
Աշխարհն ականատես կլինի Կառլսեն-Անանդ ռեւանշին
Խանտի-Մանսիյսկում տեղի ունեցավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 13-րդ տուրը, որը ի հայտ բերեց հաղթողին: Ոչ-ոքի ավարտվեցին Կարյակին-Անանդ, Սվիդլեր-Մամեդյարով պարտիաները: Կրամնիկը սպիտակներով հաղթեց Տոպալովին, իսկ Անդրեյկինը` Արոնյանին: Հայ գրոսմայստերի պարտությունը Անանդի առաջ կանաչ լույս վառեց, եւ վերջինս, անկախ վերջին տուրի արդյունքներից, նվաճեց հաղթողի կոչումը, քանի որ մոտակա մրցակիցներից առաջ անցավ 1,5 միավորով:
Արոնյանի անհաջող ելույթները երկրորդ շրջափուլում հերթական անգամ ապացուցում են հայ շախմատիստի դեռեւս անկայունությունը, որն ի հայտ է գալիս պատասխանատու այսպիսի մրցաշարերում: Այնինչ նույն Անանդը փայլեց կայունությամբ եւ չկրեց ոչ մի պարտություն. նա արժանիորեն նվաճեց իրեն գահընկեց արած Կառլսենին մարտահրավեր նետելու իրավունքը:
13-րդ տուրից հետո Անանդ ունի 8 միավոր, Արոնյանի վերջին անհաջողությունը նրան, կարելի է ասել, թանկ արժեցավ, քանի որ Կրամնիկը, Անդրեյկինը, Մամեդյարովը եւ Կարյակինը հավասարվեցին Լեւոնին` ունենալով 6,5 միավոր: Ավելին` լրացուցիչ ցուցանիշներով Կրամնիկն ու Անդրեյկինն առաջ անցան Լեւոնից: Անշուշտ, ցավալի է, քանի որ շատերը հենց Արոնյանին ու նաեւ Կրամնիկին էին համարում հաղթողի գլխավոր ֆավորիտ: Ընդ որում` Լեւոնը մրցաշարի էլո-ֆավորիտն էր:
Վաղը ոչինչ չորոշող վերջին` 14-րդ տուրում կկայանան Արոնյան-Կարյակին, Անանդ-Սվիդլեր, Մամեդյարով-Կրամնիկ, Տոպալով-Անդրեյկին պարտիաները:
Լուսանկարը՝ candidates2014.fide.com-ի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել