
«Սա գնահատում եմ քաղաքական հաշվեհարդար Տիգրան Պետրոսյանի նկատմամբ»
Լրագրող, Շանթ Հարությունյանի գործով 14 ձերբակալվածներից Տիգրան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նրա շահերի պաշտպան Արա Զաքարյանը: Նոյեմբերի 5-ից, շուրջ 5 ամիս կալանքի տակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող լրագրողի գործով ողջ նախաքննության ընթացքում քննություն են կատարել ոստիկանին քաշքշելու ու հարվածելու ուղղությամբ: Սակայն նույն ոստիկան Արա Մարտիրոսյանի հետ 5 ամսվա ընթացքում 15 ժամ տևողությամբ առերեսում են կազմակերպել: Ոստիկանը պնդել է, որ Տիգրանը ոչ թե հարվածել, այլ հրել է իրեն:
«Հիմա 316 հոդվածի 1-ին մասը (ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն) փոխելով ու առաջադրելով 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված մեղադրանք` խուլիգանություն, փաստորեն փլվում է կալանքի հիմքը: Սա այն դեպքում, երբ այդ օրը կատարված տեսանյութերից պարզ երևում է, որ Տիգրանը բաժանողի դերում է: Նախաքննական մարմնին դիմել ենք, որպեսզի պարզաբանի, թե ինչ խուլիգանական գործողություններ է կատարել իմ պաշտպանյալը: Սա գնահատում եմ որպես քաղաքական հաշվեհարդար Տիգրան Պետրոսյանի նկատմամբ»,- նշեց Արա Զաքարյանը:
Փաստաբանը նաև դիմել է դատարան` խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ «Հետքն» անդրադարձել է Տիգրան Պետրոսյանի ձերբակալությանը` նշելով, որ նրա խնամքին է գտնվում հիվանդ, 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ու ինքնուրույն տղաշարժվելու խնդիր ունեցող հայրը: Փաստաբան Արա Զաքարյանի փոխանցմամբ, ընտանեկան այս վիճակի մասին հայտնել է նաև դատարանում կալանքի միջնորդության հարցը քննարկելիս: Սակայն դատարանն անտեսել է այս հանգամանքն ու կիրառել կալանք, ավելին`2 անգամ երկարացրել այն:
Լուսանկարում` Տիգրան Պետրոսյանը
Մեկնաբանել