HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Բրեյքդանսի չեմպիոնը պատմում է իր ամերիկյան երազանքի իրականացման մասին

Բրեյքդանսում 71 հաղթանակ տարած Ռոքսրայթի համար տարիներ առաջ ամերիկյան երազանքը դարձել է իրականություն: 2011թ. նա «Red Bull BC ON» բրեյքդանսի առաջնության ժամանակ դարձել է չեմպիոն՝ մինչև այժմ պահպանելով այդ տիտղոսը: Օրերս նա եկել էր Հայաստան` ընտրելու լավագույն հայ բի-բոյներին (բրեյքդանս պարողներին): Ընտրության առաջին փուլն արդեն տեղի է ունեցել: Հայաստանի լավագույն 7 պարողները ապրիլի 13-ին Թբիլիսիում կմասնակցեն կովկասյան նախընտրական մրցույթին:

Մեքսիկացի Օմար Օ. Դելգադո Մասիասը (Omar O. Delgado Macias), ով հետագայում վերցնում է Ռոքսրայթ (Roxrite - rocks right) անունը, ծնվել է մեքսիկական աղքատ ընտանիքում: Փոքր տարիքից ապրել է ԱՄՆ-ում, այդ պատճառով էլ մրցումների ժամանակ ներկայացնում է այդ երկիրը: Նա ասում է, որ ճշմարիտ չէ այն պատմությունը, թե ինքն ամերիկացի հաջողակ տղա է, ով բոլորին վերևից է նայում: Այնպես չէ, որ մի օր արթանցել է ու տեսել, որ փառքի մեջ է, իսկ լավագույն սպորտդահլիճները տրամադրվում են, որպեսզի նա այնտեղ մարզվի: Մինչ այժմ նա իր պարապմունքներն անց է կացնում տանը կամ ավտոտնակներում:

Բրեյքդանս Ռոքսրայթը սկսել է պարել 12 տարեկանից, երբ տեսել է՝ ինչպես է պարում իր ավագ եղբայրը: Մինչ այժմ էլ եղբայրը բրեյքդանսի չեմպիոնի համար ոգեշնչման աղբյուր է: Այսօր նրա կենսագրության մեջ նշվում է, որ Ռոքսրայթը հաղթել է բրեյքդանսի 23 մենամարտերում, բայց դա հաջողվել է միայն ամենօրյա քրտանաջան աշխատանքի շնորհիվ:

«Լավ բի բոյ լինելու համար նախ և առաջ պետք է լինել համեստ և հասարակության լիարժեք անդամ, հասկանալ՝ ինչ ես անում և ինչի համար ես անում»,- ասում է Ռոքսրայթը:

Նախքան բրեյքդանսով զբաղվելը Ռոքսրայթը երազում էր դառնալ ամերիկյան ֆուտբոլի խաղացող, բայց երբ առաջին անգամ տեսավ բրեյքդանս, ապշել էր. դա տարբերվում էր նախկինում իր տեսած ամեն ինչից:

«Բայց ես երբեք չէի մտածում, որ դա կլինի իմ աշխատանքը»,- խոստովանում է Ռոքսրայթը:

Եթե սկզբնական շրջանում Ռոքսրայթի համար բրեյքդանսը հոբբի էր, մի քանի տարի անց դառնում է նրա աշխատանքն ու կենսակերպը:

«Ես երբեք բրեյքը դժվար չեմ համարել,- ասում է Ռոքսրայթը: - Հնարավոր է՝ շարժումները սովորելը դժվար լինի, բայց ինձ համար անգամ զվարճալի է այդ շարժումները սովորելը: Ամենադժվարը քո ոճը ստեղծելն է, քո շարժումները հորինելը»:

Ռոքսրայթը փորձում է հավատարիմ մնալ բրեյքդանսի ավանդական ձևին, սակայն իր պարն ամբողջական է դառնում իրեն բնորոշ շարժումների ու պարային հնարքների շնորհիվ: Պարի ընթացքում նա հաճախ է տարաբնույթ շրջադարձներ ու պտույտներ անում:

«Սիրում եմ անել այն, ինչ մյուսները չեն անում,- ասում է բրեյքդանս պարողը:- Գլխի վրա պտտվելը ամենաապշեցնողը չէ, որ կարելի է անել: Մենամարատերի ժամանակ, երբ պարում ենք, հաճախ չգիտենք, թե ինչ երաժշտություն է հիմա նվագելու դիջեյը: Պետք է կարողանալ արագ կողմնորոշվել՝ շարժումները համապատասխանեցնելով երաժշտությանը: Իսկ դա իրականում դժվար է»:

2011թ. հաղթանակը նա համարում է ամենամեծը, քանի որ այստեղ հաջողվել է հաղթել այն պարողներին, ովքեր տարիներ շարունակ եղել են լավագույնը: Իսկ իրենից թույլին հաղթելը նա երբեք լիարժեք հաղթանակ չի համարում:

«Եթե դու այդ մրցաշարում հաղթել ես, կարող ես աշխարհին ցույց տալ` ինչի ես ընդունակ: Այսպիսով դու կարողանում ես հետք թողնել»,- ասում է Ռոքսրայթը:

Բայց և մինչև հիմա նա չի հասկանում, թե ինչու պարտություն կրեց 2002թ. Լաս Վեգասում անցկացված մրցաշարում: Այդ ժամանակ նա այնպիսի հիասթափություն է ապրում, որ պարային ասպարեզից 6 ամսով հեռանում է: Սակայն, անգամ այդ պարտությունը նա իր համար առավելություն է համարում, որովհետև երբ այդ դադարից հետո կրկին սկսում է մասնակցել մրցույթների, իրար հետևից հաղթում է 9 մրցաշարերում:  

«Ես անպարտելի էի»,- ծիծաղելով ասում է նա:

Միաժամանակ, խոստովանում է, որ շատ մարզվելը իրեն ոչ միայն ինքնավստահություն է հաղորդում, այլև օգնում է ձերբազատվել վատ մտքերից:

«Արդյո՞ք քեզ համար կարևոր է հաղթել ինչ-որ մեկին, թե պարզապես լինել լավագույնը»,- հարցնում եմ Ռոքսրայթին:  

«50/50,- ժպտալով պատասխանում է պարողը:- Սա մրցակցային ոլորտ է, և պետք է մրցակցող ոգի ունենաս: Գալիս է մի պահ, երբ ուզում ես լինել լավագույնը: Բայց և չես կարող միշտ լինել լավագույնը: Մի օր կարող ես հաղթող լինել, իսկ հաջորդ օրը մի ակումբում, որտեղ չկան անգամ դատավորներ, լինել վատագույնը»:

Պարբերաբար մրցաշարերի մասնակցող բրեյքդանս պարողն աշխատում է իրեն շրջապատել այնպիսի մարդկանցով, ովքեր պարով չեն զբաղվում: Ազատ ժամանակ էլ նախընտրում է պարզապես մնալ տանը և հանգստանալ: Այդ ընթացքում սիրում է նոր բաներ սովորել: Այժմ հետաքրքրված է վիդեոմոնտաժով և վեբկայքերով. իր պաշտոնական էջն ինքն է պատրաստել:

«Ես հավատում եմ, որ այս աշխարհում պետք է անես կարողացածիդ առավելագույնը, միշտ վստահ լինես քեզ վրա,- ասում է Ռոքսրայթը:- Սոցիալական սահմանափակումները չպետք է երբեք սահմանափակեն քեզ: Եվ իմ կյանքում չկան որևէ սահմաններ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter