
Անմեղ մարդը մոտ կես դար պատիժ է կրել բանտում
Օրերս միջազգային բոլոր լրատվամիջոցները լուր տարածեցին ևս մեկ դատական սխալի մասին, որն անմեղ մարդուն արժեցել էր կյանքի 48 տարին: 78-ամյա նախկին բռնցքամարտիկ Իվաո Հակամադան մոտ կես դար՝ 48 տարի անցկացրել է բանտում չկատարած հանցանքի համար: Երկու օր առաջ նա ճանաչվել է անմեղ և ազատություն ստացել՝ ԴՆԹ թեսթի ու իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ՝ քրեական գործի վերաբացման արդյունքում: Այս մասին կարդում եմ «Անմեղության ծրագիր» կազմակերպության բլոգից և “Amnesty International” կազմակերպության կայքից:
Իր անմեղության մասին Իվաոն մշտապես բարձրաձայնել է, պայքարել գործի վերաբացման համար: Անմեղությունն ապացուցելու համար եղբոր հետ պայքարել է ավագ քույրը, բռնցքամարտիկի ընկերները: Պայքարին միացել են նաև իրավապաշտպաններ, փաստաբաններ, ակտիվիստներ, ովքեր տարիներով պնդել են գործերի վերաբացման անհրաժեշտության մասին՝ նշելով որ շատ հաճախ մարդիկ Ճապոնիայում դատապարտվում են խոշտանգումներով կորզված ինքնախոստովանական ցուցմուքներով, առանց նրանց մեղքն ապացուցող բավարար ապացույցների, հաճախ մեկ վկայի ցուցմունքով: Ճակատագրական, հաճախ անդառնալի է լինում հետևանքը, երբ նման կերպ կայացվում են պատժի առավելագույն չափի՝ մահապատժի դատավճիռներ:
2007 թ-ից Իվաոյի անմեղության պայքարին միացել է նաև մահապատժի դատավճիռ կայացրած դատավորներից մեկը, ով հրապարակային ասել է, որ անգամ դատավճռի կայացման ժամանակ փորձել է մյուս երկու դատավորներին համոզել, որ Իվաոյի մեղքը հիմնավորող ընդամենը մեկ ապացույց կա, իսկ դա սարսափելի քիչ է մարդուն մահապատժի դատավճիռ տալու համար: Դատավորը նաև հրապարակային ներողություն է խնդրել առանց բավարար ապացույցների մարդուն մահապատժի դատապարտելու համար:
2011 թ-ին Հակամադան գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես մահապատժականների խցում ամենաերկար ժամանակն անցկացրած դատապարտյալ:
Ամեն ինչ սկսվել է այն օրից, երբ Ճապոնիայի քաղաքացի 30-ամյա Իվաո Հակամադան 1960-ականներին աշխատել է փոքր գործարանում, որի սեփականատիրոջ ընտանիքը՝ ամուսիններն ու երկու երեխաները հայտնաբերվել են սպանված իրենց իսկ բնակարանում 1966 թ-ին: Անմիջապես գործարանի աշխատակիցներին տարել են ոստիկանություն, այդ թվում՝30-ամյա Հակամադային: Վերջինն ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել խոշտանգումներից հետո: Նրան ծեծել են փայտերով, հարցաքննել 20 օր՝ 240 ժամ, թույլ չեն տվել քնել, գնալ բնական կարիքները հոգալու: Հակամադան դատարանում հրաժարվել է ինքնախոստովանական ցուցմունքից՝ պնդելով, որ դա բռնություններով են կորզվել իրենից, որ ինքն անմեղ է: 1968 թ-ին նա դատապարտվել է մահապատժի՝ մեղադրելով 4 մարդու սպանության մեջ: 1980 թ-ին Ճապոնիայի Գերագույն դատարանը անփոփոխ է թողել մահվան դատավճիռը, որի հիմքում Իվաոյի ինքնախոստովանական ցուցմունքն է ու իրեղեն ապացույց ճանաչված արյունոտ հագուստը, որը գտնվել է սպանության վայրում: Հագուստի վրա հայտնաբերված արյան խումբը, ըստ փորձաքննության արդյունքների, համընկել է Հակամադայի արյան խմբին: Սակայն ինչպես 48 տարի անց կատարված ԴՆԹ թեսթի արդյունքներն են ցույց տվել, ճապոնական արդարադատությունը սխալվել է:
“Amnesty International” միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ռոզաննա Ռայֆը նշել է. «Ճապոնիայի իշխանությունները պետք է ամաչեն, թե ինչպես են վարվել Հակամադայի հետ. քննություն խոշտանգումներով, մահապատժի դատավճիռ՝ առանց հիմնավոր ապացույցների: Տասնյակ տարիներ մահապարտների խցում նա սպասել է մահվան՝ մտածելով, որ անցկացրած ամեն ժամը կարող է վերջինը լինել»:
Արդեն վերջին տարիներին Հակամադայի գրած նամակները կարդալով՝ քույրը նկատել է, որ դատապարտյալ եղբայրը տառապում է հոգեկան խնդիրներով: Երբ 78-ամյա ծերուկին քույրը հայտնել է ազատություն վերադառնալու մասին լուրը՝ Իվաոն ասել է. «Դու խաբում ես ինձ…ես արդեն սպառված եմ»: Իսկ ազատության առաջին պահերին 48 տարի բանտում անցկացրած Իվաոյի սիրտը գարեջուր ու թխվածք է ուզել:
Լուսանկարները՝ «Անմեղության ծրագիր» կազմակերպատթյան բլոգից
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել