
Հայաստանից նաև զենք է արտահանվում
Հայաստանից 2013 թ. արտահանվել է 128 հազ. դոլարի զենք, ներմուծվել՝ 1.38 մլն դոլարի: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Այս թվերը չեն ներառում ռազմական կարիքների համար կիրառվող զենքի տեսակները: Նշենք, որ նախորդ տարվա համեմատ զենքի ներկրումն ու արտահանումը զգալի անկում են ապրել:
Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների՝ Հայաստանում մոտ 16 կազմակերպություն զենքի առևտուր անելու թույլտվություն ունի: Այդ կազմակերպություններից խոշորագույններն են՝ «Զենքերի աշխարհ», «Որսորդ», «Բուրաստան», «Նագան», «Ասպար»:
«Զենքի մասին» օրենքի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները ՀՀ տարածքում կարող են քաղաքացիական զենք ձեռք բերել ՀՀ ոստիկանության տված թույլտվություններով` օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների միջնորդության հիման վրա՝ պայմանով, որ զենքը ձեռք բերելու օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, այն դուրս տարվի հանրապետությունից: Ըստ երևույթին՝ Հայաստանից արտահանված զենքի մի մասն այդ ճանապարհով է եղել: Սակայն օտարերկրյա քաղաքացիներին թույլատրված է որսորդական կամ սպորտային զենք բերել իրենց հետ, եթե ունեն համապատասխան հրավեր:
Հայաստանից զենք արտահանվել է դեպի Բելառուս, Ուկրաինա, Ռուսաստան, Իրան, Վրաստան: Ընդ որում՝ արտահանման ծավալով առաջին տեղում Իրանն է, ուր արտահանվել են մոտ 46 հազ. դոլարի հրազենային զենքեր: Դրան հետևում է Ռուսաստանը՝ 40 հազ. դոլար, սակայն այն ներառում է նաև քաղաքացիական զենքի տեսակներ՝ սպորտային ու որսորդական հրացաններ ու ատրճանակներ: Վրաստան արտահանվածը եղել է հրազեն՝ 34.4 հազ. դոլարի: Ուկրաինան ստացել է 3 հազ. դոլարի հրացան կամ ատրճանակ:
Հայաստանին զենքի խոշորագույն մաատակարարը Ռուսաստանն է. այդ երկրին բաժին է ընկնում Հայաստան ներկրվող զենքի մոտ 30 %-ը: Ընդ որում՝ Հայաստանն առավելապես ներկրել է հրազեն կամ փամփուշտներ: Սակայն մեծ քանակությամբ զենք ներկրում ենք նաև եվրոպական երկրներից, որում առաջնությունը պատկանում է Իտալիային՝ 126 հազ. դոլար: Մեծ տեսակարար կշիռ ունեն նաև Ֆինլանդիայից, Չեխիայից ու Գերմանիայից ներկրվող զենքերը:
Ըստ ոստիկանության տվյալների՝ Հայաստանում մոտ 26-37 հազ. մարդ զենք ունի: Ցանկացած քաղաքացի 18 տարեկանը լրանալուց հետո իրավունք ունի քաղաքացիական զենք ձեռք բերել, բայց ոչ մարտական կամ ծառայողական: Քաղաքացիական զենքը լինում է ինքնապաշտպանական, որսորդական կամ սպորտային: Ծառայողական զենքը նախատեսված է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց օգտագործման համար: Մարտական զենք կարող են օգտագործել միայն պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության ստորաբաժանումները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել