
Երբ արժեզրկվում է «ցեղասպանություն» բառը
Այս օրերին ողջ հայությունը աղոթում է Քեսաբի հայերի համար, իսկ սոցիալական ցանցերը լի են քեսաբահայերի օգտին ստորագրահավաքներով: Կարծես` ամեն ինչ նորմալ է, սակայն արդյո՞ք մեր արձագանքը ադեկվատ է:
Սպանվածներ չկան
Բոլոր հավաստի աղբյուրներն ասում են, որ Քեսաբից Լաթակիա է արտագաղթել շուրջ 600 ընտանիք, սակայն զոհեր և վիրավորներ չկան: Այս տեղեկությունները հաստատում են ոչ միայն տեղական հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները, այլև հյուսիս-արևմտյան Սիրիա մեկնած հայրենի Ազգային ժողովի պատվիրակությունը:
Համացանցում տարածվում են նաև տեսանյութեր, որոնցում պատկերված է, թե ինչպես են Սիրիայում ինչ-որ զինված մարդիկ (ենթադրաբար` իսլամիստ ծայրահեղականներ) գնդակահարում ռազմագերիներին… Սակայն տեսանյութը տարածողները ներկայացնում են դա այնպես, կարծես Ալ-Քաիդայի իսլամիստները գնդակահարում են Քեսաբի հայերին:
Նման ապատեղեկատվության տարածումը կարող է ունենալ տարբեր շարժառիթներ: Սակայն ակնհայտ է, որ Քեսաբի վրա հարձակվել էին ոչ թե Ալ-Քաիդայի զինյալները (որոնք ակտիվ են Սիրիայի այլ շրջաններում), այլ թուրքամետ չափավոր իսլամիստ ընդդիմադիրները: Իսկ տեսանյութում գնդակահարվում են ոչ թե խաղաղ բնակչությունը, այլ ռազմագերիներ, որոնք հայերի հետ կապ չունեն:
Որևէ մեկի գնդակահարությունը ողջունելի չէ, բայց պետք չէ այլոց ողբերգությունը սեփական շահերը սպասարկող ապատեղեկատվության համար օգտագործել:
Ցեղասպանությու՞ն
Քեսաբի դեպքերի շուրջ զարգացող ապատեղեկատվությունը չի սահմանափակվում «դաժանորեն սպանվածների» մասին տեսանյութերով, այլև ցեղասպանության մասին հայտարարությամբ:
Ակնհայտ է, որ երբ այս կամ այն քաղաքը հայտնվում է ռազմական գործողությունների կիզակետում, այդ քաղաքի խաղաղ բնակչությունը հետագայում վերադառնալու հույսով տեղափոխվում է այլ տեղեր… Այլ բառերով ասած` դառնում է փախստական:
Ու թեև 600 ընտանիք փախստական դարձնելու մեջ որևէ լավ բան չկա, միևնույնն է, դա որևէ կերպ չի կարող անվանվել ցեղասպանություն:
Դրա օրինակ է, երբ Աղդամի բնակչությունը հայկական զորքերի մոտենալուն պես, թողնելով տները, փախավ: Սակայն որևէ մեկը չասաց, որ դա ցեղասպանություն է, քանի որ որևէ հայ ձեռք չի բարձրացրել անզեն ադրբեջանցու վրա:
Ի վերջո, ցեղասպանություն է այն, ինչ տեղի ունեցավ 100 տարի առաջ, երբ սպանվեց 1,5 միլիոն հայ: Եվ այժմ, 600 ընտանիքների ժամանակավոր փախստական դառնալը համեմատել 1,5 միլիոն հայերի սպանության և ևս այդքանի դեպորտացիայի հետ, մեղմ ասած, անարդար է և անգամ հղի վատ հետևանքներով:
Այսպիսով, եթե մենք ամբողջ աշխարհին ասում ենք, որ Թուրքիան մեզ ենթարկել է ցեղասպանության 100 տարի առաջ և նույնը կրկնում է հիմա, իսկ դրա հետ միասին աշխարհը տեսնում է, որ հիմա սպանվածներ չկան, ապա ոչ պատմաբանները կմտածեն, որ նույնն էլ եղել է 1915-ին… Պարզապես «հայկական հիստերիա է»:
Այդ իսկ պատճառով որևէ դեպքում պետք չէ Քեսաբում առ այսօր տեղի ունեցածը անվանել ցեղասպանություն, քանի որ այդպես արժեզրկվում է այդ բառը` իր հետևից հիմնազերծելով հայոց Մեծ եղեռնի մասին մեր պնդումները:
Հ.Գ. Անշուշտ, այստեղ հարցի տակ չենք դնում թուրքական իշխանությունների հակահայ ծրագրերի առկայությունը: Բայց թե ու՞մ է ձեռք տալիս Քեսապի դեպքերի շուրջ ապատեղեկատվության տարածումն ու ցեղասպանություն բառի արժեզրկումը, դատեք ինքներդ:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել