
Ղրիմի ու Արցախի անհամեմատելիության մասին
Մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցավ հանրաքվե, որի պաշտոնական արդյունքների համաձայն` մասնակիցների ավելի քան 95 տոկոսը կողմ են արտահայտվել Ղրիմի` Ուկրաինայից առանձնանալուն և ՌԴ մաս կազմելուն: Այս առթիվ աշխարհի բազմաթիվ երկրներ պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի դեմ, իսկ ահա ԼՂՀ մայրաքաղաքում, հակառակը, տոնակատարություններ են:
Աշխարհի մեծ մասը համարում է, որ նման մոտեցումները անընդունելի են, Արցախում գտնվող մեր հայրենակիցները հուսով են, որ սա նախադեպ կլինի իրենց համար: Սակայն եկեք հասկանանք, թե ինչ նախադեպի մասին է խոսքը և որքանով են Ղրիմի ու Արցախի խնդիրները համեմատելի:
Անհամեմատելի համեմատություններ
Շատերս դեռ հիշում ենք, թե ինչպես էր զարգանում ղարաբաղյան հակամարտությունը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ որոշմամբ՝ հռչակվեց ԼՂՀ անկախությունը, որը հաստատվեց դեկտեմբերի 10-ի հանրաքվեով:
Սակայն Սովետական Միությունը և ապա Ադրբեջանը, ում տարածքից անկախանում էր ԼՂՀ-ն, չհարգեցին արցախցիների ինքնորոշման իրովունքը և փորձեցին հարցը լուծել ուժով ու զենքով: Հայերս էլ ստիպված էինք զենքով պաշտպանել Արցախի իրավունքները:
Ի տարբերություն Արցախի՝ Ղրիմում ամեն ինչ սկսվեց ոչ թե ժողովրդի կամարտահայտամամբ, այլ ռուսական զորքերի ներխուժմամբ, որից հետո Ղրիմում փոխվեցին տեղական իշխանությունները եւ հայտարարեցին անկախության հանրաքվե անցկացնելու մասին:
Ընդամենը երկու շաբաթ հետո ռուսական զորքերի ներկայությամբ կայացավ հանրաքվեն, որը և հռչակեց Ղրիմը՝ որպես Ռուսաստանի մաս:
Ի հեճուկս Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարող Ղրիմի բնակիչների զգալի մասի (առավելապես 12 տոկոս թաթարների, 30 տոկոս ուկրաինացիների և ռուսների մի մասի) բոյկոտի, հանրաքվեն արձանագրեց 83 տոկոս մասնակցություն:
Ընդ որում՝ որոշ քաղաքներ այնքան էին ուզում ինտեգրվել ՌԴ-ին, որ արձանագրում էին 123 տոկոս մասնակցություն: Թերևս, զարմանալի չէ, որ ռուսական ավտոմատների փողի տակ նման արդյունքներ են արձանագրվում, քանի որ նույն ոգով անցնում են ներպետական ընտրությունները նույն Ռուսաստանում (այդ թվում` մինչև 146 տոկոս «Պուտինին կողմ» ձայների արդյունքներով):
Ի տարբերություն Արցախում հայկական ստորաբաժանումների՝ Ղրիմում ռուսական զորքերը հայտնվեցին հանրաքվեից առաջ (անգամ հանրաքվեի մասին որոշումից առաջ): Արեւմուտքը համարում է, որ տեղի ունեցածը սովորական օկուպացիա է:
Այս ամենով է պատճառաբանվում այն, որ Արցախի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կոնֆլիկտներում արեւմուտքը շատ ավելի լոյալ դիրք ուներ, քան Ղրիմի դեպքում:
Իսկ մեզ այդպիսի նախադեպ պե՞տք է
Թեև Ստեփանակերտում երկու օր առաջ տոնակատարություններ են, մենք կփորձենք հասկանալ, թե անհամեմատելիությամբ հանդերձ, որքանով կցանկանայինք, որ Արցախը արժանանար Ղրիմի ճակատագրին:
Ղրիմը եվրոպական ինտեգրացիայի ճանապարհը բռնած և առավել ժողովրդավար Ուկրաինայից անցավ սակավ ժողովրդավար և ազգային հողի վրա սպանություններով լի Ռուսաստանին: Գործընթացի արդյունքում Ռուսաստանը հայտնվեց միջազգային ճնշումների տակ, կորցրեց իր տեղը «Մեծ ութնյակում», ընկավ պատժամիջոցների տակ և քաղաքականապես մեկուսացվեց:
Ղրիմի անկախությունը ճանաչեցին միայն Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան ու Սիրիան: Միաժամանակ, թվով ավելի քան 45 պետություններ հայտարարեցին, որ չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն, այդ թվում` ամբողջ Եվրոպան, ԱՄՆ-ն, Կանադան, Չինաստանը, «մեծ ութնյակի» բոլոր անդամները՝ բացի ՌԴ-ից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամները՝ բացի ՌԴ-ից:
Իսկ ահա ԱՄՆ-ն, Կանադան և Եվրոպական Միությունը պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի դեմ, ինչն արդեն ցավոտ տարան ՌԴ բորսաները և ռուբլու կուրսը:
Ենթադրում եմ, որ մենք չպիտի ցանկանանք, որ քաղաքակիրթ աշխարհի մեծ մասը մի օրում հայտարարի, որ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նույն կերպ չպիտի ցանկանանք, որ ամբողջ արևմուտքը պատժամիջոցներ կիրառի Հայաստանի դեմ:
Ու քանի դեռ դա տեղի չի ունենում, մեր ԱԳՆ-ն պետք է բոլորին բացատրի, որ արցախյան հակամարտությունը Ղրիմի հետ որևէ նմանություն չունի, առավել ևս, որ Ղրիմը դեռ չի ստացել որևէ բան, ինչն Արցախը չունի:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել