HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկեց Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի դեմ դատական գործի քննությունը

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր  Աղասի  Մկոյանի նախագահությամբ մեկնարկեց  Շնողի նախկին գյուղապետ  Հայկազ Քոչինյանի  դեմ  «Հետքի»  2012թ.-ի  դեկտեմբերի 4-ի  «Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի  ապօրինությունները» հոդվածի  փաստերով ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից 2012թ.-ի դեկտեմբերի 5-ին հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատարանում  մեղադրանքը պաշտպանում էր Լոռու մարզի դատախազի տեղակալ  Մ. Մովսիսյանը:  

Հայկազ Քոչինյանի շահերը դատարանում պաշտպանում էր փաստաբան Արտակ Ոսկանյանը: Դատական նիստի սկզբում  տուժողի ` Շնողի գյուղապետարանի ներկայացուցիչ, գյուղապետ Հովիկ Սահակյանը  դատարանից  խնդրեց հետաձգել դատական նիստը: «Ես մասնագիտական կրթություն չունեմ, որպեսզի կարողանամ իմ շահերը պաշտպանել: Խնդրում եմ դատական նիստը հետաձգել իմ պաշտպանի կողմից նախաքննական նյութերին ծանոթանալու համար»,- ասաց Հովիկ Սահակյանը:   

Հայցվորի պահանջին պատասխանող կողմը առարկեց: «Քրեական գործի նախաքննության ընթացքում հայցվոր կողմը ունեցել է այլ  փաստաբան, նա  ժամկետ ուներ իր ներկայացուցիչին փոխելու համար, տվյալ դեպքում Հովիկ Սահակյանը քրեական գործով ճանաչված է որպես տուժողի ներկայացուցիչ,  սա առաջին  դատական նիստն է,  դատաքննության նախապատրաստական փուլում  ենք ,  Հովիկ Սահակյանը կարող է ներկայացնել տուժողի շահեր: Բացի այդ գործի նախաքննությունը  սկսված է 2012 դեկտեմբերի 5-ից , գործի  դատաքննության ձգձգումը կարող է խախտել ողջամիտ ժամկետը»,- ասաց պաշտպան Ա. Ոսկանյանը:  Հովիկ Սահակյանը պնդեց դատական նիստը հետաձգելու իր  պահանջը:  

Դատարանը բավարարեց տուժողի ներկայացուցիչի պահանջը: Հիշեցնենք , որ Լոռու մարզի դատախազության կողմից Հայկազ Քոչինյանի  դեմ «Հետքի» մեկ  այլ `2010թ.-ի  սեպտեմբերի 6-ի «Դուք դատախազության աշխատող չեք, որ Ձեր հարցերին պատասխանեմ,- լրագրողին ասում է գյուղապետը» հոդվածի փաստերով էլ քրեական  գործ է հարուցվել  նաև 2010թ.-ին:

Նախաքննական փուլում Հայկազ Քոչինյանի դեմ հարուցված քրեկան գործը Լոռու մարզի դատախազության կողմից մասնատվել է 2 մասի: Շնողի «Խմհատ» հանդամասի ոռոգման ջրագծի  500 գծամետր խողովակաշարի յուրացման,  իր որդուց  շուկայականից բարձր գներով  գյուղապետարանի համար «Մերսեդես –Բենց  S-500» և «Վազ 21214»  ավտոմեքենաների  մասով  նախաքննության նյութերը ուղարկվել է դատարան, իսկ  Շնողի գերեզմանոցի շրջակայքի բարեկարգման  համար նախատեսված19,5մլն. դրամի, գյուղի բնակելի շենքերի տանիքների համար նախատեսված 25,8 մլն. դրամի,  գյուղի ֆոտբոլի դաշտի բարեկարգման համար նախատեսված 9 մլն. դրամի և «Հետքի» հոդվածներում ներկայացված այլ ապօրինությունների գործերը մնացել  են Ալավերդու քննչական բաժանմունքում, դրանք նախաքննական փուլում են: 

Դատարան ներկայացրած թիվ 55200112 քրեական  գործով Հայկազ  Քոչինյանին մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և  179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:  Դատական  հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 14-ին: 

 

Մեկնաբանություններ (1)

Mko
Kyorrrrrrrrr@ edqan talanec u talanec,der chen uzum daten prcnenq dranic

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter