Ջոնի Միտչել կամ «Հանգամանքների բերումով՝ ձախողված նկարիչը»
Նաիրա Հայրապետյան
“Blue” ալբոմում մեկ-երկու ոչ մաքուր վոկալային պահեր կան,- իր հարցազրույցներից մեկում պատմում է Ջոնի Միտչելը. «Իմ կյանքի այդ փուլում ես չունեի մեկին, ում կարողանայի այս հարցում ապավինել: Ես ինձ զգում էի ինչպես ծխախոտի տուփին հագցրած ցելոֆանե կազմ, կարծես թե աշխարհից բացարձակապես որևէ գաղտնիք չունեի և պատկերացնել անգամ չէի կարող, որ կարող եմ ուժեղ կամ երջանիկ ինձ համարել, սակայն առավելությունը հենց նրանում է, որ այստեղ՝ երաժշտության մեջ, չկար հենց այդ ապավենը»:
Իրար հետևից թախծոտ և ափսոսանքի զգացումով լի երգեր. սա հնարավոր է դառնար վերջնական անկման ալբոմ: Սակայն շշնջացող մինիմալիզմն այստեղ Միտչելի երաժշտական ամենամեծ ձեռքբերումն էր ու հաջողությունը: “California”, “Carey”, “This Flight Tonight” երգերը մեծ ճանապարհ հարթեցին ալբոմի կյանքում: 1971թ-ին թողարկված “Blue”-ն կրում էր ջազի ազդեցությունը` հատկապես Մայլս Դևիսից: Այն մեծ գնահատականների արժանացավ և՛ քննադատների , և՛ կոմերցիոն առումով: 2000թ-ին «Նյու-Յորք Թայմսը» այն բնորոշեց որպես 20-րդ դարի պոպուլյար երաժտության մեջ տեսակետներ ու համոզմունքներ շրջող, փոխող 25 ալբոմներից մեկը:
Կանադացի երգիչ, երգահան և նկարիչ Ջոնի Միտչելին (Ռոբերտա Ջոան Անդերսոն) 2002թ. «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ բնորոշեցին՝ որպես Ռոքի դարաշրջանի կարևորագույն երգչուհիներից մեկը, երբ “Lifetime Achievement” անվանակարգում մրցանակ ստացավ: “Led Zeppelin” խմբի երկրպագուների շրջանում տարածված է այն կարծիքը, որ հայտնի “Going to California” երգի ստեղծման առիթը Ջ. Միտչելն է, քանի որ խմբի կիթառահար Ջիմմի Փեյջը երկար ժամանակ տարված էր նրանով: Ասում են՝ Փեյջը համերգների ժամանակ հաճախ էր հիշատակում «Ջոնի» անունը երգի հետևյալ տողերից հետո՝
… To find a queen without a king,
They say she plays guitar and cries and sings…
Գաղտնիք չէ, որ իր ստեղծագործական նկարագրով և անհատականությամբ Միտչելը ստիպեց վերանայել կնոջ տեղը երաժշտական ինդուստրիայում: Երգչուհի Մադոննան, ով Միտչելի երկրպագուներից է, խոստովանում է, որ պատանեկության տարիներին նա պարզապես խելքահան էր եղել այդ երաժշտությամբ. «Ես անգիր գիտեի “Court and Spark” երգի ամեն մի բառը, քոլեջի տարիներին ես ուղղակի պաշտում էի նրան, իսկ “Blue”-ն անզուգական էր: Պետք է խոստովանեմ, որ իմ լսած բոլոր երգչուհիներից առանձնանում է նրանով, որ խորապես տպավորել է` լիրիկական առումով»:
Պատանեկության տարիներին Ջոնին մտածում էր, որ իր էությամբ համապատասխանում է պարուհու կամ նկարչուհու տեսակին: Ինքն իր ձեռքով հագուստներ էր նկարում և կարում իր համար, հետո աշխատում էր կանացի հագուստի խանութում, որտեղ սկսեց նաև մոդելավորել զգեստներ՝ պարզ, բայց համարձակ, ինչպես ինքն էր: Նա աչքի էր ընկնում իր ազատ մտածելակերպով և շփվում, ընկերություն էր անում իր հասակակից տղաների հետ՝ հաճախ հայտնվելով աղմկոտ ու չարաճճի պատմությունների մեջ: Նրանք սիրում էին ռոքնռոլ լսել:
«Իմ պատանեկության տարիներին ռադիոյից ռոքնռոլը հնչում էր միայն ժամը 4-ից մինչև 5-ը և շաբաթ օրերին՝ 2 ժամ: Երբ դու չունես սեփական նվագարկիչը , բայց պետք է լսես այդ հնչյունները , փնտրում ես այն տեղը, որտեղ հնարավոր է գտնել այն… AM Café –ն իմ տան կողքին էր, իսկ CM Café –ն քաղաքի հակառակ ծայրում, այնտեղ դու կարող էիր նստել առանձնասենյակում և ծխել: Ինձ արգելված էր այնտեղ գնալ»:
Բայց հենց այս չինական սրճարաններում էր նա լսում ու հայտնաբերում այդ «ուրիշ» երաժշտությունը: Սիրած կատարումները հնչեցնելու վրա էլ ծախսում էր իր հավաքած փողերի մեծ մասը:
Միտչելը նախ սկսեց հանդես գալ կանադական փոքրիկ գիշերային ակումբներում, ապա՝ գումար էր վաստակում փողոցային համերգներից և Տորոնտոյի գինետներում: 1965թ. ուղևորվեց ԱՄՆ՝ Կալիֆոռնիա, որտեղ էլ նրա համերգային հանդիպումները կարծես թե քայլ առ քայլ բացեցին նրա ճանապարհը. Ջոնին սկսեց ճանաչվել ու սպասված երգչուհի դառնալ՝ հատկապես, երբ իր մի քանի հեղինակային երգերը հնչեցին ֆոլք և փոփ ժանրի հայտնի երգիչների կատարմամբ:
1967թ. ամերիկացի երգչուհի Ջուդի Քոլինզի կատարմամբ ձայնագրվեց Միտչելի “Both Sides Now” երգը, որը մեծ հաջողություններ բերեց թե երգին, թե կատարողին: Այն համարվում է Միտչելի երգերի լավագույն քավըրներից մեկը. հեղինակի կատարումը հայտնվեց միայն երկու տարի անց` “Clouds” ալբոմի կազմում: Արդյունքում՝ հաջողության ևս մեկ դուռ բացվեց. պայմանագիր “Reprise Records” ստուդիայի հետ, որը հնարավորություն տվեց Միտչելին 1968թ. ձայնագրել իր դեբյուտային ալբոմը՝ “Song to a Seagull”-ը: Ճանապարհը Ջոնի Միտչելի համար արդեն բաց էր:
Նույն 60-ականներին “Both Sides Now” երգը կատարել են նաև Էն Մյուրեյը, Ֆրենկ Սինատրան, Ջիմի Ռոջերսը, Նանա Մուսխուրին, Նիլ Դայմընդը և այլք:
Նա ոչ միայն հեղինակում, կատարում էր երգերը, այլև անձամբ էր ձևավորում գրեթե բոլոր ալբոմները, քանի որ նկարչական տաղանդ ուներ նաեւ:
«Հանգամանքների բերումով՝ ձախողված նկարիչ»,- այսպես է բնութագրում ինքն իրեն Ջոնի Միտչելը:
Միտչելի աշխարհը ներգործել ու ազդել է ոչ միայն տարբեր ժանրերի և սերունդների երաժիշտների վրա, նա մշտապես վայելել է նաև երաժշտական քննադատների հարգանքը. «20-րդ դարի վերջերի ամենաազդեցիկ երգչուհին և արտիստը»,- ըստ Allmusic –ի , իսկ երաժշտական մամուլի հսկան՝ “Rolling Stone”– ը նրան անվանել է «պատմության մեծագույն երգահաններից մեկը»: Նրա քնարերգությունը առավելապես նշանավորվում է խորը բանաստեղծականությամբ, նրա երգերը անձնական զգացմունքների, սիրո, կարոտի, սպասումի ու երջանկության կողքին միաժամանակ հասցեագրված են ժամանակի խնդիրներին:
Ջոնի Միտչելի երաժշտական աշխարհը ներառում է ժանրային գունապնակ՝ դասականի, ռոքն ռոլի, ջազի, R&B-ի, փոփի և էլեկտրոնային երաժշտությամբ:
Նրա երգերը կատարվել և մինչ օրս շարունակվում են ներկայացվել տարբեր մեկնաբանություններով՝ երաժշտական հին ու նոր սերունդների կողմից՝ Էնդի Ուիլիամս, Ոիլլի Նելսոն, Դոլի Փարթոն, Էննի Լենոքս, Հերբի Հենքըք, Ջեյմս Թեյլոր, Ջենեթ Ջեքսոն, Ջորջ Մայքլ, Լարա Ֆաբիան, «Նազարեթ», Թորի Ամոս, Դայանա Քրոլ, Փրինս և ուրիշներ: Նրանք, բացի cover կատարումներից, առանձին երգերում ևս խոստովանում են միտչելյան արվեստի ազդեցության ու հմայքի մասին: Նրա երաժշտությունը վաղուց վերածվել է ստանդարտի, որով շատերը համեմատվում են, շատերը՝ ձգտում պատճենել կամ, կատարելով այն, փորձում ճանաչման հասնել: Սակայն նրան բնորոշ հնարամտությունն ու մեղեդային հոգին պատմում են այդ երաժշտության պատկանելիության մասին. դա Ջոնի Միտչելի ձեռագիրն է և վերջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել