
Նրանք չեն ազատվում բանտից. Սուրեն Խաչատրյանի ազգականը չեն
Մամուլում դեռ տարեսկզբին լուր տարածվեց, որ հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը Գորիս քաղաքում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանն՝ իր բարեկամ Յուրա Մանուչարյանի հետ լոմով հարվածներ են հասցրել իրենց համաքաղաքացի, բենզալցակայանի աշխատող Վիտալիկ Մեսրոպյանին:
Մեկ օր հետո Ոստիկանությունը պարզաբանեց, որ ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն և հանգամանքները պարզվում են:
Անցել է երեք ամիս, սակայն հանրությունն այդպես էլ չի տեղեկացել տեղի ունեցածի հանգամանքների մասին: Պարզելու համար, թե ինչ ընթացքի մեջ է հետաքննությունը, «Հետքը» դիմեց ՀՀ ոստիկանություն՝ հարցումով, թե արդյոք քրական գործ հարուցվել է դեպքի առթիվ, ի՞նչ հոդվածի հատկանիշներով, լուսաբանվե՞լ է դեպքը «02» հաղորդաշարով: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից մեզ տեղեկացրեցին հետևյալը. «Սյունիքի մարզի քննչական բաժնում, ինչպես նաև Գորիսի քննչական բաժանմունքում Մայիս Խաչատրյանի և Յուրա Մանուչարյանի կողմից Վիտալի Մեսրոպյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել, ուստի և «02» հաղորդաշարով չի լուսաբանվել»:
Ինչպես տեսնում եք, ոստիկանության պատասխանում նշված չէ, թե ինչ հիմքով քրեական գործ չի հարուցվել: Ուստի փորձեցինք հեռախոսազանգով ճշտել: Նույն վարչությունից տեղեկացրեցին, որ քննչական բաժնում առաջնորդվել են քրեական դատավարության 35 հոդվածի, 1-ին մասի, 4-րդ կետով: Այն է՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը:
Փորձեցինք մասնագիտական մեկնաբանություն ստանալ: Փաստաբան Հայկ Ալումյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ հավանաբար տուժողի վնասվածքները համարել են թեթև մարմնական վնասվածքներ, այդ պարագայում օրենսգիրքը նախատեսում է քրական գործի հարուցում ոչ թե փաստի առթիվ, այլ բողոքի հիման վրա: Թեպետ հիշյալ լուրը տարածող Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը նշել էր, որ լոմով ջարդուխուրդ է արվել Վիտալիկ Մեսրոպյանի դեմքը, և նա փախչելով հազիվ է փրկվել: Եվ վերջապես, ինչպես կարող է լոմով՝ երկաթե ձողով հասցված հարվածը թեթև լինել: Լոմի հարվածից մարդ կարող է մահանալ:
Փաստաբան Հայկ Ալումյանն ընդգծեց, որ նույն Մայիս Խաչատրյանը վերջին տարիներին իրեն հայտնի՝ 104 հոդվածով (սպանություն) դատապարտված միակ անձն է, ով պայմանական վաղաժամկետ ազատվել է բանտից:
Սուրեն Խաչատրյանի եղբորորդին՝ Մայիսը 2004 թ-ին մեղադրվել է իր համաքաղաքացի, 2 անչափահաս երեխաների հայր, 34-ամյա Հովհաննես Բադալյանի դիտավորյալ սպանության մեջ (դանակի 12 հարվածով), որը կատարել է իր մյուս հորեղբորորդի Էյներ Խաչատրյանի հետ: Մայիսը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, սակայն 7 տարի անց՝ 2011 թ-ին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, իսկ Էյները դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման: Սպանության մոտիվը եղել է այն, որ Հովհաննեսը, մթության մեջ չնկատելով շենքի մուտքի մոտ կանգնած Էյներ Խաչատրյանին, կպել է նրա ուսին, ինչից էլ վեճ է սկսվել, երիտասարդը գազանաբար սպանվել է դանակի 12 հարվածով 2004 թ-ի փետրվարի 29-ի գիշերը:
Երբ օրենքն ընտրովի է գործում
Նշենք, որ քրեակատարողական հիմնարկներից պարբերական են դատապարտյալների բողոքները, որոնք պնդում են, որ պայմանական վաղաժամկետ չեն կարողանում ազատվել: «Հետքին» դիմած դատապարտյալ Արամ Գասոյանն, օրինակ, ամուսնացել էր բանտում, կին, երեխա ունի, սպասում են երկրորդ երեխային, հիվանդ մայր ունի: Սակայն Արամն արդեն 7 անգամ մերժում է ստանում ու չի կարողանում ազատ արձակվել: Արամի նման շատերը կան բանտերում, ում նկատմամբ համառորեն ու անհասկանալի կերպով չի կիրառվում պայմանական ազատումը:
Հատկապես 104 հոդվածով մենք չենք կարողանում պարզել, թե տարեկան միջին վիճակագրությամբ քանի դատապարտյալ է պայմանական ազատվում: ՔԿՎ-ն պատասխանում է, որ նման վիճակագրություն չեն վարում: Փաստաբանները, իրավապաշտպանները գտնում են, որ նման վիճակագրություն, թերևս, գոյություն էլ չունի: Եվ ստացվում է, որ միայն այն դեպքում, երբ սպանության ու մի շարք այլ հոդվածներով դատապարտվածը հովանավորյալ է, կարող է բանտից պայմանական ազատվել:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել