
Սերոբ Տեր-Պողոսյանն անչափահաս տարիքում մանկապղծության զոհ չի եղել
Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց մանկապղծության մեջ մեղադրվող, Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, ԱՄՆ-ի քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: Ամբաստանյալին հարցեր պետք է ուղղեին նրա պաշտպանները, սակայն վերջիններս դա անելուց հրաժարվել են:
Ամբաստանյալին հարցաքննել է մեղադրող Արամ Ամիրզադյանը: «Մանրամասն հարցաքննում եմ»,- ասաց մեղադրող-դատախազը:
Նախաքննության ժամանակ Սերոբ Տեր-Պողոսյանը ցուցմունք չի տվել, իսկ դատաքննության ընթացքում տվել է բավականին ծավալուն ցուցմունք: Նա նշել է, որ զղջում է կատարվածի համար: «Սակայն իրեն մեղավոր չի ճանաչում այն հոդվածներով, որով մենք մեղադրանք ենք առաջադրել»,- ասաց Արամ Ամիրզադյանը:
Դատական նիստի ընթացքում իր հարցադրումներով մեղադրողը փորձել է ճշտել Տեր-Պողոսյանի հարաբերությունները կանանց հետ: Սակայն դատախազը նպատակահարմար չգտավ լրագրողներին հայտնել ամբաստանյալի պատասխանները, թեև հավելեց որ խոսքը Տեր-Պողոսյանի կանանց հետ ունեցած նորմալ հարաբերությունների մասին էր:
Մեղադրողն իր հարցերով պարզել է նաև, որ ամբաստանյալն անչափահաս տարիքում մանկապղծության զոհ չի եղել: «Հետքի» հարցին, թե Տեր-Պողոսյանն ինչով է բացատրում այդքան շատ զուգընկերներ ունենալու հանգամանքը, Արամ Ամիրզադյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում հրապարակել դռնփակ դատական նիստի գաղտնիքները, բայց ես կարող եմ ասել, որ դա, ըստ Տեր-Պողոսյանի բացատրության, պայմանավորված է իբրև փոխադարձ ցանկությամբ` նաև անչափահասների ցանկությամբ»:
Ֆիզիոլոգիական տեսակետից դատարանը հնարավոր համարո՞ւմ է 12-13 տարեկան տղաների մոտ նման ցանկության առկայությունը: Հարցին ի պատասխան մեղադրողը նշեց, որ իր մոտ էլ է առաջացել նման հարց եւ այն ուղղել է Տեր-Պողոսյանին: «Ես իրեն հարցրել եմ, թե ինչ կապ կարող է ունենալ 70 տարեկան տղամարդը 12,14 կամ 16 տարեկան նույն սեռի ներկայացուցիչի հետ»,- ասաց Արամ Ամիրզադյանը՝ խնդրելով ամբաստանյալի պատասխանը չհրապարակել:
«Հետքի» մեկ այլ հարցին՝ մեղադրողը հնարավոր համարո՞ւմ է, որ դատաքնության արդյունքներով Սերոբ Տեր-Պողոսյանին նախաքննության ժամանակ առաջադրված հոդվածները փոփոխվեն, Արամ Ամիրզադյանը պատասխանեց. «Ես զարմանում եմ, որ Դուք անընդհատ այդ հարցը տալիս եք: Դրա համար ինչ-որ առիթ ստեղծվե՞լ է… Թույլ տվեք՝ մենք դատաքննությունն անենք, ապացույցները լրիվ համադրենք, ճառն ասենք , ամբողջ դատական նիստերն ավարտենք, եթե դատարանը չապացուցի, որ Սերոբ Տեր-Պողոսյանն անչափահասների նկատմամբ բռնի գործողություններ է կատարել, կարող է հոդվածների մեջ փոփոխություններ լինել: Եթե չի ապացուցվում ինչ-որ բան, էնտեղ կարող է վերաորակավորվի, բայց կոնկրետ այս գործում ես մտավախություն չունեմ»:
Դատախազ Արամ Ամիրզադյանը գտնում է, որ Տեր-Պողոսյանի զբաղեցրած պաշտոնը պետական չէր: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի խորհրդականը լինելուն, Ամիրզադյանն ասում է, որ «դա եղել է այն ժամանակ, երբ Տեր-Պողոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցված չի եղել: Մարդը դեռևս այս պահին էլ համարվում է անմեղ, մինչև չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ»:
Լրագրողների խնդրանքով դատախազը մեկնաբանեց Տեր-Պողոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանի մամուլով արված այն հայտարարություններին, թե դատական վերջին նիստի ընթացքում, ի հեճուկս տարածված լուրերի, Սերոբ Տեր-Պողոսյանը իրեն մեղավոր չի ճանաչել և չի ընդունել մեղադրանքը: Գիվի Հովհաննիսյանը նշել է, որ պաշտպանական կողմի կարծիքով՝ վերաորակված մեղադրանքը (ՀՀ ՔՕ 139 հոդվածի 2-րդ, 3-րդ մասերը), որ նախատեսում է 8-15 տարվա ազատազրկում, ապօրինի է: Իսկ նախնական մեղադրանքով (ՔՕ 141 հոդված), որով սահմանվում է տուգանքից մինչև 2 տարվա ազատազրկում, հնարավոր էր համաներման կիրառում:
«Փաստաբանը հայտարարելիս կամ ճիշտ չի հասկացել, կամ ինքը ցանկացել է այդպես ներկայացնել: Ես անցյալ անգամ էլ Ձեզ ասացի, որ Տեր-Պողոսյանը հերքում է իր արարքները, բայց հիմնականը, որ ինքը սեռական հարաբերություններ է ունեցել տուժողների հետ, նա չի հերքում: Այսօր էլ իմ հարցերից հետո նա չի հերքում: Նա հերքում է, որ անչափահասների նկատմամբ իր կողմից բռնություն է կիրառել: Սա իր համար սկզբունքային նշանակություն ունի, դա է հերքում: Եվ պաշտպան Գիվի Հովհաննիսյանի ասածը, այն որ Տեր-Պողոսյանը չի զղջում և նորմալ է դա համարում, Տեր-Պողոսյանն ամենևին նորմալ չի համարում իր գործողությունները և, ընդհանրապես, նա ներողամտություն էր հայցում ժողովրդից, ներողություն է խնդրում տուժողներից և զղջում է կատարվածի համար: Դա իր բառերն են: Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե նա իր մեղքն ընդունել է, և վերջ»,- ասաց մեղադրողը:
Լրագրողների հարցին, թե, այնուամենայնիվ, դատարանում Տեր-Պողոսյանի կողմից տուժողների նկատմամբ բռնության կիրառելու փաստը չհիմնավորվելու դեպքում մեղադրողը հնարավոր համարո՞ւմ է առաջադրված հոդվածների փոփոխություն, Ամիրզադյանը պատասխանեց. «Ես դեռևս չեմ զգացել մի պահ, որ կասկած առաջացներ այդ ապացույցների վրա, այսինքն՝ դատարանում չկան հակառակը բերված ապացույցներ: Ես կարծում եմ, որ դա բավականին հիմնավոր է»:
Արամ Ամիրզադյանի հետ զրույցից պարզվեց նաեւ, որ նա բացասական է վերաբերում Ռուսաստանի Դումայի վերջերս ընդունած՝ պեդոֆիլներին քիմիական ամորձատման ենթարկելու մասին որոշմանը. «Ես սա որպես ՀՀ քաղաքացի չեմ ասում, և որպես իրավաբան չեմ ասում, ես որպես մարդ գնահատում եմ, որ կարելի է ավելի խիստ պատիժներ նախատեսել, ոչ միայն այդպիսի: Կարող էին նախատեսել, որ նրա տեղաշարժը պահվի հսկողության տակ: Բայց տվյալ դեպքում ես չեմ կարծում, որ հիմա այս դեպքը կարող է օրենսդրական փոփոխությունների հանգեցնել, և չեմ կարծում, որ քիմիական կաստրացիան կիրառելի է ընդհանրապես ՀՀ-ում: Հետագայում կարող է օրենսդրության զարգացումներն այնպես լինեն, որ տարբեր ձևերի, տարբեր մեթոդների կիրառում ընտրվի»:
Բոլոր դեպքերում, մեղադրողը գտնում է, որ այսօրվա դրությամբ նախաքննությամբ առաջադրված մեղադրանքից դատաքննությամբ շեղումներ չկան. «Ես կարծում եմ, որ մեղադրանքը հիմնավոր է, և երբ արդարադատություն իրականացնող մարմինը` դատարանը, այլ բան կգտնի, այն ժամանակ մենք կխոսենք»:
Ըստ դատախազի՝ դատաքննությունը դեռևս ընթացքի մեջ է և դեռ կարող են լրացուցիչ հարցեր ծագել: Հաջորդ դատական նիստ տեղի կունենա հոկտեմբերի 19-ին: Մեղադրողը կշարունակի Սերոբ Տեր-Պողոսյանին հարցաքննել:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել