաձորի 2013թ.-ի բյուջեով նախատեսված եկամուտները կազմել է 2 մլրդ 148 մլն 734,7 հազար դրամ: Եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 2 մլրդ 114 մլն 067,7 հազար դրամ: Նախորդ` 2012թ.-ի համեմատ 2013թ.-ի բյուջեն նվազել է 78,8 մլն դրամով: Նախատեսված 766 մլն 270,4 հազար դրամ սեփական հարկային եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 733,4 մլն դրամ: Քաղաքապետը հայտնեց, որ բյուջեի դրամարկղային ծախսերը կազմել է 2 մլրդ 98 հազար  դրամ:

Հաշվետվության մեջ Սամվել Դարբինյանը ծախսային մասով անդրադարձավ միայն բյուջեի նպատակային հատկացումներին: Նշեց քաղաքապետարանի ենթակառուցվածքներին նախատեսված եւ հատկացված գումարների մասին, սակայն ավագանուն չներկայացրեց կատարած ծախսերի արդյունավետությունը: Սամվել Դարբինյանն ընդհանրապես չանդրադարձավ Վանաձորի զարգացման 2013-2016թթ. քառամյա ծրագրին:

Ավագանու անդամ Վահագն Դավիթավյանն անմիջապես նկատեց, որ 2013թ.-ի բյուջեի հաշվետվությունը Վանաձորի զարգացման քառամյա ծրագրին համահունչ չներկայացվեց: Վ. Դավիթավյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ 2013թ. տարվերջին պետբյուջեից Վանաձոր քաղաքին դոտացիան 139 մլն դրամով պակաս է վճարվել, որը էական ազդեցություն է թողել ծախսային մասում: Նա մարզպետ Ա. Նալբանդյանին խնդրեց Կառավարությունում, պատեհ առիթների դեպքում, Վանաձորի քառամյա զարգացման ծրագրով նախատեսված խնդիրները լուծելու համար պահանջել լրացուցիչ սուբսիդավորում:

Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ 2011-2013թ.-ին Վանաձորում թե’ պետբյուջեով, թե’ այլ միջոցներով իրականացվել է 5 մլրդ 400 մլն դրամի աշխատանք: Ակնհայտ էր, որ համայնքի ավագանին տեղյակ չէր հատկացված գումարներին եւ ծախսերին: Սամվել Դարբինյանն էլ հաշվետվության մեջ 2013թ.-ի մասով չհիշատակեց այդ գումարները եւ դրանցով կատարված աշխատանքները: Մարզպետն ավագանուն տեղեկացրեց նաեւ, որ 2014թ.-ին Վանաձորի բյուջեն պետբյուջեից լրացուցիչ ստանալու է 246 մլն դրամ, որի մեջ մտնում է նաեւ 139 մլն դրամ նախորդ տարվա դոտացիան:

Սամվել Դարբինյանը հաշվետվության մեջ շրջանցել էր նաեւ 2013թ.-ին Վանաձորում իրականացված ներհամայնքային Ճանապարհների կապիտալ վերանորոգման աշխատանքները: Պատասխանելով «Հետքի» հարցին, Սամվել Դարբինյանը նշեց, որ 2013թ.-ին Վանաձորում ներհամայնքային ճանապարհների վերանորոգման համար ծախսվել 300 մլն դրամ (դրանք իրականացվել են հիմնականում քաղաքապետին եւ նրա եղբորը պատկանող «Արգիշտի-1» ՍՊԸ-ն եւ Լոռի ՃՇՇ-Ը-ն): Նա համայնքի 126 մլն դրամ հատկացումով կատարված փողոցների նորոգման աշխատանքները շրջանցեց:

Ավագանիները դժգոհեցին Վանաձորի գերեզմաններ տանող ճանապարհի անբարեկարգ վիճակից եւ քաղաքի ծայրամասերի աղբահանությունից: «Պրն Դարբինյան, ես անցած անգամ եւս բարձրացրել եմ հիվանդանոցներ տանող ճանապարհների վիճակը, քանի որ պրն մարզպետն էլ այստեղ է, 3-րդ համաբուժարան, ինֆեկցիոն հիվանդանոց տանող եւ մյուս ճանապարհները շատ վատ վիճակում են»,- ասաց ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը:

Ավագանու անդամ Արամ Խաչատրյանը քաղաքապետ Ս. Դարբինյանին հիշեցրեց քաղաքի գետերի հուների մաքրման մասին, որոնք պետք է մաքրվեին  ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 1-ը: «Ես անձամբ շրջել եմ Ջունգլիներ թաղամասում եւ 3-րդ մասում, խոսել եմ բնակիչների հետ եւ պարզվել է, այս  թաղամասերում գետերի հուները չեն մաքրվել նշված ժամկետում, եթե հիշում եք, ես Ձեզ այդ մասին տեղյակ պահել եմ»,- քաղաքապետին դիմեց  ավագանու անդամներից պրն Խաչատրյանը: Վանաձորի քաղաքապետը վերջինիս պատասխանեց, որ գետերի վարարման ժամանակ հնարավոր չէ տեսնել` գետի հունը մաքրվո՞ւմ է, թե` ոչ: «Պրն Խաչատրյան, արդեն 10 օր է գետերի հունը մաքրվում է, եթե ուզում ես նայել, ուրեմն գնա եւ հիմա նայի»,- ավագանուն պատասխանեց քաղաքապետը:

Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության պետ Լյովա Մելիքյանն էլ   ավագանուն հայտնեց, որ  բոլոր գետերի հուները 2013թ.-ին մաքրվել են, միայն գետերի վարարումից հետո: Սրանով հանդերձ Վանաձորի ավագանին 1 դեմ,  2 ձեռնպահ  եւ 11 կողմ ձայներով հաստատեց Վանաձորի համայնքի ղեկավարի 2013թ.-ին կատարած աշխատանքների հաշվետվությունը: 

Մեկնաբանություններ (1)

Artur
Development plan for Vanadzor? Sounds like a flat joke.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter