HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Զորականում աճուրդի օրը պարզվում է, որ այն արդեն կայացել է

Տավուշի մարզի Զորական գյուղում նախատեսված աճուրդ-վաճառքի օրվա մասին հայտարարությունը ծանուցում էր, որ բնակավայրի նշանակության 7937 քմ հողատարածքի աճուրդը կայանալու է «հայտարարության հրապարակմանը հաջորդող 30-րդ օրը»: Հայտարարությունը «Հայաստանի հանրապետություն» օրաթերթում հրապարակվել էր 2014թ. փետրվարի 25-ին, հետեւաբար, աճուրդի անցկացման հավանական օրը մարտի 26-ն էր, բայց քանի որ հայտարարության հեղինակաները ձեռնպահ էին մնացել կոնկրետ օր մատնանշելուց, ուստի փորձեցինք այն պարզել Զորականի համայնքապետից: Համայնքապետ Սուրեն Մարտիրոսյանը «Հետքին» հայտնել էր, որ աճուրդը նշանակված է մարտի 31-ին, սակայն այդ օրը համայնքապետարանում մեզ հայտնեցին, որ աճուրդն արդեն տեղի է ունեցել, այն կայացել է մարտի 27-ին:

Համայնքապետի տեղակալ Վանիկ Համբարձումյանը, ով իր ասելով աճուրդավարն է եղել, հրաժարվեց մեզ ծանոթացնել արձանագրությանը: Նա հայտնեց, որ աճուրդի փաստաթղթերը դեռեւս գտնվում են նոտարի մոտ: Վ. Համբարձումյանը տեղեկացրեց, որ աճուրդին մասնակցել է երկու հոգի: Հողամասի մեկնարկային գինը եղել է 115 հազար դրամ, կատարվել է երկու քայլ գնի 5%-ի չափով, որի արդյունքում աճուրդի հանված հողամասը վաճառվել է 126 հազար դրամով:

Մեր այցելության ժամանակ համայնքապետ Սուրեն Մարտիրոսյանը տեղում չէր: Վանիկ Համբարձումյանը հայտնեց, որ համայնքապետը վատառողջ է, եւ նրա փոխարեն ինքը կպատասխանի մեր հարցերին: Մեր այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ հայտարարության մեջ նշված չէր աճուրդի անցկացման կոնկրետ օրը, ինչը շփոթութան տեղիք է տալիս, համայնքապետի տեղակալը պատասխանեց. «Չեմ կարող հիմնավորել, թե ինչու նշված չէր կոնկրետ օրը: Տրամաբանորեն շփոթություն կարող է առաջացնել՝ ինչու կոնկրետ օրը չկա, բայց այդ հողատարածքը, որն աճուրդի էինք հանել, մի մարդու սեփականությանը կից հող է: Այդ տունն իրեն է պատկանում, դրանց կից հողամասը փաստաթղթերով իրենը չէ, բայց տարիներ շարունակ նա է մշակել այդ հողը: Աճուրդի արդյունքում հենց նա է շահել: Բայց տրամաբանական էլ չէր, որ այդ հողատարածքն ուրիշն առներ»:

Նա տեղյակ չէր`գյուղում աճուրդի մասին հայտարարություն տարածել էին, թե` ոչ:  «Թերթում ենք հայտարարություն տվել: Չեմ կարող ասել՝ մեզ մոտ հայտարարություն եղե՞լ է, թե չի եղել, եթե մի աճուրդի մասին զրույց կա, դրա մասին իմանում են ամբողջ գյուղում. քաղաք չի , որ դրա մասին չիմանան: Այդ ինֆորմացիան փակ չի մնում, դրա մասին բոլորը գիտեն` ով է գնում, ինչքանով է գնում: Այստեղ մրցակցությունը քաղաքի նման չէ: Մի մարդու ասես, որ այսպիսի բան կա, արդեն հերիք է, որ բոլորն իմանան դրա մասին, որովհետեւ շատ փոքր գյուղ է»,- ասաց համայնքապետի տեղակալը:

Վանիկ Համբարձումյանի ասելով` գյուղական աճուրդներում մրցակցություն չի կարող լինել: «Չգիտեմ քաղաքում ոնց է, բայց գյուղերում, եթե ես էս մի տարածքն ուզում եմ վերցնեմ, իմանամ, որ աճուրդի ժամանակ մեծ մրցակցություն է լինելու, ես այդ հարցերը կճշտեմ, նոր կմասնակցեմ աճուրդին: Մեկը մեկից կռվով բան չենք վերցնում: Մեզ մոտ ամեն ինչ մարդկայինի վրա է որոշվում, նոր է աճուրդի հանվում: Եթե կռվախնձոր պետք է լինի աճուրդը, դրանից էլ ի՞նչ օգուտ կունենաս: Աճուրդները քիչ են լինում, որովհետեւ գնելու բան չի լինում: Վերջին աճուրդի դեպքում էլ իր տան մոտի հողն էր, էդ պատճառով գնեց, թե չէ չէր գնի»:

Անդրադառնալով համայնքի բյուջեի տնօրինմանը՝ Վ. Համաբարձումյանը նշեց, որ իրենք փորձում են հնարավորինս խնայողաբար օգտագործել համայնքի բյուջեն, թողնում են, որ գումարը կուտակվի պահուստային ֆոնդում: Առաջիկայում մի քանի ծրագրեր պետք է իրականացվեն գյուղում, եւ համայնքապետարանը գումարը խնայում է, որպեսզի կարողանա իր ներդրումն ունենալ ծրագրերի իրականացման ժամանակ:

Վթարային վիճակում է գտնվում գյուղի մանկապարտեզը, որի պատճառով երեխաները չեն կարողանում մանկապարտեզ հաճախել: Գյուղը նաեւ ոռոգման եւ խմելու ջրի խնդիր ունի. գյուղի թաղամասերում գործում են մի քանի ծորակներ, եւ բնակիչներն այդտեղից են ջուրը վերցնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter