Մեքենաների բախումը երթևեկելի գոտում է եղել. միջազգային փորձագետի եզրակացությունը
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ցույց է տալիս անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ BMW ավտոմեքենայի անվադողերի հետքերը: «Այդ հետքերը պարզ երևում են լրատվամիջոցներում դեպքից հետո հայտնված լուսանկարներում, սակայն, նախաքննական մարմինը, չգիտես ինչու, 4 ամիս է` չի նկատել ու չի արձանագրել դրանք: Եվ եթե չլինեին Գագիկ Շամշյանի արած լուսանկարները, հնարավոր չէր լինի քննիչի կատարած անորակ լուսանկարներով 3D մոդելավորումը ստանալ»,- ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպանը` նշելով, որ միայն շատ ու որակյալ լուսանկարների առկայության դեպքում կարելի է այսօր զարգացած գիտությամբ 3D մոդելավորմամբ վերականգնել վթարների, դժբախտ այլ պատահարների, դեպքերի պատկերները` բացառելով մարդկային սուբյեկտի գործոնը:
Այս գործով նման մոդելավորում է կատարել Սլովակիայի Հանրապետության դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրեն, վթարների հետազոտությունների և վերլուծությունների ասոցիացիայի փոխնախագահ պրոֆեսոր Գուստավ Կասանիցկին, ով Skype-ով ներկայացրեց իր աշխատանքը: Պրոֆեսորը նկատեց, որ Հայաստանի ոստիկանությունը դեպքի վայրում ճիշտ չի աշխատել: Նա արձանագրեց, որ նմանատիպ դեպքերում պետք է տեղանքի ամեն անկյունը լուսանկարել, ամեն դետալ կարևոր է:
Փորձագետը մոդելավորմամբ հստակ պատասխանել է հետևյալ հարցին` որտե՞ղ է տեղի ունեցել դեպքը: Ըստ մոդելավորման` մեքենաների բախումը եղել է ճանապարհի երթևեկելի գոտում և ոչ կողնակում:
Երկրորդ վիճելի հարցը` ի՞նչ վիճակում է եղել «Նիվա» մակնիշի մեքենան բախումից առաջ և բախման պահին: Մոդելավորումը տվել է հետևյալ պատասխանը. «Նիվա» մակնիշի մեքենան հետընթաց կատարելիս է եղել:
Փորձագետի եզրակացությամբ` «Նիվայի» վարորդը մեքենան սխալ է վարել, ինչն էլ հանգեցրել է վթարի:
«Աքիլլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը շեշտեց, որ «Նիվան» չի ունեցել կողային հայելիներ, ուստի իրավունք էլ չուներ այդ աստիճան մգեցնելու կողքերի ու նաև հետևի ապակիները։
«Վթարի նույն հատվածում այսօր էլ բացակայում են ճանապարհային նշանները: Դրանք հոկտեմբերին չկային, բայց դեպքից 5 ամիս է անցել, սակայն ճանապարային նշաններ դարձյալ չկան: Այդ նշանների բացակայությունը վթարին նպաստող հանգամանք է եղել: Սա միանշանակ է»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:
Լուս․` Գարեգին Աղաբեկյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել