
Երգեր ժամանակի և տարածության միջից – 3
Նաիրա Հայրապետյան
Կան երգեր, որոնք ձեռագրի նման են և կատարելապես բնորոշում են տվյալ հեղինակին, կատարողին, խմբին և նույնիսկ երաժշտական այս կամ այն ժանրի առանձնահատկությունը: Այս երգերը սիրելի են դարձել ոչ միայն իբրև մեղեդային ստեղծագործություններ, այլև երգ-ասելիքներ, որոնք կոչ էին՝ հանուն գաղափարների:
Եթե փորձենք երաժշտասերների մեջ ճշտել նրանց ժանրային պատկերացումները, ապա շատ արագ օգնության կհասնեն հայտնի հիթերը: Այդպես են նաև ռոք- բալլադները, որոնք մեծ մասսայականություն են վայելել տարբեր նախասիրություններ ունեցող, նույնիսկ ռոքը կտրականապես չընդունող երաժշտասերների շրջանում: Եւ հանրահայտ շատ խմբեր, արտիստներ ավելի հաճախ հիշվում ու ընդունվում են մեծ լսարանի մեջ մուտքի այցեքարտ դարձած ստեղծագործությունների միջով:
“Wind of Change” (փոփոխության քամի). սա գերմանական “Scorpions” խմբի ամենահայտնի և ամենաջողակ երգերից մեկն է, որի առաջին մի քանի մեղեդիներն իսկ բավական է հնչեցնել՝ երգի կամ կատարողի անունը վայրկյանների ընթացքում անսխալ կռահելու համար: Այս բալլադի հեղինակը խմբի վոկալիստ Կլաուս Մայնեն է և գրվել էր երգչի՝ Ռուսաստան կատարած առաջին այցելության տպավորության ներքո` 1988թ-ին:
Մեկ տարի անց՝ 1989թ-ին, նրանք մասնակցեցին “Moscow Peace Festival”-ին: Եվ թեև “Wind of Change”-ը թողարկվեց 1990թ. “Crazy World” ալբոմի կազմում, հանրության լայն շրջանակներում առանձնապես մեծ հաջողություն չունեցավ: Ուղիղ մեկ տարի անց երգի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվեց, երբ աշխարհում ևս մեծ ու պատմական շրջադարձեր եղան: Երգի թողարկվելուց մեկ ամիս անց քանդվեց Բեռլինյան պատը, իսկ 1991թ.` Խորհրդային երբեմնի հզոր ու անառիկ կայսրությունը:
Փոփոխության քամին՝ այլևս քանդած կարծրատիպերով, երբեմնի թաքցրած զգացմունքներով ու սառը պատերազմներով աշխարհը այլ հունով էր տանելու: Երգն անմիջապես հայտնվեց Գերմանիայի և ողջ Եվրոպայի գլխավոր հորիզոնականներում, այն 4-րդ տեղն էր զբաղեցրել ամերիկյան և 2-րդը բրիտանական երաժշտական չարտերում՝ վերածվելով համաշխարհային հիթի:
Ավելի ուշ երգը ընդգրկվեց “Scorpions”-ի “Live Bites” (1995թ.), ապա՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ունեցած “Moment of Glory” (2000թ.) համերգային ալբոմների կազմում: “Wind of Change”-ը ընդունվում է որպես ԽՍՀՄ-յան վերակառուցման, երկաթյա վարագույրները բացելու, սառը պատերազմի ավարտի հիմնը, այսպիսով՝ Գերմանիայի և Ռուսաստանի, ինչպես նաև ողջ աշխարհի միջև խաղաղության խորհրդանիշը: Կլաուսն ասում էր` «Մեր հայրերը Ռուսաստան եկան տանկերով, իսկ մենք դեպի ձեզ գալիս ենք կիթառներով»:
1991թ. խումբը այս երգը կատարեց Միխայիլ Գորբաչովի ներկայությամբ. վերջինս “Scorpions”-ի երկրպագուներից է և համերգից հետո նրանց ընդունեց Կրեմլում: Հետագայում խումբը ձայնագրեց և թողարկեց նաև երգի ռուսերեն տարբերակը՝ “Ветер перемен”:
Այժմ անդրադառնանք խաղաղության մեկ այլ խորհրդանիշի: Այս մեկն արդեն ռասսայական խտրականության դեմ է. Մայքլ Ջեքսոն՝ “Black Or White” (Սև, թե սպիտակ):
1991թ-ին հեռուստադիտողներին նոր տեսահոլովակի պրեմիերային հատուկ նախապատրաստելու նպատակով` “Epic Records” –ը, որը երգը ձայնագրող ընկերությունն էր, որոշեց երկու օր առաջ “Black Or White”-ը նախ հեռարձակել ռադիոյով: 24 ժամվա ընթացքում ռասսայական ներդաշնակության կոչ անող երգն արդեն ներգրավված էր ամերիկյան 237 ռադիոկայաններից գրեթե բոլորի ձայնադարանում: Այն Ջեքսոնի “Dangerous” ստուդիական ութերորդ ալբոմի առաջին սինգլն էր, որը թողարկվեց 1991թ-ի հոկտեմբերին, ալբոմի հրապարակումից ուղիղ մեկ շաբաթ անց` փոթորկի նման պտտվելով Նյու-Յորքի, ապա՝ տարբեր մայրցամաքների ռադիոկայաններում:
Ռոք, R & B և պարային փոփ երաժշտության միաձուլումից ծնված այս երգը Մայքլ Ջեքսոնի «հարցեր բարձրացնող» համարձակ շարքից էր, որն իր հետ սովորական դարձած, բայց աննկարագրելի հաջողության ալիքից բացի, քաղաքական ուղերձներ պետք է հնչեցներ՝ երգի, մեղեդու, ժամանակին համահունչ փաթեթավորմամբ՝ ասելիքի սուր ենթատեքստով:
Բացի այդ, եթե անդրադառնանք երաժշտական կարիերային, ապա “Black Or White”-ը Ջեքսոնին դարձրեց պատմության մեջ առաջին երգիչը, ում հիթերն առաջին հորիզոնականները գրավեցին երեք տարբեր տասնամյակներում հաջորդաբար` 1970-ականներին, 80-ականներին և 90-ականներին: Քիչ-թե շատ ժլատ դուրս եկավ 2000 թվականը:
“Black Or White”. երգ խաղաղության, հանդուրժողականության և հավասարության ենթատեքստով, որն այս ամենը իրար խառնող աշխարհում վաճառվեց ավելի քան 13 միլիոն օրինակով:
Մեկնաբանել