HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղցկեղով հիվանդների թիվը տարեցտարի ավելանում է

Ալավերդիում և Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի համայնքներում քաղցկեղով հիվանդների թիվը տարեցտարի ավելանում է: Ալավերդու «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ՕՆԿՕ կաբինետում 2013 թ. գրանցվել է 678 քաղցկեղով հիվանդ: 1995 թ.-ի համեմատությամբ քաղցկեղով հիվանդների թիվը և մահացությունը աճել է գրեթե կրկնակի` 1995 թ. գրանցվել է 393 հիվանդ և 71 մահ, 2013-ին` 678 հիվանդ և 145 մահ: 2013 թ. հիվանդներից 120-ը գրանցվել է կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով: Նրանցից 72-ը մահացել է ախտորոշումը հաստատվելուց հետո` մինչև մեկ տարին լրանալը, մահացածներից 46-ը եղել է նախկին տարիների հաշվառվածներից:

Ուռուցքաբանական հիմնարկություններում չհաշվառված հիվանդներից մահացել է 27 մարդ, որոնցից 25-ի ախտորոշումը հաստատվել է հետմահու, այդ թվում` հերձման ընթացքում: Ընդհանուր առմամբ, 2013 թ. տարածաշրջանի համայնքներում քաղցկեղից մահացել է 145 մարդ: Հիշեցնենք, որ 2014 թ. հունվարի 24-ի դրությամբ՝ բժշկական կենտրոնում հաշվառված մնացել է 560 քաղցկեղով հիվանդ: Նրանցից 344-ը կանայք են: Բժշկական կենտրոնի վիճակագրությունը փաստում է, որ քաղցկեղը տարածված է քաղաքային համայնքներում, որտեղ գործում են լեռնամետալուրգիական և հանքարդյունաբերական ձեռնարկություններ:

Հիվանդներից 218-ը 27 գյուղական համայնքների, իսկ 460-ը՝ Ալավերդու, Ախթալայի, Շամլուղ և Թումանյան համայնքների բնակիչներ են: Քաղցկեղը մեծ տարածում ունի հատկապես կանանց մոտ: Ներկայումս հաշվառված է կրծքագեղձի քաղցկեղով 128, արգանդի վզիկի` 54, արգանդի մարմնի քաղցկեղով` 27 կին:

Բժշկական կենտրոնի ուռուցքաբան Հարություն Միքայելյանը դժգոհում է համայնքների ընտանեկան բժիշկներից` քաղցկեղով հիվանդներին ժամանակին չհայտնաբերելու համար:

Հիշեցնենք, որ «Հետքը» 2013 թ. հոկտեմբերի 12-ին հրապարակված «Քաղցկեղով հիվանդների համար դեղորայք ձեռք բերելու նպատակով երկար ճանապարհ պետք է գնալ» հոդվածով ահազանգել է Թումանյանի տարածաշրջանի քաղցկեղով հիվանդների համար հոգեմետ դեղեր ձեռք բերելու դժվարությունների մասին:

Չնայած ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի` «Հետքին» տված հավաստիացումներին, դեռևս չի լուծվել Ալավերդիում հիվանդներին կենտրոնացված ձեւով հոգեմետ դեղերով ապահովելու խնդիրը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter