HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Առաքելյան

Գերմանիայում Մեծ եղեռնին նվիրված ներկայացումը` ոստիկանական ուժերի պաշտպանության ներքո

Գայանե Առաքելյան

Գերմանիայի Կոնստանց քաղաքի պետական թատրոնում օրերս կայացել է Էդգար Հիլզենրատի «Հեքիաթ մահից առաջ» վեպի հիման վրա ստեղծված ներկայացումը: Վերջինս 1915-ի հայերի ցեղասպանության մասին է պատմում: Թուրք ծայրահեղականները պրեմիերայի նախօրեին թատրոնից զայրույթով պահանջել են չեղյալ հայտարարել այն` պատճառաբանելով, որ իրենց պատմության մեջ նման դեպքեր տեղի չեն ունեցել: Բացի այդ, Կարլսրուե քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը խնդրել է ամեն ներկայացումից առաջ հանդիսատեսին տեղեկացնել, որ այդ տարիների իրադարձությունները տարբեր կերպ են մեկնաբանվում:

Գերմանիայի կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) անդամ Սամվել Լուլուկյանի հաղորդմամբ, առաջին ցուցադրության օրը  թատրոնի առջև թուրք ազգայնականները փողոցում ցույց են անցկացրել, որին մասնակցել է շուրջ հարյուր մարդ: Ցուցարարների դժգոհության հիմնական պատճառը եղել է ներկայացման պաստառը, որում պատկերված է անծանոթ մարդ՝ ծածկված սպիտակ սավանով (Հրանդ Դինք), իսկ վերևում` թուրքական դրոշը: Տեքստում մեջբերված է Ռ. Էրդողանի խոսքը. «Մեր պատմության մեջ ցեղասպանություն չի եղել»:

Շաբաթվա ընթացքում թատրոնը բազմաթիվ նամակներ է ստացել։ Ինչպես վստահեցնում է թատրոնի գլխավոր բեմադրիչ Թոմաս Շպիկերմանը` ամենատարբեր տոնայնությամբ։

«Առաջին անգամ մենք թատրոնում պրեմիերա ենք անելու ոստիկանական ուժերի պաշտպանության ներքո։ Հավատացեք, սա տարօրինակ զգացում է՝ հնարավոր չէ գուշակել, թե ինչ տեղի կունենա»,- ասել է Թ. Շպիկերմանը։ Թատրոնի վրա անգամ ճնշում է գործադրվել՝ ներկայացումը խաղացանկից հանելու պահանջով։

«Թուրք ծայրահեղականները միշտ են իրենց անճոռնի կերպարը ցույց տալիս, երբ բանը վերաբերվում է հայոց եղեռնին»,- ասում է ԳԿԽ նախագահ Նազարեթ Աղեգույանը:

Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի հայկական համայնքն իր դժգոհությունն է հայտնել բողոցի ցույցի կապակցությամբ. «Այն, որ Թուրքիան մինչեւ հիմա ժխտում է ցեղասպանության փաստը, վկայում է անտեղյակության մասին: Եթե այն նույնիսկ Գերմանիայում է պահանջում խեղաթյուրել պատմությունը, դա արդեն խելագարություն է: Մենք հետեւում ենք այստեղ պատմական ճշմարտության ու արվեստի ազատության դեմ մղվող անմիտ պայքարին»:

Ինչպես հաղորդում է ԳԿԽ խորհրդի անդամ Ս. Լուլուկյանը, ներկայացումը կայացել է, սակայն թատրոնի պաստառը հանվել է: Թատրոնի տնօրեն Քրիստոֆ Նիքսը պարզաբանել է ՝ «թուրքական համայնքի հանդեպ հարգանքից ելնելով»:

Ս. Լուլուկյանը հայտնեց, որ իրենք շարունակելու են պայքարել թուրք ազգայնականների դեմ, քանի որ նրանք փորձում են խառնվել հայ-գերմանական հարաբերությունների մեջ և ապակայունացնել Գերմանիայի ներքին քաղաքական իրավիճակը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter