
Աճուրդի օրը հայտնի է համայնքի ղեկավարին, մեկ էլ`«հաղթողին»
Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի այս տարվա առաջին աճուրդում վաճառքի էր հանվել համայնքապետարանի հաշվեկշում գտնվող 1985թ. արտադրության ՎԱԶ 21063 մակնիշի ավտոմեքենա: Հայտարարության հեղինակը` Հաղթանակի համայնքապետարանը, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի փետրվարի 25-ի համարում հրապարակված հայտարարության մեջ աճուրդի անցկացման հստակ օր չէր նշել, այն թողնելով ընթերցողի երեւակայությանը` «աճուրդը տեղի կունենա սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 30-րդ օրը», «հայտերի ընդունումը դադարում է աճուրդի անցկացման օրվանից 3 օր առաջ»:
Հաղթանակի համայնքապետարանում մեզ հայտնեցին, որ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հայտարարության մեջ աճուրդի անցկացման կոնկրետ օրը չեն նշել, որովհետեւ չգիտեն, թե իրենց հայտարարությունն ուղարկելուց քանի օր հետո այն կհրապարկվի թերթում:
Մենք Հաղթանակ գյուղում էինք մարտի 24-ին եւ ՎԱԶ 21063 մեքենայի աճուրդ-վաճառքի մասին գյուղում եւ համայնքապետարանի ցուցատախտակին հայտարարություններ չկային: Համայնքապետարանում ասացին, թե աճուրդի մասին գյուղում հայտարարել են, բայց հետո հանել են, քանի որ հայտարարությունների ցուցատախտակին այլ հայտարարություններ են փակցվել: Այնուամենայնիվ, համայնքի ղեկավար Վահրամ Շարոյանը նշեց, որ իրենց գյուղում աճուրդների ժամանակ մեծ մրցակցություն չի լինում, իսկ ՎԱԶ 21063 մեքենայի աճուրդին մասնակցելու համար, նրա ասելով, երկու հայտ է ներկայացվել:
Հաղթանակ համայնքի ղեկավարը հայտնեց, թե քանի որ նոր է ընտրվել համայնքապետի պաշտոնում, աճուրդի անցկացման կարգի մասին տեղեկատվությանը լավ չի տիրապետում, այդ պատճառով էլ նման հարցերով զբաղվում է իրենց իրավաբանը: Համայնքապետարանի իրավաբան Վանիկ Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ աճուրդը կանցկացնեն կա’մ մարտի 27-ին, կա’մ 28-ին: Նշենք, որ համաձայն հայտարարության` օրենքով նախատեսված 30 օրյա ժամեկտը լրանում էր մարտի 26-ին, որն աշխատանքային օր էր:
![]() |
![]() |
Համայնքապետարանի իրավաբանի հետ կրկին հանդիպեցինք մարտի 28-ին: Վերջինս նշեց, որ աճուրդն անց է կացվել մարտի 27-ին, եւ կարող է «ընդհանուր տեղեկատվություն տալ» աճուրդների անցկացման կարգի մասին, բայց չի կարող հրապարակել աճուրդի մասնակիցների եւ հաղթողի անունը, քանի որ մարդիկ չեն ուզում, որ իրենց տվյալները հրապարակվեն: Մեր այն դիտարկմանը, թե ինչ գաղտնիք կարող է լինել, երբ փոքր գյուղում բոլորը տեղյակ են լինում նման գործարքների մասին, իրավաբանը պատասխանեց, թե չգիտի պատճառը: Տեղեկացրեց, որ աճուրդի հանված մեքենայի մեկնարկային գինը սահմանվել էր 280 հազար դրամ, աճուրդի ժամանակ կատարվել է երկու քայլ՝ գնի 5%-ի չափով, եւ արդյունքում մեքենան վաճառվել է 308 հազար դրամով:
Անրադառնալով նախորդ տարվա աճուրդներին՝ իրավաբանը հայտնում է, որ դեկտեմբերի 16-ին երկու աճուրդ են ունեցել, երբ վաճառվել են 1100 քմ եւ 570 քմ տարածքով երկու հողամաս: Չնայած 1 քմ-ի արժեքը 144 դրամ է եղել, բայց իրենք 1100 քմ հողակտորի մեկնարկային արժեքը սահմանել են 250 հազար դրամ եւ աճուրդում վաճառել են 275 հազար դրամով, որովհետեւ այդ հողատարածքը ճանապարհի եզրին է, «ավելի լավ տեղ է գտնվում»: Երկրորդ՝ 570 քմ հողատարածքի 1 քմ-ի մեկնարկային գինը 150 հազար դրամ է սահմանվել, իսկ աճուրդում այն վաճառել են 165 հազար դրամով:
Վանիկ Հարությունյանը նշեց, որ կարող է տալ արձանագրությունները աչքի անցկացնելու համար, սակայն դրանց պատճենները տալու իրավասություն չունի:
Անդրադառնալով աճուրդներից ստացված եկամուտների ծախսումներին` համայնքապետ Վ. Շարոյանը նշում է, որ իրենք աշխատում են այդ գումարին «ձեռք չտալ», որպեսզի գյուղում որեւէ պետական կամ մասնավոր ծրագիր իրականացնելու հնարավորության դեպքում կարողանան ներդրում կատարել: Համայնքապետն առաջնային է համարում գյուղի ճանապարհների խճապատումը, գերեզմանոցի ցանկապատումը:
Համայնքապետարանում առավելապես անհանգստացած են համայնքի մշակույթի տան վիճակով: Մշակույթի տունը, որն ավերվել է 1988թ. երկրաշարժի ժամանակ, այժմ վթարային վիճակում է: Մշակույթի տան տարածքը բավականին մեծ է, եւ դրա վերանորոգումը մեծ ծախսերի հետ է կապված: Շենքի առաջին հարկի մի մասը կարողացել են բարեկարգել եւ օգտագործում են որպես հանդիսությունների սրահ:
Շենքի քանդվելու դեպքում այն կարող է վնասել նաեւ հարակից տներին: Չնայած այժմ շենքը չի ծառայում իր նպատակին, բայց այստեղ երկու ընտանիք է բնակություն հաստատել: 1980-ական թվականներին Հաղթանակ գյուղում բնակություն են հաստատել ադրբեջանից բռնագաղթածները, ովքեր սկզբում բնակվել են ժամանակավոր կացարաններում, այնուհետեւ նրանց մի մասն այդպես էլ տուն չի ստացել: Այժմ նրանցից մի քանիսը բնակվում են կիսավեր շենքում: Հաղթանակի համայնքապետն ասում է, որ դա իրենց համար լուրջ խնդիր է, բայց այժմ այլընտրանք առաջարկելու հնարավորություն չունեն:
Լուսանկարում Վահրամ Շարոյանն է։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել