
Խոսքի ազատության օրը Գյումրիում․ «Հետքը» եւս մրցանակ է ստացել
Այսօր Գյումրիում 6-րդ անգամ հանդիսավորությամբ նշվեց Խոսքի ազատության օրը: Սա ոչ պաշտոնական տոն է, որ սկզբնավորվել է 2008թ-ի մարտի 25-ին, այն օրը, երբ համաժողովրդական հանգանակության եւ զորակցության շնորհիվ հնարավոր եղավ պաշտպանել տեղական ԳԱԼԱ հեռուստաընկերությունը իշխանությունների աննախադեպ հարձակումից եւ փրկել եթերազրկումից:
Արդեն ավանդույթ դարձած տոնին նվիրված հանդիսությանը մասնակցելու են հրավիրվում բոլոր նրանք, ում համար թանկ է խոսքի, արտահայտման եւ մամուլի ազատությունը: Պարգեւների են արժանանում նրանք, ովքեր իրենց ներուժն են ներդնում Խոսքի ազատության հաղթանակի համար:Այս տարի եւս, տոնակատարության անցկացման կազմակերպչական խորհուրդը՝ ուսումնասիրելով հանրությունից ստացված 29 առաջարկ, որոշել էր պարգեւների արժանացնել անցնող տարում իրենց գործունեությամբ աչքի ընկած մի շարք լրագրողների, հասարակական գործիչների եւ կազմակերպությունների:
Պարգեւատրվեցին․
Շանթ Հարությունյանը` քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումը խիզախորեն արտահայտելու համար, «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը եւ hetq.am-ը` օֆշորային հաշիվների ու հարակից խնդիրների հետաքննության եւ բացահայտումների համար, Արգիշտի Կիվիրյանը` քաղաքացիական դիրքորոշումը հետեւողականորեն արտահայտելու, ֆեյսբուքյան հրապարակումների համար, Լուսինե Հովհաննիսյանը` հրապարակախոսության համար, «Արտ-Լաբորատորիա» (Արտլաբ) ստեղծագործական կազմակերպությունը` Խոսքի եւ արտահայտման ազատության ինքնատիպ եւ յուրահատուկ լուծումների համար, Լեւոն Խեչոյանը (հետմահու)` իսկական մտավորականի դիրքորոշման եւ հրապարակախոսության համար, «Անտարես» հրատարակչությունը եւ Արմեն Մարտիրոսյանը` «Արգելված գրքեր» մատենաշարի եւ Հայաստանում գրքի քարոզի նորարարական մոտեցումների ներդրման համար:
Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն իր ելույթում նշեց, որ տոնը միայն լրատվամիջոցներինն ու լրագրողներինը չէ, միայն այս ոլորտի մարդկանց խրախուսման տոնը չէ:
«Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ պարգեւատրվելու են այն մարդիկ, ովքեր իրենց քաղաքացիական վարկով, դիրքով, իրենց գործունեությամբ էական ավանդ են ունեցել խոսքի եւ արտահայտման ազատության պաշտպանության եւ այդ արժեքները լրջորեն կիրառելու գործում: Շատ մեծ խիզախում է պետք հոսանքին հակառակ գնալու համար: Ես համոզմունք ունեմ, որ դա ավելի շատ գենետիկական է»,-հայտարարեց Լ. Բարսեղյանը։
«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը նշեց, որ կգերադասեր հրաժարվել մրցանակից, եթե այն ինչ որ բանով օգներ Շանթ Հարությունյանին:
«Ճանապարհին մտածում էի` ինչ լավ կլիներ` մրցանակներն այնպիսին լինեին, որ կարողանայինք բոլորս հրաժարվել ի օգուտ Շանթ Հարությունյանի: Ես կարծում եմ` մենք իրավունք չունենք թողնել, որ նա շարունակի մնալ անազատության մեջ: Անում ենք այնպես, ինչպես կարողանում ենք, աշխատում ենք չհայտնվել քաղաքական խաղերի մեջ, չլինել որևէ կլանի մեջ: Համենայնդեպս, կարողացել ենք այս տարիներին մնալ մի կողմ քաշված, չնայած, պարբերաբար, ինչ-որ խաղերի մեջ մեզ ցանկանում են քաշել»:
«Զգացված եմ պարգևի համար: Այս տոնը կապված է խոսքի ազատության հետ, նաև պայքար է քաղաքացիական համերաշխության: Այս երկու կոմպոնենտները շատ կարևոր են ցանկացած երկրի կայացման համար: Այն պետությունը, որտեղ չկա խոսքի ազատություն, ժամանակի ընթացքում վերածվում է բռնապետության, սկսում է դադարել որպես պետություն` քաղաքացիների համար»,- հայտարարեց Արգիշտի Կիվիրյանը։
Վերոհիշյալ անձանց եւ կազմակերպություններին շնորհվեցին գյումրեցի գեղանկարիչ Սամվել Գալստյանի գրաֆիկական աշխատանքները:
Անցյած տարիներին Խոսքի ազատության օրվա հանդիսությունների ժամանակ պարգեւատրվել եւ խրախուսվել են մոտ երկու տասնյակ լրագրողներ, հասարակական գործիչներ ու զանգվածային լրատվամիջոցներ, այդ թվում.
2013թ.- Լրագրող Զարուհի Մեջլումյանը` իրավապաշտպան թեմաները լուսաբանելու համար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` հրապարակախոսության համար, լրագրող Գրիշա Բալասանյանը ` հետաքննական լրագրության համար, PanArmenian.net կայքի Ֆոտո բաժինը` օպերատիվ, որակյալ ֆոտոլրագրության համար, քաղաքացի Լենա Նազարյանը` հասարակական գործունեության համար: Հայկական Կարիտասից հատուկ պարգեւատրվել է www.shirakcentre.org կայքը եւ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն` սոցիալական խնդիրները լուսաբանելու համար, Հայկական Կարիտասից հատուկ պարգեւատրվել է լրագրող Սառա Խոջոյանը` կրոնական խնդիրները լուսաբանելու համար:
2012թ.-Լրագրող Վահան Իշխանյանը (համշենահայության մասին հոդվածաշար), քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանը, լրագրավաճառ Արա Հայրիկյանը, դատավոր Ռուբեն Ափինյանը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (նախագահ`Աշոտ Մելիքյան): 2011թ.-բնապահպան Ինգա Զարաֆյանը (բնապահպանական լրատվություն, www.ecolur.am կայք), լրագրողներ Լարիսա Փարեմուզյանը (www.hetq.am), Անուշ Մարտիրոսյանը եւ Սաթենիկ Կաղզվանցյանը («Ազատություն» ՌԿ).
2011թ.-բնապահպան Ինգա Զարաֆյանը (բնապահպանական լրատվություն, www.ecolur.am կայք), լրագրողներ Լարիսա Փարեմուզյանը (www.hetq.am), Անուշ Մարտիրոսյանը եւ Սաթենիկ Կաղզվանցյանը («Ազատություն» ՌԿ):
2010թ.-լրագրող-հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը («Կանաչը եւ Սեւը» գրքի հեղինակ), լրագրողներ` Ոսկան Սարգսյանը («Քամուտ» ՀԸ, «Տեսանկյուն» թերթ, www.hetq.am) եւ Արմենուհի Վարդանյանը (ԳԱԼԱ ՀԸ), ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, www.7or.am կայքի ծաղրանկարների շարքը, www.lragi.am եւ www.hetq.am կայքերը:
Հայտարարվեց, որ Խոսքի ազատության օրվա հաջորդ հանդիսությունը կկայանա 2015 թվականի մարտի 25-ին` Գյումրիում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել